ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր տնտեսությունը պետք է ազատվի օլիգոպոլ նկրտումներից»

31.01.2018 18:54 Ասուլիսներ
«Մեր տնտեսությունը պետք է ազատվի օլիգոպոլ նկրտումներից»

«Ազդակ» ակումբում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` «Գնաճի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներն ու այն մեղմելու հնարավոր տարբերակները» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ եւ տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ:

ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՄԱՀ-Ի ԵՎ ՀԲ-Ի ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻՑ

Ըստ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ` իրավիճակն իսկապես անհանգստացնող է. «Գնաճը այն երեւույթն է, որը մշտապես ուղեկցում է ցանկացած տնտեսական զարգացող երկրի: Բայց կարծում եմ` ինքնին այդ գնաճն այնքան սարսափելի չէր լինի, եթե մեր հասարակությունը չունենար շուրջ 50 տոկոս աղքատներ, ծայրահեղ աղքատներ կամ մարդիկ, որոնք գտնվում են ոչ լրիվ բավարարվածության մեջ: Եթե հասարակությունն ունենար ավելի ցածր աղքատության եւ գործազրկության շեմ, բնականաբար, այդ գնաճն այդքան ցավալի չէր լինի եւ այդքան ազդեցություն չէր ունենա մեր հասարակության վրա:

Այստեղ պետք է հասկանանք, թե որտեղից է գալիս խնդիրը: Մեր տնտեսությունը կառուցված է Միջազգային արժութային հիմնադրամի` ՄԱՀ-ի եւ Համաշխարհային բանկի, մեղմ ասած, խորհուրդների, իսկ ավելի ճիշտ` հանձնարարականների հիման վրա: Հետեւաբար, ըստ իս, պետք է հրաժարվենք այդ հանձնարարականներից եւ փոփոխություն կատարենք մեր տնտեսական քաղաքականության մեջ»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ այս հարցում համաձայնեց Հ. Բաբուխանյանի հետ` մասնավորապես նշելով հետեւյալը. «Ունենալով տարբեր հնարավորություններ` ժամանակին հետեւողական կերպով չեն օգտագործվել երկրի առավելություններն ու պոտենցիալը, դրա համար էլ հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ ընդհանուր առմամբ` բնակչության, քաղաքացիների դժգոհությունը պետք է հասկանալ: Մենք, գտնվելով աշխարհաքաղաքական ոչ միարժեք տեղամասում, բազմաթիվ զարգացումների հորձանուտում, անկախ այն հանգամանքից, որ ունենք ազդեցություն այդ ամենի վրա, թե` ոչ, բոլոր պարագաներում ստացվում են օբյեկտիվ դժվարություններ: Սակայն օբյեկտիվ դժվարությունների մեջ են նետվում մոտեցումներ, գնահատականներ, թե միջազգային շուկաները, ֆինանսական ռեսուրսների սղությունը եւ այլն են բերել նման իրավիճակի: Բայց, այդուհանդերձ, պնդում եմ, որ մենք չենք օգտագործել մեր հնարավորությունները, մասնավորապես` քաղաքական առումով»:

Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ էլ նշեց. «Չմոռանանք, որ Հայաստանում կան աշխատող աղքատներ, որոնք, նվազագույն աշխատավարձ ստանալով, ի վիճակի չեն հոգալ գոնե միայն սննդի կարիքները, մինչդեռ սպառողական զամբյուղը տարբեր է, իր մեջ պարունակում է նաեւ կոմունալ ծախսերը եւ այլն: Իսկ ռեսուրսները բնավ սպառված չեն: Սոցիալական արդարության խնդիրն է շատերին ցավ պատճառում, որ ինչու, օրինակ, իրենք ի վիճակի չեն իրենց արդար աշխատանքով հոգալ իրենց կարիքները: Պետք է  կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին թվերը հրապարակային լինեն, եւ մեր երկրում պետք է արմատավորվի հաշվետվողականության ու պատասխանատվության ինստիտուտները»:

«ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂՎԵՆ ԿՐԻՄԻՆԱԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո` ընդամենը ժամերի ընթացքում պարզվեց, որ մի շարք ապրանքների գներ նվազել են: Այս դեպքում,  ինչպե՞ս պետք է պայքարել տեղական գերշահույթ հետապնդողների դեմ, Հ. Բաբուխանյանն ասաց. «Նախեւառաջ մեր տնտեսությունը պետք է ազատվի մի շարք  օլիգոպոլ նկրտումներից: Տնտեսությունից պետք է դուրս մղվեն նաեւ ցանկացած տիպի կրիմինալ հարաբերությունները, որոնք, ցավոք, այս կամ այն ձեւով դեռեւս այդտեղ ներգործություն ունենում են: Այսինքն` մենք պետք է կարողանանք տնտեսությունը դնել զուտ տնտեսական զարգացման եւ պլանավորման սկզբունքների վրա: Ինչ վերաբերում է տարբեր տեսակի գերշահույթներին, ապա դրա համար գոյություն ունի այն հանձնաժողովը, որը պետք է ժամանակին աշխատեր եւ չսպասեր, որ ՀՀ նախագահը կանչեր, հանձնարարական տար, նոր գնար աշխատեր եւ գներն իջեցվեին: Այսինքն` Տնտեսական մրցակցության հանձնաժողովը չկատարեց իր վրա դրված պարտականությունները, ինչից պետք է որոշակի հետեւություններ անել»:

Անդրադառնալով վերոնշյալ հարցին` Վ. Բոստանջյանը նկատեց. «ՀՀ նախագահն էլ ասաց, որ սա, կարծես, տնտեսվարող սուբյեկտների ագահության նշանն է: Հասկանալի է, որ չկանոնակարգվածության պայմաններում յուրաքանչյուր ոք շուտ կամ ուշ, բարձր կամ ցածր կարող է գնաճային ռեժիմներ առաջարկել, որը, բնակաբար, տվյալ երկրի համար դառնում է խոցելի: Դրա համար ամեն պարագայում պետք է ունենալ ծրագիր, պետք է իմանալ ինչի ենք ձգտում: Մասնավորապես` կարիք կա արդյունաբերական զարգացման, որը մենք կենտրոնացված կառավարման տարիների ընթացքում ունեցել ենք: Ո՞ւր է մեր արտադրությունը, մեր արտադրական պոտենցիալ հնարավորությունները»:

Վ. Բոստանջյանի գնահատմամբ` ցանկացած  երկրի հաջողությունն առաջին հերթին պայմանավորված է կառավարման համակարգով` նախ պետական եւ երկրորդ նոր կարող է ածանցյալ դառնալ մասնավորի շահագրգռվածությունը` այն էլ ազատ մրցակցության պայմաններում:

«ԵՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՐԲԵՄՆ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԱՅՆՏԵՂ»

Եզրափակելով թեման` ՍԻՄ կուսակցության նախագահը շեշտեց, որ պետք է վերադառնալ նրան, որ նվազագույն աշխատավարձը չհարկվի` հիշեցնելով, որ այդ հարկումն այնքան չնչին է, որ պետական մակարդակում խնդիր չի լուծում, սակայն խնդիր է լուծում այդ նվազագույն աշխատավարձ ստացողների համար. «Միեւնույն ժամանակ, մեկ այլ խնդրի վրա էի ուզում ուշադրություն դարձնեինք` որոշ քաղաքականացված շրջանակներ անազնվորեն փորձում են այս գնաճը կապել ԵԱՏՄ-ի մեր անդամակցության հետ, քանի որ շուկայի որոշակի պաշտպանության խնդիրներ դրվեցին: Պետք է ասեմ, որ սա զուտ քաղաքականացված մոտեցում է. ԵԱՏՄ-ի շրջանակում շուկայի պաշտպանությունը, որն ընդհանուր ԵԱՏՄ-ի քաղաքականությունն է, կարծում եմ` կարեւոր հանգամանք է ընդհանրապես տնտեսության զարգացման համար: Եվ եթե դրա հաշվին 0,2 կամ 0,1 տոկոս որոշ տեղերում եղան գնային աճեր, դրան զուգահեռ պետք է նշել, թե ինչ տնտեսական օգուտներ ունեցանք ԵԱՏՄ-ից` սկսած նրանից, որ մեր արտահանումը գերազանցեց 2 միլիարդ դոլարի շեմը, որն առաջին անգամ էր, եւ բազմաթիվ անգամներ ավելացավ մեր պատրաստի ապրանքների արտահանումը եւ այլն»:

Համաձայնելով Հ. Բաբուխանյանի հետ` Վ. Բոստանջյանն էլ հավելեց, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները երբեմն մոռանում են, որ մենք էլ ենք գտնվում այնտեղ. «Քաղաքականացնելու փոխարեն, պետք է գնալ եւ աշխատել, մինչդեռ պատճառաբանություններ են փնտրում, թե իբր մենք խոշոր առումով ուժեղ պետք է զարգանայինք, բայց հանգրվանեցինք ԵՏՄ-ում, կորավ մեր զարգացումը: Եվրամիությանն իհարկե ողջունում ենք, բայց բոլոր դեպքերում, ԵՄ-ն հուզված չէ` մեզ նման գործընկեր տեսնելու: Եվ որտե՞ղ է գրված, որ նրանք պետք է իրենց ունեցվածքը մեզ տան ու ասեն` գնացեք, զարգացեք, ապրեք: Ցանկացած զարգացում, խոշոր առումով, ԵԱՏՄ-ում կլինի, թե ԵՄ-ում, պետք է լինի աշխատելով: Վերջապես պետք է ձերբազատվենք այդ հոգեբանությունից, որ հայացքներս ձգում ենք աջ ու ձախ` մտածելով, թե ում հաշվին կարելի է ապրել»:

Իսկ վերջում Թ. Մանասերյանը զգուշացրեց. «Ակնհայտ որոշակի աղբյուրներից ֆինանսավորվողների համար պարարտ հող է ստեղծվում` թունավորելու առանց այն էլ ծանր մթնոլորտը, որտեղ մենք ուզում ենք առողջացման միտում բերել բոլորս` անկախ մեր քաղաքական հայացքներից: Սա ամենավտանգավորն է, եւ պետք է թույլ չտալ, որպեսզի դժվարին պայմանները, որոնք ունեն ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ իրենց հիմքերը, հանկարծ մեզ շեղեն եւ տանեն դեպի սրացում: Սա ուղղակի անթույլատրելի է: Կարծում եմ` բոլորը լուծելի հարցեր են, ու ամենակարեւորը` պետք չէ խուճապի մատնվել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА