ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՓՈՓՎԵՑ ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ` ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ

04.10.2019 16:50 Միջոցառումներ
ԱՄՓՈՓՎԵՑ ՂՐԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ` ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՎ

Ղրիմում ամփոփվեց Հայաստանի մշակույթի օրերը, որը սեպտեմբերի 20-24-ն անցկացվեց ղրիմյան խոշոր քաղաքներում` ընդգրկելով համերգային ծրագրեր, գիտական միջոցառումներ, պաշտոնական հանդիպումներ: Այդ առթիվ Հայաստանից մեծ պատվիրակություն էր ժամանել Ղրիմ` «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ գլխավորությամբ: Նշենք, որ տեղի ունեցած միջոցառումների առանցքում էր Ղրիմի Դաշնային համալսարանում տեղի ունեցած «Ղրիմ-Հայաստան. պատմական կապեր եւ փոխգործակցության հեռանկարներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին նաեւ Հայաստանից ժամանած քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, պատմաբաններ, գիտնականներ:

 

«ՂՐԻՄԻ ՀԱՅԵՐԸ ՄԵԾ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»

Գիտաժողովի ժամանակ ներկաներին հայերենով ողջունեց Ղրիմի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, ՌԴ նախագահին կից Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ ԳԵՈՐԳԻ ՄՈՒՐԱԴՈՎԸ` մասնավորապես նշելով. «Սիրելի ընկերներ, բարեւ ձեզ,  բարի գալուստ Ղրիմ»: Այնուհետեւ վերադառնալով մայրենի լեզվին` շարունակեց. «Ջերմորեն ողջունում եմ ձեզ Ղրիմում` մեր թերակղզում, որը բոլորովին էլ օտար չէ հայերի համար, ընդ որում` այդպես է եղել դարերով: Ղրիմն այնքան հարազատ է եղել հայերին, որ նույնիսկ անվանել են սեւծովյան Հայաստան: Հայերը միշտ նշանակալի պատմական դերակատարություն են ունեցել Ղրիմի թերակղզում: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ժամանակ գտաք եւ մասնակցեցիք Ղրիմում Հայաստանի մշակույթի օրերին: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանից ժամանած պատվիրակությանը եւ նախեւառաջ իմ ամենամտերիմ ընկերներից Հայկ Բաբուխանյանին, որը ղեկավարում է «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղը: Նա մեծ աշխատանք է կատարում մեր սերտ համագործակցության համար: Մենք Հայկ Բորիսիչի հետ միջոցառումներ ենք անցկացրել նաեւ Երեւանում` նվիրված ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորման 5-ամյակին, անցկացրել ենք գիտաժողով` նվիրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, ցուցահանդես է կազմակերպվել, հանդիպումներ` համալսարաններում, եւ կշարունակենք այս աշխատանքը նաեւ հետագայում: Սրտանց ողջունում եմ Ղրիմում ապրող հայերին, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն Ղրիմի Հանրապետության զարգացման գործում եւ, իհարկե, փոխանցում եմ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսիոնովի բարեմաղթանքները: Նրա հետ հենց նոր եմ խոսել եւ ներկայացրել եմ, թե ինչպես ընթացան Ղրիմում Հայաստանի մշակույթի օրերը: Տեղի ունեցան բազմաթիվ միջոցառումներ, որոնք հագեցած էին ինչպես տարաբնույթ հետաքրքիր հասարակական, մշակութային ծրագրերով, այնպես էլ գիտական եւ հոգեւոր նշանակության իրադարձություններով»:

Գ. Մուրադովն ընդգծեց, որ Ղրիմի հայկական եկեղեցիները մտնում է Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի կազմում. «Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ շատ ենք խոսել այս մասին, որովհետեւ հենց հայկական եկեղեցին է, որ առաջիններից էր, որ իր ռուսաստանյան թեմին միացրեց Ղրիմը: Սա շատ կարեւոր է, եւ ինձ համար անչափ ուրախալի էր, որ հենց ձեր այցի ժամանակ Եվպատորիայի հայկական եկեղեցին փոխանցվեց հայ համայնքին: Այն երկար, ես կասեի` բյուրոկրատական գործընթաց էր, որը մենք արեցինք, եւ հանդիսավոր նշվեց: Այն Ղրիմի թերակղզու ամենամեծ հայկական եկեղեցին է, որը շուրջ երկդարյա պատմություն ունի: Անպայման ուզում են նշել Հովհաննես Այվազովսկու անունը, որն իր սերն է ներդրել Ղրիմի, Սեւ ծովի համար` իր հրաշալի ստեղծագործություններում, որոնք սփռված են ամբողջ աշխարհում եւ ցույց են տալիս ոչ միայն ծովի ուժը, այլեւ մեր ժողովրդի հոգու ամրությունը: Այն միջոցառումները, որոնք անցկացվեցին մեծ ծովանկարիչ Այվազովսկու 200-ամյակին նվիրված` եւս մի ազդակ էր ղրիմա-հայկական կապերի ամրապնդման համար: Ղրիմը լի է հայկական հուշարձաններով, դրանք հասնում են շուրջ 150-ի: Սա մեծ մշակութային ժառանգություն է, որով կապված են մեր ժողովուրդները: Այսօրվա Ղրիմը եւս կապված է այնպիսի հայերի անունների հետ, ինչպիսին է Սամվել Մարդոյանը, որը Ղրիմի ինքնապաշտպանության հրամանատարներից մեկն է եղել եւ մեծ դերակատարություն ունեցավ, որպեսզի Ղրիմը վերամիավորվի ՌԴ-ի հետ: Այս իրադարձությունը մեզ համար անչափ կարեւոր է եւ պատմության մեջ գրված է ոսկե տառերով»:

«ԲՈԼՈՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԲԱՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՋՈՒՐ ՈՒ ՀԱՑ»

ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական մասնաճյուղի ղեկավար ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւս ողջունեց գիտաժողովի մասնակիցներին եւ շնորհակալություն հայտնեց Ղրիմի Հանրապետության ղեկավարությանը եւ հատկապես Գեորգի Մուրադովին` ընդգծելով. «Դուք արել եք, անում եք եւ կանեք Ղրիմի հայկական համայնքի համար հնարավորը, որ տեղի հայ ժողովուրդը ներդաշնակ զարգանա մյուս ժողովուրդների հետ ղրիմյան մեկ ընտանիքում` ստեղծելով պայմաններ համայնքի ինտելեկտուալ, մշակութային կյանքի համար: Այն, որ այստեղ անցկացրեցինք Հայաստանի մշակույթի օրերը, հերթական ապացույցն է այն ուշադրության, որը ստանում է մեր ժողովուրդը Ղրիմում` մյուս ժողովուրդների կողքին: Այդ ներդաշնակությունը զգացվում է ամենուր: Այս համատեքստում եւս մեկ քայլ էր այն, որ Եվպատորիայի հայկական եկեղեցին վերադարձվեց հայ համայնքին: Սա մեծ տոն էր մեզ համար եւ նաեւ կարեւոր իրադարձություն տեղի հայ համայնքի կյանքում: Ուրախ ենք, որ մասնակիցը դարձանք այդ իրադարձության:  Շնորհակալություն ենք հայտնում նաեւ, որ մեծ հայ ծովանկարիչ Այվազովսկու անունով անվանակոչեցիք Սիմֆերոպոլի օդանավակայանը: Այս լուրը Հայաստանում ընդունվեց մեծ խանդավառությամբ: Այվազովսկին այն կամուրջներից մեկն է, որը միավորում է Հայաստանը Ղրիմի հետ»:

Զուգահեռելով Ղրիմի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները` Հ. Բաբուխանյանը շեշտեց. «Այն իրադարձությունները, որոնք  տեղի են ունենում Ղրիմում, մեզ համար հասկանալի են, որովհետեւ ինքներս գիտենք, թե ինչ է նշանակում շրջափակման մեջ լինել: Եվ նաեւ գիտենք, թե ինչպես է այն ազդում սովորական մարդկանց վրա, որոնք ուղղակի ապրում են, ստեղծագործում, երեխաներ են ծնում եւ դաստիարակում, մինչդեռ շրջափակման պատճառով ջրի խնդիր ունեն: Սա անթույլատրելի է, հատկապես այս դարում, երբ բոլորը խոսում են մարդու իրավունքների մասին, բայց հետո մարդուն թողնում են առանց ջուր ու հաց, առանց հնարավորության` հանգիստ շրջագայելու եւ այլն: Մեզ համար հասկանալի է, թե ինչ է ինքնորոշման իրավունքը: Ինչպես գիտենք, ինքներս գրեթե նույնպիսի իրավիճակ եւ պատմություն ունենք մեր Արցախի Հանրապետությունում: Մենք ասում ենք, որ ոչ թե մարդիկ են կապված տարածքի հետ, այլ տարածքը պետք է, որպեսզի այն ծառայի ժողովրդին: Մարդիկ  պետք է իրավունք ունենան ազատ ապրելու: Անցել են այն ժամանակները, երբ տարածք էին խլում` առանց մարդկանց: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորվեցին տասնյակ պետություններ եւ ՄԱԿ-ի կանոնադրությունում գրված է, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ ապրել, ինքնորոշվել: Մենք եկանք այդ համոզման, երբ մեր ընդհանուր պետությունը` Խորհրդային Միությունը, ցավոք, պարտվեց սառը պատերազմում: Մենք միասին պարտվեցինք սառը պատերազմում, իսկ այսօր մեզ նոր տեխնոլոգիաներ են փորձում հրամցնել, որոնց հետ մենք համաձայն չենք: Համաձայն չենք այն սեւ ցուցակների հետ, որոնք կազմվում են ընդդեմ այն մարդկանց, որոնք այցելում են այն տարածքներ, որտեղ խնդրներ են եղել: Սա եւս մարդու իրավունքների խախտում է»:

ՍԻՄ կուսակցության նախագահը, եզրափակելով խոսքը, հավելեց, որ մեծ նշանակություն ունի այս գիտաժողովը, եւ հուսով է, որ Հայաստանի մշակույթի օրերը Ղրիմում միջոցառումները կդառնան ավանդական:

 

ՂՐԻՄՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Նշենք, որ Ղրիմում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, բացի գիտաժողովից, տեղի ունեցավ նաեւ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «1941-1944 թթ. Հայ ռազմիկների մասնակցությունը Ղրիմի եւ Կերչի համար մղված մարտերին» վերնագրով գրքի շնորհանդեսը` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հզոր հաղթանակի 75-ամյակին: Գիրքը ղրիմցի ընթերցողների դատին հանձնվեց` շնորհիվ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի, Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորման եւ «Ղրիմի բարեկամներ» միջազգային ասոցիացիայի հայկական բաժանմունքի: Գրքի հեղինակը ներկայացրել է համապարփակ հետազոտություն` Երկրորդ համաշխարհային պատերազմում Ղրիմի ազատագրման մարտերում հայերի դերի մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА