ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Տիրող ներկա մթնոլորտում խոսել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների մասին, անլուրջ է»

23.08.2018 18:57
«Տիրող ներկա մթնոլորտում խոսել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների մասին, անլուրջ է»

Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը` մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ թե խոսում էին այս ընթացքում եղած որեւէ ոլորտում ձեռքբերումների մասին, այլ ավելի շատ սպառնալիքներ էին ապագայի համար: Այդ թվում` Ն. Փաշինյանն ուղիղ ակնարկեց, որ իր թիրախն այժմ երկրի իշխանական երկու կարեւոր թեւերն են` երկրի օրենսդիր եւ դատական մարմինները: Թե ի՞նչ վտանգներով է հղի այս միտումը եւ դրա համատեքստում ինչպիսին կլինեն սեպտեմբերին նախատեսված Երեւանի ավագանու ընտրությունները, «Իրավունքը» պարզեց ԱԺ նախագահ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ տեսակետը:

«ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

– Պարոն Բաբուխանյան, իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ չի պատրաստվում թողնել վարչապետի աթոռը եւ գնալ արտահերթ ընտրությունների, այլ նախատեսում է մնալով պաշտոնին` գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նիկոլը փորձում է դառնալ միանձնյա տերը եւ կարգադրիչը Հայաստանում: Այսօր արդեն իսկ փաստ է, որ իր հետ կոալիցիա կազմած ուժերը` ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, այլեւս մեկուսացված են, անգամ «Ելք»-ի իր գործընկեր երկու կուսակցություններն են հեռացված քաղաքական որոշումներ կայացնելուց: Նա խոստովանեց, որ ուզում է անել սահմանադրական փոփոխություններ մեկ նպատակով` որպեսզի ամեն գնով պահպանի իր իշխանությունը, այսինքն` եթե առաջ ասում էին, թե Նիկոլն այն վարչապետն է, որը ժամանակավոր վերցնում է իշխանությունը, իսկ հետո կորոշի ժողովուրդը, թե ով լինի կամ իբր թե ազատ պայմաններ են ձեւավորում նոր վարչապետ ընտրելու համար, այսօր այլեւս չեն խոսում այդ մասին: Նիկոլը չի էլ թաքցնում, որ իրեն պետք են սահմանադրական փոփոխություններ` իր անձնական իշխանությունը պահելու համար: Ի դեպ, սա այն նույն թեզն էր, որի համար նա քննադատում էր Սերժ Սարգսյանին, թե սահմանադրական փոփոխություն արեց իր իշխանությունը երկարաձգելու համար: Իսկ այսօր արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, որ հանկարծ որեւէ մի այլ մարդ ընտրվի վարչապետ եւ պատրաստ է դրա համար գնալ ամենահակաժողովրդավարական քայլերի: Այդ թվում` նա խոստովանեց, որ նա պատրաստվում է հերթական անգամ զրկել խորհրդարանին սահմանադրական լիազորություններն իրականացնելու հնարավորությունից: Նա մեկ անգամ արդեն խախտեց երկրում սահմանադրական կարգը, երբ մայիսին իրականացրեց հեղաշրջում եւ պատրաստվում է շարունակել սահմանադրական կարգը խախտել, ճնշումներ գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի հանկարծ որեւէ այլ վարչապետ չընտրվի, եւ ինքը չզրկվի իշխանությունից:

– Իսկ ինչպե՞ս է այլեւս խորհրդարանական երկրում շրջանցելու Ազգային ժողովն` իր հետագա ծրագրերն իրականացնելու համար:

– Նա պարզ ասաց, որ հրապարակում հավաքված 20-30 հազար մարդկանցով, որը մեր ժողովրդի ընդամենը մեկ տոկոսն է, պատրաստվում է ճնշում գործադրել իշխանության օրենսդիր թեւի վրա եւ խափանել երկրում սահմանադրական կարգը` գրավելով օրենսդիր իշխանությունը, թե ինչի համար, արդեն ասացի` այս Ազգային ժողովը չի գնա հակազգային եւ հակաքրիստոնեական օրենքների ընդունմանը, չի գնա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով: Դա է պատճառը, որ Նիկոլը վախենում է պահպանել այս խորհրդարանը: Կարծես թե, ոչ ոք չի էլ պատրաստվում իր պաշտոնավարումից մեկ տարի հետո իրեն զրկել իշխանությունից: Համենայնդեպս, խորհրդարանում այդ մեծամասնությունը չկա: Խորհրդարանական ընդդիմությունը` Հանրապետական խմբակցությունը, փոքրամասնություն է, եւ տրամաբանական կլիներ, որ Նիկոլն ունենալով մեծամասնություն խորհրդարանում, շարունակեր իր վարչապետական պաշտոնավարումը, եւ երկիրը նոր ցնցումների չտաներ, որովհետեւ արդեն իսկ այս հեղաշրջման գործընթացը մեծ հարված է հասցրել: Խորհրդարանի ինքնալուծարում, սահմանադրական փոփոխություններ, նոր ընտրություններ. սա նշանակում է, որ երկիրը դոփում է տեղում եւ մի բան էլ նահանջում է, չկա զարգացում: Այս առումով տրամաբանական կլիներ, որ վարչապետը շարունակեր աշխատել, չգնար խորհրդարանի դեմ պայքարի ուղիով, մինչդեռ նրան այդ պայքարը պետք է, որպեսզի նոր Ազգային ժողովն ընդունի հակազգային օրենքներ, որոնք պահանջում են իրենից իր արեւմտյան հովանավորները: Ի դեպ, նոր չէ, որ պահանջում են Հայաստանից, անընդհատ եղել է եւ վերջին տարիներին սաստկացել: Այստեղ է ողջ գաղտնիքը:

«ՍԱ ԴԻԿՏԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՂԻՂ ԵՎ ԱՆԹԱՔՈՒՅՑ ՀԱՅՏ Է»

– Ն. Փաշինյանը հանրահավաքի ժամանակ նաեւ հայտարարեց, որ պատրաստվում է անցումային արդարադատության մարմիններ ստեղծել: Ինչպե՞ս եք վերաբերում այս որոշմանը:

– Ոչ միայն ասաց հեղափոխական դատարանների ստեղծման մասին, այլ ներկայիս դատավորներին ուղղակիորեն սպառնաց ամենակոպիտ եւ անթաքույց ձեւով, որ եթե նրանք կայացնեն այնպիսի վճիռներ, որոնք դուր չգան Նիկոլ Փաշինյանին, ապա ամեն ինչ կարելի է սպասել, անգամ կյանքին սպառնացող վտանգի առաջ են կանգնած: Հասկանալի է, որ սա դիկտատուրայի ուղիղ եւ անթաքույց հայտ է: Բացի նրանից, որ Նիկոլն ուզում է վերցնել եւ իր ստրուկը սարքել խորհրդարանը, նա ուզում է նաեւ իր ստրուկի վերածել Սահմանադրությամբ նախատեսված երրորդ իշխանության ճյուղը` դատական մարմինը: Այդ հեղկոմային դատարանների ստեղծումը հայտնի «տրոյկաներն» են, այսինքն` նա պատրաստվում է միանձնյա նշանակել ե՛ւ կառավարություն, ե՛ւ խորհրդարան, ե՛ւ դատական իշխանություն: Իսկ դրան զուգահեռ ամենաբացահայտ ձեւով սահմանափակել ազգային մեր ինքնությունը, մեր կրոնական զգացմունքները եւ կրճատել ժողովրդավարական ազատությունները: Սա շատ վտանգավոր միտում է, եւ այն կարող է հանգեցնել ազգային ողբերգության:

– Ի վերջո, ո՞րն է նպատակը, երբ երկրի փաստացի ղեկավարը մոտենում է ամբիոնին ու մատ թափ տալիս, այլ ոչ թե խոսում երկրի առաջընթացի հնարավոր տարբերակների մասին:

– Այդ մատ թափ տալն ընդդիմախոսների վրա արվում է մեկ նպատակով` երկիրը տնտեսական որեւէ առաջընթաց չի ունեցել, ունեցել է հետընթաց, եւ սա թաքցնելու, շղարշելու համար արվում են այդպիսի թատերականացված գործողություններ: Նիկոլը հասկանում է, որ այսպիսի տեմպերով նա կորցնում է համակիրներին, եւ եթե անգամ լինեն արտահերթ ընտրություններ, նա այլեւս չի ունենալու հասարակության քիչ թե շատ զգալի հատվածի աջակցությունը: Նրան պետք է մինչ այդ կենտրոնացնել իշխանությունն իր միանձնյա ձեռքերում եւ արդեն տոտալիտար մեթոդներով պահպանել այն: Սա այն վտանգավոր ճանապարհն է, որի վրա կանգնել է Նիկոլ Փաշինյանը, իսկ մեր հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ գործընթացներ են այսօր տեղի ունենում:

«ՍԻՄ-ՈՒՄ ԱՆԳԱՄ ՄՏԱԾՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԻԿԱ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

– Ի դեպ, նոր քաղաքական գործընթացներ ի հայտ եկան, երբ տապալված ասուլիսից հետո` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, ինչն էլ որոշակի լարվածություն ստեղծեց ներքաղաքական դաշտում: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Ռ. Քոչարյանի հայտարարության վերաբերյալ:

– Այսօրվա ներքաղաքական դաշտն ավելի շատ լարվում է ոչ թե Քոչարյանի վերադարձից, այլ` նոր իշխանության կողմից բացահայտ ճնշումներից: ՍԻՄ-ը եւ ես անձամբ Քոչարյանի իշխանության տարիներին եղել ենք նրա շատ խիստ քննադատները, սակայն այսօր մենք պետք է նշենք, որ գործ ունենք մի քաղաքական գործչի հետ, որն, իհարկե, ունի մեծ փորձ, քաղաքական հասունություն եւ հրապարակայնորեն արտահայտած իր մտքերը մեզ մոտ հակադրություն չեն առաջացնում: Եվ Քոչարյանի ասուլիսի տապալումը, սոցցանցերի միջոցով արվող ճնշումները, ԱԱԾ դիմակավորված գործողությունները պատճառ են կարծելու, որ քաղաքական սպառնալիքների, խոսքի ազատության ճնշման եւ տոտալիտարիզմի ժամանակաշրջան է սկսվել:

– Ձեր գնահատմամբ` կարելի՞ է ասել, որ հուլիսի 26-ը բեկումնային էր, եւ եթե չլիներ Քոչարյանի ձերբակալությունը, ապա նա հեշտությամբ չէր վերադառնա քաղաքականություն:

– Մեզանում ընդունված է, որ երբ մեկին ձերբակալում են կամ սկսում են հետապնդել, մարդիկ սկսում են ինչ-որ ձեւով ավելի շատ համակրել այդ անձին: Տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը, երեւի թե, ավելի դյուրացրեց իր քաղաքական վերադարձը: Չեմ ուզում ասել, որ սա Քոչարյանի եւ Նիկոլի պայմանավորվածության արդյունք էր, բայց փաստը մնում է փաստ:

«ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԾԱՅՐԱՀԵՂ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄԻ ԿԵՏԻ»

– Սեպտեմբերի 23-ին կկայանա Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: ԿԸՀ որոշմամբ` ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչեւ օգոստոսի 29-ը: Հետաքրքիր է` ՍԻՄ-ում ինչպիսի՞ դիրքորոշում ունեն այս ընտրությունների հետ կապված:

– Վերջնական որոշում չկա, որոշ ժամանակ առաջ մենք պատրաստվում էինք մասնակցել այդ ընտրություններին, բայց այս նոր դրսեւորումներից հետո հնարավոր է, որ ՍԻՄ-ն այս ընտրություններին չմասնակցի` ազատ ու ժողովրդավարական ընտրություններին անհարիր մթնոլորտի պատճառով: Հասարակությունը հիմա խորապես երկպառակտված է, հակադրությունները հասել են ծայրահեղ վտանգավոր մի կետի, եւ նոր կառավարիչներն իրենց գործողություններով հակադրում են հասարակության տարբեր շերտերը միմյանց դեմ, մեկը մյուսին պարզապես փորձում է ոչնչացնել: Այս իրավիճակում հնարավոր չէ խոսել ազատ ընտրությունների մասին, երբ քաղաքական ընդդիմախոսը չի կարող անգամ մամուլի ասուլիս տալ: Հայաստանում տիրող ներկա մթնոլորտում խոսել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների մասին, պարզապես անլուրջ է: Հետեւաբար, այսպիսի պայմաններում ՍԻՄ-ում անգամ մտածում են առաջիկա ավագանու ընտրությունները բոյկոտելու մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА