ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

04.03.2020 13:26 Հրապարակումներ
ԼԱՐԻՍԱ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐԵՆՑ ՄՈՏ ԿԵՂԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ՍԻՄ նախագահ, ԱԺ VI (օրինական) գումարման պատգամավոր Հ. Բաբուխանյանն ընդդեմ «Բաց հասարակության» հիմնադրամի (Soros) տնօրեն Լարիսա Մինասյանի` երկուշաբթի կայացած  նախնական դատական նիստի ընթացքում, հայցվորի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի դատարանը նշանակի դատաձեռագրաբանական փորձաքննություն, որպեսզի մասնագետի կողմից հստակ պարզաբանում տրվի, թե արդյո՞ք Լարիսա Մինասյանի կողմից դատարան որպես ապացույց ներկայացված գրությունների մեջ նշված ստորագրությունները եւ այնտեղ առկա` իբր Հայկ Բաբուխանյանի կողմից արված ռուսերեն գրությունները` (ընդ որում տառասխալներով, այն դեպքում երբ Բաբուխանյանը կատարելապես տիրապետում է ռուսերենին) կատարվել են վերջինիս կողմից, թե` ոչ:

 

ԴԱՏԱՎՈՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ Է, ՈՐՊԵՍԶԻ ՓՐԿԻ ՍՈՐՈՍԻՆ

Եթե ո՛չ, ապա ո՞վ է արել, եւ ո՞վ է ստորագրել: Երկրորդ` նշված գրառումները ժամանակագրական առումով ե՞րբ են կատարվել, «Դրամաշնորհի հաշվետվություն» վերանագրով փաստաթղթում առկա ստորագրությունը ո՞ւմ կողմից է կատարված, արդյո՞ք նշված ստորագրությունը պատկանում է Հայկ Բաբուխանյանին: ՍԻՄ նախագահը մեկ անգամ եւս պնդեց, որ դրանք իր ձեռագիրը եւ իր ստորագրությունները չեն: Դատարանը հայտնեց, որ վերոնշյալ միջոնորդության վերաբերյալ ստացել է առարկություն Լարիսա Մինասյանի կողմից: Ըստ պատասխանողի`  փորձաքննության արդյունքները այլեւս էական լինել չեն կարող: Ավելին` պատասխանողը չբացառեց, որ հնարավոր է այդ գրությունը գրված լինի ոչ թե Բաբուխանյանի, այլ իր անունից մեկ ուրիշի կողմից: «Միգուցե, ինչ-որ մեկը իր տեղը գրել է կամ բան է արել, բայց ինչո՞ւ են շեշտը դնում դրա վրա»,- ասաց Մինասյանի ներկայացուցիչը: Այսինքն` Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իրենց մոտ կեղծվել են Հայկ Բաբուխանյանին առնչվող փաստաթղթերը, որոնց հիման վրա Լարիսա Մինասյանը այսքան մեծ աղմուկ բարձրացրեց` Հայկ Բաբուխանյանին անվանելով «սորոսական», ինչն էլ դարձավ դատի առարկա: Դատավոր Դիանա Հովհաննիսյանը անկեղծորեն զարմացավ, թե եթե Սորոսի ներկայուցուցիչների համար այդքան էական չէ այն հարցը, թե իրենց կողմից դատարանին ներկայացված փաստաթղթերը կեղծ են, թե` իրական, այդ դեպքում ինչո՞ւ էին ներկայացնում այդ փաստաթղթերը: Սակայն Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը շարունակում էր համառորեն պնդել, որ ոչ մի դեպքում չի կարելի ուղարկել իրենց կողմից ներկայացված ապացույցները ձեռագրաբանական փորձաքննության: Ընդ որում, որեւէ բացատրություն դրան այդպես էլ չէր  տրվում: Տպավորությունն այնպիսին էր, որ Լարիսա Մինասյանը եւ իր ներկայացուցիչը դատարանում լավ էլ գիտեին, որ փորձաքննությունից հետո պայթելու է հսկայական սկանդալ` Սորոսի հայաստանյան ներկայացուցչությունում փաստաթղթերի կեղծման վերաբերյալ: Եվ սկանդալով գործը չէր ավարտվելու, քանի որ Հայկ Բաբուխանյանի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ փորձաքննության արդյունքներով դիմելու է նաեւ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ: Մի խոսքով` Լարիսայի համար այս ամենը կարող էր ավարտվել շատ մեծ խայտառակությամբ, եթե օգնության չգար դատավոր Դիանա Հովհաննիսյանը: Վերջինս տեսնելով, որ  Լարիսա Մինասյանի շուրջ օղակը սեղմվում է, իսկ նրա ներկայացուցիչը արդեն հայտարարում է, որ չի բացառվում, որ փաստաթղթերի տակ գրվածը Հայկ Բաբուխանյանի ձեռքով չէ, որոշեց  մերժել փաստաթղթերը փորձաքննության ուղարկելու Հայկ Բաբուխանյանի ներկայացուցչի միջնորդությունը` հետեւյալ պատճառաբանությամբ. «Միջնորդությունը մերժվում է, քանի որ այն փաստաթղթերը, որոնց արժանահավատության հետ հարց է բարձրացվում` ըստ պատասխանող կողմի, ներկայացված են ոչ այն հանգամանքները ապացուցելու համար` ինչը հայցվոր կողմի կողմից ընկալվում է: Եվ այս պայմաններում, ներկայացված ապացույցների դիտարկումը, դրանք փորձաքննության ենթարկելը` դատարանը գտնում է, որ այս գործի ելքի վրա ազդել չի կարող»:

Դատարանի որոշմանը ի պատասխան հանդես եկավ Հայկ Բաբուխանյանի շահերի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը. «Հարգելի՛ նախագահող, ես կարծում եմ, որ Դուք խախտեցիք օրենքով սահմանված Ձեզ տրված իրավասությունների շրջանակը: Քանի որ Դուք նախնական դատական փուլում գնահատական տվեցիք այն ապացույցներին, որի գնահատականը պետք է տայիք այն քննարկելուց հետո` խորհրդակցական սենյակում, Դուք թույլ չտվեցիք, որպեսզի մրցակակցային դատավարության հիմքով հայցվոր կողմը կարողանա ներկայացնել նաեւ իր արգումենտները: Նման պայմաններում` կարծում եմ, ըստ էության, նախնական դատական նիստի ընթացքում իրականացվեց ընտրովի արդարադատություն»:

Մնում է ապշել, թե ինչ տրամաբանությամբ է դատավորը մերժում փորձաքննության ենթարկել իրեն որպես ապացույց ներկայացվող փաստաթղթերը, երբ շատ հստակ հնչում է հայտարարություն, որ դրանք կեղծված են: Այստեղ բացատրությունը կարող է լինել միայն մեկը, դատավորն ամեն ինչ անում է, որպեսզի փրկի Սորոսին: Իսկ թե ինչո՞ւ է նա դա անում, դա արդեն կարելի է միայն ենթադրել: Սակայն այստեղ կարելի է հիշել Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը. «Արդյո՞ք կա որեւէ մի դատավոր, որ ինձ կարող է ասել «չէ»:

 

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՓԱՍՏԵՑԻՆ, ՈՐ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆ

Լարիսա Մինասյանի ներկայացուցիչը` ի թիվս այլ ինքնախոստովանական հայտարարությունների, մեկ ուշագրավ փաստ եւս արձանագրեց իր խոսքում: Մասնավորապես, պնդելով դատաձեռագրաբանական փորձաքննություն դեմ առարկությունը, պատասխանող կողմի ներկայացուցիչը հետեւյալ ուշագրավ միտքը հնչեցրեց. «Մենք չենք ասում, որ Հայկ Բաբուխանյանը հիմնադրամի հետ սերտ հարաբերություն ունի: Հարցն այն է, որ հայցվորը մեկնել եւ մասնակցել է վերոնշյալ սեմինարին»: Այսինքն, հիմա էլ հերքում են իրենք իրենց, քանի որ չի կարող լինել սորոսական մեկը, ով իրենց հետ «սերտ հարաբերություններ չունի»:

Այդ կապակցությամբ Հայկ Բաբուխանյանն ասաց. «Զարմացած եմ կողմի միջնորդությունից, որովհետեւ ես երբեք չեմ ասել, որ չեմ մասնակցել Բուդապեշտում կայացած այդ գիտաժողովին: Եվ իմ մասնակցությունը դրան, որեւէ կապ չունի այս դատավարության հետ: Մենք բողոքում ենք հետեւյալի համար, որ Ջորջ Սորոսի ներկայացուցիչը Հայաստանում ինձ անվանարկել է` անվանելով «սորոսական», դա վիրավորանք է ինձ համար: Երկրորդ` Լարիսա Մինասյանը` ի պատասխան լրագրողի այն հարցին, թե, այսպես կոչված, սորոսականները նրանք են, ովքեր պետական շահը առաջ չեն տանում, այլ Ձեր հիմնադրամի սկզբունքներն են փորձում ներկայացնել` Մինասյանը պատասխանել է. «Սորոսականը, Ձեր սահմանումով, Հայկ Բաբուանյանն է», ապա կրկին նշելով. «Ես թվարկում եմ այն մարդկանց, որոնք Ձեր սահմանումով սորոսական են»: Սա զրպարտանք է, ես երբեւէ իմ երկրի պետական շահը չեմ ստորադասել եւ երբեք տվյալ հիմնադրամի սկզբունքները չեմ փորձել ներկայացնել: Նորից եմ կրկնում` ես 20 տարի առաջ ստացել եմ հրավեր COLPI կազմակերպությունից` հրավերի մեջ նշված էր, որ գործուղման ողջ ծախսերը նրանք վերցնում են  իրենց վրա: Հիմա դժվար է հիշել բոլոր մանրամասները, բայց, ասենք, ես գնացել եմ բանկ եւ ստացել գործուղման տոմսի գումար` առհասարակ չհետաքրքրվելով, թե այդ գումարը ինչ հաշվից է ինձ տրված, որովհետեւ ես ունեմ հրավեր, Ազգային ժողովից ինձ գործուղել են, տեղեկացրել, որ պետք է ստանամ գումար եւ փոխանցեմ աշխատակազմին տոմս ձեռք բերելու համար, ինձ այլ բան չէր հետաքրքումԻ դեպ ասեմ, որ «Բաց հասարակություն» հիմնադրամը ստեղծվել է 1997 թ., իսկ այս գործուղումը եղել է 2000 թ.: Այն ժամանակ քչերը գիտեին, որ «Բաց հասարակություն» հիմնադրամը եւ Սորոսի ֆոնդը` նույն բանն են: Հիմա, ես ուզում եմ հասկանալ, եթե ես, ասենք, բանկից տոմսի գումար եմ ստացել (ինչը 20 տարի անց բնականաբար չեմ հիշում), ապա դրանից բխում է, որ ես պետական շահը առաջ չե՞մ տանում, այլ հիմնադրամի սկզբունքնե՞րն եմ փորձում ներկայացնել առաջնային: Սա ի՞նչ կապ ունի այդ տոմսի  հետ: Նորից եմ կրկնում` երբեւէ չեմ դիմել տվյալ հիմնադրամին, որեւէ կապ չեմ ունեցել»:

Անդրադառնալով Հայկ Բաբուխանյանի կողմից մատնանշած Լարիսա Մինասյանի` ի պատասխան լրագրողի հնչեցրած հարցին, պատասխանող կողմի նեկայացուցիչը արեց հաջորդ ինքնախոստովանական հայտարարությունը` դիմելով Հայկ Բաբուխանյանին ասաց. «Մենք չենք ասում, որ Դուք պետական շահը առաջ չեք տանում: Ավելին, Ձեր մասնակցությունը այն ժամանակ տվյալ սեմինարին` մենք գտել ենք շատ դրական պետության զարգացման համար, դա միանշանակ է: Մենք չենք ասում, որ Դուք հիմնադրամի գաղափարակիցն եք, ո՛չ, Դուք ունեք Ձեր գաղափարը»: Այսպիսով սորոսականները երկրորդ անգամ փաստեցին, որ Հայկ Բաբուխանյանը չի կարող լինել սորոսական, քանի որ չի կիսում իրենց գաղափարները: Այս ամենից հետո ՍԻՄ նախագահը նկատեց. «Այսինքն` Դուք պնդում եք, որ իմ գործուղումը պետության ոչ թե վնաս էր, այլ` օգուտ: Հիմա եթե Ձեր հիմնադրամի ղեկավարը լրագրողի հարցին սխալ է պատասխանել, ապա ես ի սկզբանե ասել եմ, թող հրապարակային ներողություն խնդրի տիկին Մինասյանը, եւ այս դատական վեճն ավարտվի»:

Նախագահող դատավորի հարցին` արդյո՞ք հայցվոր կողմը գտնում է, որ Լարիսա Մինասյանը միտում է ունեցել վիրավորել Հայկ Բաբուխանյանին, վերջինս պատասխանեց. «Այո՛, միտում կար` ինչո՞ւ: Որովհետեւ 1997 թ. մինչ օրս Սորոսի հիմնադրամը ՀՀ-ում բաժանել է 52 մլն դոլար գումար: Այդ 52 մլն դոլարի մեջ, սակայն, չգիտես ինչու, Լարիսա Մինասյանը հայտնաբերեց պայմանականորեն իբր ինձ տրված 480 դոլարը եւ իր ասուլիսի ժամանակ հնչեցրեց իմ անունը: Որպեսզի գտնի ինձ վրա ինչ-որ մի բան` Մինասյանը 20 տարի հետ գնաց, որպեսզի հայտնաբերի չնչին մի գումար եւ հայտարարի, որ Բաբուխանյանը սորոսական է եւ ծառայում է մեզ` ոչ թե պետությանը: Երկրորդ ապացույցը, որ դա իր կողմից միտում է, որ վերոնշյալ ասուլիսից հետո` Մինասյանը  կրկին ասուլիս է տալիս եւ նորից հնչեցնում իմ անունը: Սա փաստում է, որ մենք գործ ունենք Սորոսի միտումնավոր քաղաքականության հետ, որի նպատակն է ՀՀ-ում լռեցնել այն ազգային գործիչներին, ովքեր հանդես են գալիս բացահայտելու Սորոսի հիմնադրամի վտանգավոր, հակազգային, հակահայկական լինելու փաստը: Լռեցնել նրանց եւ, ըստ էության, հետապնդել քաղաքական առումով»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА