ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը օրինականացված կեղեքում է անցկացնում. Հայկ Բաբուխանյան. տեսանյութ

10.03.2020 19:03 Հրապարակումներ
Փաշինյանը օրինականացված կեղեքում է անցկացնում. Հայկ Բաբուխանյան. տեսանյութ

ՙԱրմնյուզ՚ հեռուստաընկերության ՙՀայլու առաջ՚ հաղորդաշարի հյուրն էր ՍԻՄ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ: Հաղորդման հեղինակ ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետ նրանք խոսել են նոր իշխանությունների վարած ներքին եւ արտաքին  քաղաքականության մասին: Զրույցի որոշ հատվածներ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

- Իշխանությունները սատանաներ էին որոնում, այնուհետ ասացին, որ իրենց ներսում դավաճաններ կան: Ի՞նչ կասեք այս մասին: 

- Սատանաներին թողնենք մի կողմ, այդ հարցը պետք է տաք հոգեբաններին: Ինչ վերաբերում է դավաճաններ փնտրելուն, բացի այն, որ ամեն տեղ դավաճաններ փնտրելը դա մոլագարություն է, բայց մյուս կողմից դա ցույց է տալիս այս իշխանության անվստահությունը իր ուժերի, իր թիմի նկատմամբ: Հասկանում են, որ իրենց վարած քաղաքականությունը ամբողջությամբ ձախօղված է տնտեսության մեջ, սոցիալ քաղաքականության մեջ, ազգային հարցերում, պետության զարգացման խնդիրներում եւ այլն: Փաստ է այն, որ այն խոստումները որոնք տրվեցին երկու տարի առաջ, որով եւ մոլորեցվում էր ժողովուրդը, այդ ամբողջը  դարձավ ավազ: Ես կարող եմ ներկայացնել աննախադեպ թվեր` օրինակ  արտադրված էլեկտրոէներգիայի մասին: 2020 թվականի հունվար ամսին 726 միլիոն կիլովատ ժամ է արտադրվել, իսկ ահա 2018 թվականի հունվարին` 830 միլիոն կիլովատ ժամ է: Այսինքն երկու տարի անց նույն ժամանակահատվածում 104 միլիոն կիլովատ ժամով  էլեկտրոէներգիայի արտադրությունը նվազել է: Իսկ ահա միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի հունվարին եղել է 198 հազար դրամ, իսկ 2020-ի հունվարին`  183 հազար դրամ: Այսինքն 15 հազար դրամով նվազել է: Ինչ վերաբերում է արտաքին առեւտրաշրջանառությանը ապա նշեմ, որ 2018 թվականի հունվարին եղել է 504 միլիոն դոլար, այս տարի հունվարին` 479 միլիոն դոլար: Նվազել է եւ ներմուծումը եւ արտահանումը: 

Մենք կցանկանայինք տեսնել տնտեսության զարգացում եւ տեսնեինք, որ ՀՆԱ-ի աճը լիներ ոչ թե 5-6 տոկոս, այլ 20 տոկոս: Չէ
որ թռիչք էին խոստանում: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի օրոք կար 14 տոկոս աճ, վարչապետ Կարեն Կարապետյանն ապահովեց 7-8տոկոս աճ:  Իսկ հիմա դրանցից նվազ աճ է գրանցվում եւ իրենք ասում են, որ սա է հեղափոխությունը: 

Վերադառանալով դավաճաններ փնտրելու թեմային պետք է նշեմ, որ այդ սուտ ու փուջ խոստումների բացահայտումը, անվստահությունը անգամ սեփական թիմի նկատմամբ, բերում է դավաճանների, վհուկների որոնումների: Մենք մեր պատմության ընթացքում հանդիպել ենք նման բաների,  դավաճանների որոնումներին պետք է հետեւեն նոր քաղաքական ետապնդումներ, եղածը երեւի քիչ է, որ երկու նախագահներ են հետապնդվում եւ ի վերջո չես կարող բոլորին նստացնել, իսկ այդ թատրոնը գնալով դառնում է անհետաքրքիր:  

- Կարծես թե մոտեցումներն էլ չեն փոխվում, եթե հանրությանը ասվել է, որ տեղի է ունեցել թալան, ապա մոտ երկու տարի հետո երկու պատասխան կա` կամ պետք է ասեն, որ ստել են, կամ պետք է պարզ ասեն ո"ւր են այդ գումարները: Ինչո՞ւ այդ պահանջը չի ձեւակերպում այսօրվա ընդդիմությունը:

- Ինչպես տեսնում եք հին օլիգարխները շատ ավելի լավ են զգում իրենց այսօր «Նոր» Հայաստանում: Ինչքան օլիգարխ կար ոչ մեկի
գլխից մազ չի պակասել, բոլորն իրենց տեղերում են, բոլորը ընդլայնում են իրենց բիզնեսները, կառուցում են նոր խանութներ
հսկայական: Բայց կա մի տարբերություն, որ վերջիններս ժամանակ առ ժամանակ մուծվում են տարբեր ֆոնդերին, դրամահավաքներին, Աննա Հակոբյանի ֆոնդին եւ այլն: Մենք հիմա տեսնում ենք օրինականացված կեղեքում: Օլիգարխները
պարզապես ինդուլգենցիա են ստանում նրա համար, որ շարունակեն իրենց գործունեությունը: Հետո տեսնում ենք այն ոչ
օրինական ծախսերը, որը կառավարությունը կատարում է պետբյուջեից իրենց շրջագայությունների համար: Եվ տեսնում ենք
մարդկանց, ովքեր անգամ արեւածաղկի «բուդկա» չեն կարողացել կառավարել այսօր հասել են բարձունքի, ունեն լծակներ, կորցրել
են եւ չափի զգացողությունը եւ անցել են պարկեշտության բոլոր սահմանները ու փորձում են իրենց չտեսածը այսօր վայելել: 

ԴՈՒՔ ԼՈՒՐՋ ՄՏԱԾՈՒՄ ԵՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԿԴԱՏԻ՞

- Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասել է, որ գալիք իշխանությունները այս իշխանության օրոք ստացած հսկայական պարգեւավճարները կարող է հետ վերադարձնեն բյուջե: Բայց ինչո՞ւ այդ հարցը այսօր չի բարձրացվում:

- Այն որ այդ պարգեւավճարները ապօրինի են եւ անթույլատրելի մենք միշտ բարձրաձայնում ենք, իսկ թե ինչու դրան չի տրվում
իրավական գործընթաց, ապա նշեմ, որ Հայաստանում չկա որեւէ օրինական իրավական գործընթաց սկսած այն պահինց, երբ
գրավվեց Ազգային ժողովի շենքը եւ ստեղծվեց այս անօրինական Ազգային ժողովի կազմը: Դուք լուրջ մտածում եք, որ Նիկոլ
Փաշինյանը իրեն կդատի ապօրինությունների համա՞ր: Այս թյուրիմացություն, հանցավոր  վարչախումբը Փաշինյանի գլխավորությամբ մեկ օր առաջ պետք է հեռանա, որպեսզի Հայաստանում օդ գա շնչելու, հայերը միավորվեն, ոչ թե իրար
թշնամի լինեն:


- ՀՀԿ-ի իշխանության օրոք ասում էին, որ եթե իրենք հեռանան իրենց փոխարինող չկա, բայց եկավ Նիկոլ Փաշինյանը, թողնենք մի կողմ լավ է, թե վատ: Վստահ եմ, որ իմքայլականները հիմա եւս այդպես են մտածում, թե ով պետք է փոխարինի Նիկոլ Փաշինյանին, չէ որ նա անփոխարինելի է:

- Այո, կարծում եմ, որ Փաշինյանն իսկապես անփոխարինելի է, բայց վատ իմաստով, դժվար է այդպիսի երկրորդ վարչապետ գտնել, բայց մենք ունենք կրթված, բարեկիրթ եւ աշխարհում հեղինակություն ունեցող մարդիկ, որոնց պետք է ոչ թե
հետապնդեն, այլ պետք է հնարավորություն տալ նրանց, որ գան եւ աշխատեն:


ԵԹԵ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՁԱԽ ՈՏՔԻՑ ԿԱԽԵՆ ՇԱՏ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏԵՍԱՐԱՆ ԿԼԻՆԻ


- Կառավարության նիստին վարչապետը հայտարարություն արեց, որ այս կամ այն օղակներում ձախողումներ ենք ունենում, գուցե ճի՞շտ է, որ իր նախարարները չեն աշխատում:

- Եթե ձախողումներ է տեսնում, ապա պետք է ձախ ոտքից կախի, օրինակ Առողջապահության նախարար Թորոսյանին, ի դեպ շատ հետաքրքիր պատկեր կլինի: Մենք նկատեցինք, թե ինչպես է վարչապետ կոչեցյալը
առողջապահության նախարարի մամուլի քարտուղարի գործառույթը վերցրել իր վրա, ինչը ի դեպ շատ վատ է ստացվում իր մոտ, պետք է մի քիչ պարապի: Եթե Թորոսյան  ծաղր նախարարը շարունակում է մնալ նախարար, ապա  կամ վարչապետ կոչեցյալին ձեռք է տալիս, կամ չի կարողանում նրան հանել, որովհետեւ վերեվներից, իր շեֆերը, ասել են, որ նա պետք է լինի նախարար, ով իր կյանքում երկու բժշկի չի կարողացել կառավարի: Եվ չմոռանանք, որ Թորոսյանը այդ չարաբաստիկ Գարդասիլ պատվաստանյութի բերողն է եղել Հայաստան:

ԱՐՑԱԽՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Ինչիսի՞ն եք տեսնում Արցախի ընտրությունները, ունե՛ք նախընտրելի թեկնածու:

- ՍԻՄ կուսակցությունը չունի որոշում այս հարցում եւ կարծում ենք, որ Արցախում չպետք է լինեն կուսակցություններ: Այն
տարածքում որտեղ կա պատերազմական վիճակ այսքան կուսակցություն, այսքան իրարամերժ հայտարարություններ,
այսքան բաժանարար ներքին գծեր - սա շատ վտանգավոր գործունեություն է: Իմ կամքը լիներ Արցախում կարգելեի բոլոր
կուսակցությունների գործունեությունը եւ կփորձեի ազգին համախմբել կոնկրետ առաջատար անձանց շուրջ: Իսկ ովքեր է
նրանք, դա այն մարդիկ են, ովքեր անցել են պատերազմի միջով: Դրանով անցած մարդը, ով   մեր ազգի անվտանգության համար իր կյանքը զոհաբերելու է գնացել, նա իր մեջ պարունակում է հզոր էներգիա: Իսկ այն լակոտները, ովքեր փախել են բանակից, իսկ հիմա պետական պաշտոնների են ո՞ւմ մասին եւ ինչպե՞ս կարող են մտածել, բացի իրենց վայելքներից:
 
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА