Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում հայ ժողովրդի վրա. Վարդանյան
Ներքաղաքական«Մի՛ ծիծաղեք թշնամու վրա։ Ծիծաղի առարկա մի՛ դարձրեք այն, ինչ Նիկոլը արել ու անում է, իսկ դուք պարում եք նրա նվագած երաժշտության ներքո։ Շատերը Նիկոլի ու իր խունտայի արածը լուրջ չեն ընդունում եւ դրանով թուլացնում են ժողովրդի զգոնությունը, իսկ ես լուրջ եմ ընդունում, անգամ երբ Նիկոլը, կամ իր խունտայի որեւէ անդամ ինչ որ իբր «տգետ», կամ այլ հայտարարություն են անում։ Ես իրենց լուրջ եմ ընդունում, անգամ նրանցից մի քանիսի խեղկատակությունները, որովհետեւ շատերը 2018 թ.-ից լուրջ չէին ընդունում այն փաստը, որ սրանք եկել են Արցախը հանձնելու եւ ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, որ ՝ «ով Արցախը հանձնի` հողին կհանձնենք», բայց արի ու տես հազարավոր հայորդիների կյանքի գնով Արցախը հանձնեցին, բայց դեռ նստած են իրենց աթոռներին, իսկ հիմա Տավուշի, Վարդենիսի, Երասխի, Ջերմուկի, Սյունիքի հերթն է։ Սրանցից շատերը սրբություն չունեն եւ անգամ Աստծո դեմ են պատրաստ դուրս գալ, միայն թե իրենց սեւ գործը ավարտին հասցնեն։ Դուք ծիծաղում եք սրանց վրա, մինչդեռ սրանք իրենց սեւ գործն են անում ու ծիծաղում են մեր բոլորի, հայ ժողովրդի վրա: Մի՛ ծիծաղեք թշնամու վրա, որովհետեւ մինչ մենք ծիծաղում ենք, նրանք մտել են ՀՀ պետական եւ սուվերեն տարածք ու մեր հայրենիքը մաս առ մաս լափելով գնում են: Հիշեք, հայե՛ր, երբեմն վտանգի առաջ ծիծաղը թուլացնում է մարդու զգոնությունը եւ հիմա մենք բոլորս ջուր են լցնում թշնամու ջրաղացին», - գրել է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ: