ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԵԶ ՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

28.05.2016 19:06 Հրապարակումներ
«ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ  ՄԵԶ ՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

«ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ  ՄԵԶ ՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ» 

«ՄԵՆՔ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ   ՄԵԶ ՕՐԻՆԱԿԱՆՈՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ» 

Մարտի 16-ին լրացավ 1921 թվականին կնքված տխրահռչակ ռուս-թուրքական պայմանագրի 95-ամյակը, որով ձեւախեղվեց Հայաստանի տարածքն ու դրա հաշվին դարձավ քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի եղբայրության եւ բարեկամության առհավատչյան: Ի դեպ, իրականում պայմանագիրը կնքվել է հենց այսօր` մարտի 18-ին, բայց փաստաթղթում արձանագրվել հետին թվով: Վերոնշյալին «Ազդակ»լրագրողական ակումբում անդրադարձան ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ:

«ԺԱՄԱՆԱԿՆ Է` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԻ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՎՐԱ»

Հ. Բաբուխանյանի դիտարկմամբ` պայմանագիրը, որը կնքվել է 95 տարի առաջ, պարտադրված էր Հայաստանի համար. «Այն, ըստ էության, զգալի չափով կրկնում էր մինչ այդ ստորագրած Ալեքսանդրապոլի եւ դրանից հետո ստորագրած Կարսի պայմանագրերը: Եվ, իհարկե, շատ ճակատագրական նշանակություն ունեցավ, որովհետեւ Հայաստանից անջատվեց բացի Կարսից եւ Սուրմալուից, նաեւ Նախիջեւանը, որն անցավ Ադրբեջանին: Փաստորեն, Հայաստանի տարածքների մի մասը տրվեց Ադրբեջանին, մի մասը` Թուրքիային, ու այսօր կրում ենք դրա հետեւանքները»: Պրոֆեսոր Է. Մինասյանն էլ ընդգծեց, որ ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագիրը մեր ժողովրդի կյանքում մեծ նշանակություն ունեցավ. «Բոլշեւիկյան Ռուսաստանը հայ ժողովրդի հաշվին մեծ զիջումներ կատարեց Թուրքիային: Ընդ որում` տվյալ ժամանակաշրջանում 1920 թվականի դեկտեմբերի 2-ի երեւանյան համաձայնագրով Հայաստանը խորհրդայնացվել էր, եւ մեր ժողովուրդը մեծ հույսեր էր կապում խորհրդային Ռուսաստանի հետ, որ մեր տարածքները, որոնք զիջվել էին Ալեքսանդրապոլի պայմանագրով, կվերադարձվեր իր իսկական տերերին: Սակայն, դա ոչ միայն չիրականացավ, այլ ավելի վատթար եղավ: Ու Սուրմալուն, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում, մտավ այդ պետության կազմի մեջ: Հավելեմ նաեւ, որ այդ ժամանակ ո՛չ քեմալական Թուրքիան, ո՛չ էլ բոլշեւիկյան Ռուսաստանը միջազգային ճանաչում չունեին, ինչը նշանակում է, որ պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի կոպիտ խախտումով»:

ՔՐԴԵՐԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՆ Է

ՍԻՄ կուսակցության նախագահը նշեց մի քանի կարեւոր փաստ, որն առկա է շուրջ 9 տասնամյակ անց. «Առաջինը հերթին` մեր ժողովուրդը այս 95 տարիների ընթացքում չի հաշտվել Թուրքիայի կողմից կատարված օկուպացիայի, անեքսիայի հետ: Եվ մենք մշտապես եղել ենք եւ շարունակում ենք մնալ պահանջատեր` այդ տարածքների: ՍԻՄ կուսակցության ծրագրում, որը գրվել է դեռ 1989 թվականին, Մոսկովյան պայմանագրի եւ դրանից բխող Կարսի պայմանագրերի չեղարկման պահանջը դրված է: Կարծում եմ` յուրաքանչյուր հայի սրտում կա այդ պահանջը եւ իղձը, որ օրերից մի օր մենք կկարողանանք վերադարձնել մեզ օրինականորեն պատկանող տարածքները:

Երկրորդ` ուզում եմ փաստել, որ Նախիջեւանը, որն այդ պայմանագրով տրված է եղել Ադրբեջանին` պայմանով, որ այն չի փոխանցվելու երրորդ կողմին` ըստ էության, այսօր փոխանցվել է Թուրքիային: Եվ այսօր Թուրքիան է Նախիջեւանում տերն ու տիրականը: Միաժամանակ պետք է ընդգծեմ, որ Ռուսաստանը, ըստ Մոսկովյան պայմանագրի, նույնպես ունի խնամակալական իրավունքներ Նախիջեւանի նկատմամբ, սակայն նա այսօր դուրս է մղված, ու Նախիջեւանի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրով իրեն տրված իրավունքները կասեցված են: Ուստի` կարծում եմ` ժամանակն է, որ Ռուսաստանը վերականգնի իր իրավունքները Նախիջեւանի վրա, որն ամրագրված էր այդ պայմանագրով»: 

Բաբուխանյանը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե այս օրերին այդ տարածքներում բնակվող  քուրդ բնակչության ապագան ինչպես պետք է դասավորվի, եթե վերականգնվի պատմական արդարությունը. «Այս օրերին քրդերը Թուրքիայի կողմից ենթարկվում ենցեղասպանության: Ինչպես 100 տարի առաջ թուրքական իշխանությունը ցեղասպանության ենթարկեց հայերին, որոնք բնակվում էին իրենց բնօրրանում, այսօր էլ է ցեղասպանություն տեղի ունենում` հենց նույն տարածքներում:  Թուրքիան ամեն առիթ փորձում է օգտագործել, որպեսզի իրականացնի ցեղասպանություն եւ «մարսի» մեր հողերը: Անգամ այս վերջին պայթյունները Թուրքիայում կասկածելի են` դրանք քրդե՞րն են իրականացրել, թե՞ «իսլամական պետությունը»: Բայց, միեւնույնն է, Թուրքիան հարվածը հասցնում է քրդերին ու ոչ միայն իր տարածքում, այլեւ իր տարածքից դուրս` Սիրիայում, Իրաքում»: 

Ելնելով ասվածից` պատգամավորը կոչ է անում. «Քրդերը պետք է հասկանան, որ իրենց միակ փրկությունը այդ տարածքների վերադարձն է Հայաստանի Հանրապետությանը: Եվ դրա շնորհիվ այդ տարածքներում ապրող քուրդ բնակչությունն իհարկե կունենա այն պաշտպանվածությունը, որն ունեն քրդերն այսօր ՀՀ տարածքում: Ինչպես գիտեք, քրդերը, եզդիները եւ այլ փոքրամասնություններ ՀՀ տարածքում ունեն մեծ հնարավորություններ` իրենց ինքնությունը, մշակույթը եւ համայնքային կյանքը ապահովելու եւ զարգացնելու համար: Ուստի` կոչով դիմում եմ այսօր Թուրքիայի կողմից անեքսիայի ենթարկված շրջաններում ապրող քուրդ բնակչությանը, որպեսզի նրանք իրենց ինքնորոշման պայքարը տանեն այն ուղղությամբ, որ դառնան ՀՀ քաղաքացիներ, իսկ այդ տարածքները վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը»:

«ՊԵՏՔ Է ՄԵՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱՆՔ, ՈՐ ՎԱՂԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՌԱԿՏՎԵԼՈՒ Է»

Ամփոփելով թեման` բանախոսները խոսեցին նաեւ վերջին շրջանում Ռուսաստանում Կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորների կողմից բարձրացված հարցի մասին, որով կոչ էր արվում ՌԴ իշխանություններին չեղարկել սույն պայմանագիրը: Սակայն եղավ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը, որով փաստացի հայտարարվեց, որ պահանջը չի բավարարվի այսօր: 

Հ. Բաբուխանյանի կարծիքով` հասկանալի է, որ աշխարհաքաղաքական պահն այնպիսին չէ, որ այսօր Հայաստանը կամ Ռուսաստանը գնան այդ պայմանագրերի չեղարկման ուղիով. «Այն, ինչ մենք երազում ենք, չի կարելի անել ցանկացած պահի: Սակայն, եթե այդ իղձը պահենք մեր սրտում եւ հոգում, ու այդ հարցը լինի մեր պատմաբանների, քաղաքագետների ուսումնասիրության կենտրոնում, այդ պահը կհասունանա, ինչպես հասունացավ զարթոնքի պահը, ու Արցախը ազատագրվեց եւ վերամիավորվեց: Այդ ժամանակ էլ շատ շատերն ընդհանրապես հույս չունեին, որ մի օր կգա այն օրը, երբ Արցախը կլինի վերամիավորված Հայաստանի հետ: Այնպես որ, հավատացած եմ` կգա պահը, այդ պահից, պարզապես, պետք է ճիշտ օգտվել ու պետք է նախապատրաստվենք դրան: Եթե մեր հանրությունը նախապատրաստված չլիներ Արցախյան ազատագրական պայքարին, մենք չէինք կարող օգտվել այն պահից, որը մեզ ընձեռեց պատմությունը: Բայց բոլորս տեսանք, որ եկավ պահը, եւ գտնվեցին տասնյակ հազարավոր հայ կամավորներ, ովքեր անգամ պետության չձեւավորված լինելու պարագայում զենք վերցրին, գտնվեցին հասարակության տարբեր շերտեր, ու յուրաքանչյուրն իր տեսանկյունից օգտակար եղավ ազատագրական պայքարին: Հետեւաբար, կարծում եմ, որ անելիքներ ունենք այս հարցում: Եվ պետք է քրդերի հետ աշխատենք, որպեսզի միասնական լինեն մեզ հետ այս հարցում ու իրենց ինքնորոշման հարցն իրագործեն` ՀՀ տարածքի մեջ մտնելու պահանջ դնելով»:

Համակարծիք էր նաեւ պատմաբան Է. Մինասյանը, ով եզրափակելով հարցի քննարկումը` ասաց. «Մոսկվայի այս անօրինական պայմանագիրը վերանայելու համար դժգոհություններ, բողոքներ շատ են եղել, անգամ այդ մասին բարձրաձայնվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից: Բայց դրան երբեք ընթացք չտրվեց, ու այսօր էլ շատ խնդիրներ պայմանավորված են երկրի ընդհանուր քաղաքական շահերով: Եվ պատահական չէր, որ այդ հարցը բարձրացավ այս օրերին ռուս-թուրքական հարաբերությունների սրվածության պայմաններում: Այդուհանդերձ, այսօր մենք պետք է անպայման մեր ծրագրերում նկատի ունենանք, որ վաղը Թուրքիան պառակտվելու է եւ բաժանվելու է: Հետեւաբար, այդտեղ անպայմանորեն այս հարցերը դրվելու են եւ, անշուշտ, պետք է նախապատրաստվենք դրան` քրդերի հետ բնանակցություններ վարելով եւ որոշակի քաղաքական խնդիրներ առաջադրելով, որպեսզի պատրաստ լինենք վաղվա մեր օրվան»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА