ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«100 օրվա ընթացքում իշխանությունը զարկ տվեց խիստ անբարոյական եւ հակազգային գործընթացների, ինչը մտահոգիչ է»

23.08.2018 19:00
«100 օրվա ընթացքում իշխանությունը զարկ տվեց խիստ անբարոյական եւ հակազգային գործընթացների, ինչը մտահոգիչ է»

Կառավարությունը, ավելի ճիշտ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշեց իր պաշտոնավարման 100 օրը` այն ամփոփելով Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքով: Ըստ էության, Ն. Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ ոչ թե 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքին, այլ մատ թափ տվեց օրենսդիր ու դատական իշխանությունների վրա, այդպես էլ չմատնանշելով որեւէ խոստումնալից թվեր` որպես ամփոփում: Մինչդեռ որոշ պաշտոնական փաստաթղթեր աղաղակում են, որ այս ընթացքում շուրջ 50 հազար մարդ արտագաղթել է: Ամփոփելով նոր կառավարության 100 օրը` «Իրավունքը» զրուցեց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ԱԶԳԱՅԻՆ, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՇԱՏ ԱՐԱԳ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԱՀԱՆՋ Է ԳՆՈՒՄ»

ԱԺ պատգամավորի գնահատմամբ` այս 100 օրը ցույց տվեց, որ որեւէ ասպարեզում դրական փոփոխություն չկա:

– Որեւէ ասպարեզում, տնտեսության որեւէ ճյուղում, որեւէ սոցիալական խավի համար` լինեն գործազուրկներ, թոշակառուներ, հաշմանդամներ, թե աշխատողներ, որոնք ստանում են ցածր աշխատավարձ, որեւէ դրական, անգամ փոքր փոփոխություն չեղավ: Մինչդեռ եղան բացասական փոփոխություներ, քանի որ բոլոր նրանք, ում ես թվարկեցի, այսօր ապրում են ավելի վատ, քանզի առաջին սպառման ապրանքների գները թանկացան: Ընդհուպ առանձին ապրանքատեսակներ թանկացան մինչեւ 45-47 տոկոս: Չկա որեւէ տնտեսական տեսանելի քաղաքականություն, չկա նաեւ արտաքին հստակ քաղաքականություն, չկա Արցախի հարցում որեւէ հստակություն: Փաշինյանի մեկ արտահայտությունը հակասում է հաջորդին եւ այդպես շարունակ: Իսկ դրա փոխարեն, տեսնում ենք, որ հայկական ինքնության պահպանման` ազգային, քրիստոնեական արժեքների շատ արագ եւ կազմակերպված նահանջ է գնում, որը հենց իրականացվում է նոր իշխանությունների կողմից: Այս ամիսներին տեսանք  համասեռամոլների աննախադեպ լկիտության ու ցինիզմի կտրուկ աճ, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ավազակաբարո եւ անպատիժ մնացող գործողություններ, որոնց մասին անգամ մտածելն անհնար էր ընդամենը 4-5 ամիս առաջ: Այս ընթացքում կա աղանդների կտրուկ ակտիվացում, հակաբանակային, հակահայրենասիրական ու պացիֆիստական քարոզչություն, եւ այս ամենը ոչ թե պատահական իրադրություն է, այլ կազմակերպված քաղաքական կուրս է իշխանությունների կողմից: Սա է, այսպես ասած, միակ նորությունը, որ տեսնում ենք` այս իշխանության 100 օրն ամփոփելով: Խիստ մտահոգիչ է, որ այս 100 օրվա ընթացքում իշխանությունը զարկ տվեց ծայրահեղ անբարոյական եւ հակազգային գործընթացների, ինչի ականատեսը եղանք:

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԿՐՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹ»

– Նոր իշխանություններն ի հակադրություն եղած քննադատությունների` մատնացույց են անում, թե ակտիվ պայքար են մղում կոռուպցիայի դեմ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե, կաշառակերը պետք է պատժվի: Մենք տեսնում ենք որոշակի պայքար կոռուպցիայի դեմ, սակայն այդ պայքարը ընտրողական է, կրում է ավելի շատ քաղաքական հետապնդումների, քան իրական պայքարի բնույթ, որովհետեւ շատ անգամ ԱԱԾ-ի մասնակցությամբ դիմակավորված հանդեսներն ավարտվում են ոչ թե կոռուպցիայի դեմ պայքարի դատավճիռներով, այլ` անորոշությամբ: Այդպիսի դատավճիռ պրակտիկապես չկա, այլ նպատակը նախորդ իշխանությունների վերնախավի որոշ ներկայացուցիչներին պարզապես հետապնդելն ու դուրս մղելն է քաղաքական մրցակցության ասպարեզից: Ի վերջո, եթե մենք խոսում ենք կոռուպիցայից, ապա չմոռանանք, որ կոռուպցիայի դեմ պայքար եղել է եւ նախորդ իշխանությունների ժամանակ: Ընդ որում` ոչ պակաս բարձրաստիճան պաշտոնյաներ այն ժամանակ հայտնվում են ոչ միայն ԱԱԾ-ի մեկուսարանում, այլ դատարանում, եւ նրանց տրվել է կոնկրետ պատժամիջոց: Տարբերությունն այդ պայքարի ու այսօրվա միջեւ այն է, որ կա խտրականություն, այսինքն` այդ պայքարը, չգիտես ինչու, մղվում է միայն հին իշխանությունների վառ արտահայտված դեմքերի հանդեպ եւ, այսպես ասած, թատերական էլեմենտներով` վախեցնելու համար ամբողջ ժողովրդին: Մարդիկ, այսօր տեսնելով այդ դիմակավորված ԿԳԲ-ին, գտնվում են ձեւավորվող վախի մթնոլորտում, հատուկ եմ ասում` ԿԳԲ, որպեսզի պարզ լինի, որ մարդիկ ասոցացնում են այսօրվա ԱԱԾ-ն եւ ժամանակի ԿԳԲ-ն, որն էլ ասոցացվում է 1937 թվի ՆԿՎԴ-ի հետ:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՑՐԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՆԵԼՆ Է

– Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, հատկապես, որ Ն. Փաշինյանը որոշել է ձեռնամուխ լինել սահմանադրական փոփոխություններով խորհրդարանը ցրելուն: Կարելի է ասել, որ որոշ ծրագրերի իրականացման համար այսօրվա օրենսդիր մարմինը խանգարում է նրան:

– Կարելի է վստահաբար ասել, որ նշածս հակազգային գործընթացները նոր-նոր միայն թափ են հավաքում, եւ Նիկոլի ցանկությունը` ցրել խորհրդարանը, պայմանավորված է ոչ թե նրանով, որ խորհրդարանն ինչ-ինչ բարեփոխումների հարցերում նրան խանգարել է, այլ որպեսզի ավելի հեշտությամբ անցկացնի հակազգային օրենքներ: Օրինակ, պեդեռաստների ամուսնության մասին օրինագծերը, որոնց մասին նրանք եւ տարբեր սորոսականներ,  այսօր իշխանության մեջ ներթափանցած որոշ անհատներ եւ ուժեր Վենետիկյան հանձնաժողովի հետ միասին պահանջում էին դեռեւս 2015 թվականի Սահմանադրության ընդունելու ժամանակ, ինչի դեմը մենք այն ժամանակ կարողացանք առնել: Նման շատ օրենքներ կլինեն, որոնք այսօր` այո՛, Փաշինյանը չի կարող անցկացնել ԱԺ-ով: Բայց եթե Փաշինյանն առաջարկի օրենք ընդունել, օրինակ, թոշակ, նպաստ բարձրացնելու կամ նոր աշխատատեղեր, նոր ճանապարհներ ստեղծելու մասին, անկասկած այս խորհրդարանը նրան կաջակցի: Ներկայիս խորհրդարանը, ի դեպ, որի ընտրությունը ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանն ընդունել է, եւ նույն այն խորհրդարանը, որի ճնշումների տակ իրեն ընտրեց վարչապետ, թե՛ անցած ամիսների ընթացքում, թե՛ վստահ եմ` ապագայում, որեւէ խոչընդոտ չի կարող լինել իրական տնտեսական բարեփոխումների համար: Սակայն ազգային, ժողովրդավարական արժեքներից նահանջել, Արցախի հարցում հետընթաց, իհարկե, ներկայիս խորհրդարանը թույլ չի տալու եւ հենց դրանով է խանգարում Նիկոլին, որին պետք է խամաճիկային ԱԺ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА