ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԶԳՈՎԻ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ ԱՅՍ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ»

21.05.2019 18:36 Հրապարակումներ
«ԱԶԳՈՎԻ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵԼ ԱՅՍ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ»

Նախորդ շաբաթվա գլխավոր իրադարձությունները «Իրավունք TV»-ի «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարի շրջանակում ամփոփել ենք Ազգային ժողովի նախորդ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

 

«ԱՅՍՕՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹՎԱԾ Է ԱՊԱԶԳԱՅԻՆ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՈՂՄԻՑ»

– Պարոն Բաբուխանյան, նախ անդրադառնանք մայիսի 9-ի` եռատոնի խորհրդին, որը նշվեց նախորդ շաբաթ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Նախեւառաջ շնորհավորում եմ մեր ամբողջ ժողովրդին` մայիսյան տոների կապակցությամբ: Ինչ վերաբերում է Մեծ հայրենական պատերազմում 1945 թվականի հաղթանակին, ապա մեր ժողովուրդը Սովետական Միության այլ ժողովուրդների հետ միասին տարավ հսկայական ու կարեւոր հաղթանակ` հենց մեր ժողովրդի ճակատագրի առումով: Իհարկե, նաեւ որպես պատերազմի մասնակցի թոռ, ինձ համար անձնապես թանկ է այդ օրը, բայց որպես քաղաքական գործիչ` գտնում եմ, որ հայ ժողովրդի համար տեղի ունեցավ շատ կարեւոր մի իրադարձություն, որով մենք հնարավորություն ստացանք շարունակել զարգացնել մեր տնտեսությունը, մշակույթը եւ զերծ մնացինք Թուրքիայի կողմից եւս մեկ անգամ ցեղասպանության ենթարկվելու վտանգից: Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը` ասեմ, որ այն նույնպես մեր հսկայական հաղթանակն էր: Այն մեծ լիցք էր`ազգային ազատագրական պայքարի եւ պետություն կառուցելու առումով: Մանավանդ մեր երիտասարդ սերունդը, պետք է խորապես ուսումնասիրի, թե ինչպիսի ջանքերի շնորհիվ ստեղծվեց մեր պետությունը, ինչպիսի պատերազմական դժվարություններով անցավ պետությունն իր ձեւավորման սկզբնամասում: Այսօր շատ տարօրինակ վիճակ է ստեղծվել` մարդիկ, ովքեր կանգնած էին պետության ստեղծման ակունքներում այսօրվա իշխանությանը հասած կամ ձեռք գցած մարդկանց կողմից քարկոծվում են, հետապնդվում, ենթարկվում են ճնշումների եւ այլն: Այսինքն` ստացվում է, որ մենք տոնում ենք Շուշիի ազատագրումն այն պայմաններում, երբ մարդիկ, ովքեր մի մասը, պարզապես, դասալիք էր, մի մասն անտարբեր էր, մյուս մասը դեռ չէր ծնվել, այսօր փորձում են դատել կամ դատապարտել այն մարդկանց, ովքեր կանգնած էին երկրի ստեղծման ակունքներում եւ ինքնազոհության գնով ստեղծեցին մեր անկախ պետականությունը:

– Ի դեպ, անցած շաբաթ ԱԺ-ում մոռացել էին եռատոնի մասին, եւ ԱԺ նախագահությանը արված նկատողությունից հետո` նոր միայն շնորհավորեցին...

– Շատ տեղին էր ձեր դիտարկումը, որովհետեւ իսկապես իշխանության հասել են մարդիկ, ովքեր որեւէ ազգային պատկերացում անգամ չունեն, թե ինչ է նշանակում երկիր, պատերազմ, հաղթանակ, ինչպես է դա կորզվել, ինչպես է ձեւավորվել: Իրենց համար սա տոն չէր, այլ իրենց համար տոնը, այսպես կոչված, հեղափոխությունն է, տոն է, երբ գործից բացարձակապես հեռու, անտարբեր եւ անտեղյակ մարդիկ մի պաշտոնի են նորից ձեռք գցում: Այն, որ այդ մարդկանց մեջ գրեթե չկան պատերազմի մասնակիցներ կամ այդ օրերին այլ ճակատում կռիվ տված անձինք, ցույց է տալիս, որ այսօր իշխանությունը զավթված է ապազգային, վտանգավոր մտածելակերպ ունեցող մարդկանց կողմից, ինչը, իհարկե, այս օրերին եւս մեկ անգամ ընդգծվում է տարբեր դրսեւորումներով:

 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՎԹԱԾ ԽՄԲԱԿԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ՕՏԱՐԻ ԿԱՄՔԸ»

– Տեւական դադարից հետո` անցած շաբաթ իր առաջին հարցազրույցը տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսեց հենց Արցախում եւ անդրադարձավ հաղթանակի ակունքներում կանգնած հերոսներին: Հետաքրքիր է` Ձեր տպավորությունները:

– ՀՀ երրորդ նախագահն այն անձնավորությունն է, որն իսկապես կանգնած է արցախյան ազատագրման ակունքներում: Կարելի է շատ հարցերում չհամաձայնել իր քաղաքական ինչ-ինչ գործընթացների, սոցիալ-տնտեսական ինչ-որ քայլերի հետ, կարելի է բանավիճել այս կամ այն օրենքի, հրամանագրի, նշանակման շուրջ, բայց ուրանալ ՀՀ երրորդ նախագահի` Արցախի հերոսի ներդրումը, անմտություն է: Կամ ինչպե՞ս կարելի է ուրանալ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը մեր պետության ստեղծման, պատերազմում հաղթանակի , պետության կայացման մեջ: Սա նշանակում է նոր սերնդին փորձել տրամադրել պետության հիմնարար հայրերի դեմ եւ վերացնել մարդկանց հիշողությունը, կապը սերունդների մեջ, ազգային արժեքները, ժողովրդի եւ ազգի փոխարեն ստեղծել բնակչություն: Սա շատ վտանգավոր ճանապարհ է: Եվ այս իշխանությունը զավթած խմբակը միտումնավոր է գնում այդ ճանապարհով եւ կատարում օտարի կամքը:

– Քանի որ խոսեցինք 90-ականների իրադարձություններից, ուզում եմ մի ուշագրավ մեջբերում կատարել վերջերս լույս տեսած Ձեր հեղինակած գրքից, որը հրապարակել էիք ՍԻՄ կուսակցության 30-ամյակի առիթիվ` վերնագրելով «30 տարի պատնեշի վրա»: Գրքում նշել եք, որ «1992 թ.-ի փետրվարին Հայաստանի ներկայացուցչի ստորագրությունն է հայտնվում մի միջազգային փաստաթղթի տակ, որտեղ Արցախը նշվում է` որպես Ադրբեջանի մաս... Եվ անհրաժեշտ էր գործողություններ կատարել թե՛ Հայաստանի անվտանգությունն  ապահովելու, թե՛ Արցախը չհանձնելու եւ Հայաստանը թալանումից փրկելու համար»: Արդյունքում 1992 թ.-ի մարտի 26-ին ՍԻՄ նախագահությունը որոշում է նախապատրաստել այն ժամակվա նախագահ Լ. Տեր-Պետրոսյանին պաշտոնանկ անելու հարցի վերաբերյալ փաստաթուղթը: Ի՞նչ իրավիճակ էր այն ժամանակ:

– Իսկապես, 1992-ին, երբ  հայկական պատվիրակության անդամը փետրվարին ստորագրեց   մի միջազգային փաստաթուղթ, որտեղ Արցախը նշվում էր Ադրբեջանի կազմում, Հայաստանի բազմաթիվ ե՛ւ հասարական, ե՛ւ քաղաքական կազմակերպություններ, մտավորականներ եւ մեր ժողովուրդը ըմբոստացավ դրա դեմ: Մեր պայքարն այն ժամանակվա ապազգային իշխանության դեմ էր` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ: Այն սկսվեց դեռեւս այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Տեր-Պետրոսյանն ուզում է հրաժարվել Արցախից, ցեղասպանության Հայ դատից, Հայաստանի հետ Արցախի վերամիավորման գաղափարից եւ ստեղծել, այսպես ասած, ստանդարտ արեւմտյան գծագրերով ինչ-որ մի սպասարկող հերթական պետություն: Մենք դեռեւս առաջին օրվանից, երբ պարզ դարձավ, որ նա չի ուզում ստեղծել հայկական բանակ, ուզում է հրաժարվել ազգային արժեհամակարգից, արդեն իսկ գտնվում էինք շատ խիստ հակադրման իրավիճակում: Իսկ երբ արդեն ստորագրությունները սկսեցին միջազգային փաստաթղթերի տակ, իհարկե, շատ ավելի լարվեց ներքաղաքական իրավիճակը: Հայտնի է նաեւ, որ այն ժամանակ որոշակի գործողություններ էին կատարվում, որպեսզի ռազմաճակատում մեր զորամիավորումներին հետ պահեն այս կամ այն գործողությունից: Եվ այդ փուլում ձեւավորվեց 6 կուսակցությունների ազգային դաշինքը, որը, այո՛, պահանջ դրեց` Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի: Այն, իհարկե, եղավ ավելի ուշ, բայց հիմքը դրվեց 1992 թվականին:

 

«ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԹՈՒՅԼ ՏԱԼ, ՈՐ ՄԵԶ ԶՐԿԵՆ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ»

– Այսօր էլ ազգային արժեքների դեմ հարձակումնները ակնհայտ են ու բացահայտ` սկսած սոցապնախարարի հայտնի հայտարարություններից վերջացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանություններով: Մտավախություն ունե՞ք, որ պատմությունը կարող է կրկնվել:

– Ոչ թե մտավախություն ունեմ, այլ վստահ եմ, որ այս մարդիկ, ովքեր հայտնվեցին իշխանության եւ փորձեցին խաբել, խաղալ սոցիալ-տնտեսական դժվարություների վրա, խաղալ նրա վրա, որ չինովնիկության մեջ կային անմաքուր մարդիկ, նրանք պատահական են նաեւ հայ ժողովրդի համար ու չեն կարող երկար անօրինաբար զավթած պահել իշխանությունը Հայաստանում: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ զրկեն մեր հայ ինքնությունից: ՍԻՄ կուսակցության 30-ամյակի միջոցառման ժամանակ իմ զեկույցի հիմքում դրեցի հայկականության պահպանումը, զարգացումը, որովհետեւ այսօր նաեւ դրա փրկության հարցն է ծագել: Հայկականությունը վտանգված է: Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած անձանց, նույնիսկ ամոթ է, եթե այդպիսի պաշտոններ գրաված մարդիկ իրենց ինտելեկտուալ մակարդակով թույլ են տալիս այդպիսի արտահայտություններ կամ շոշափում են այդպիսի թեմաներ: Սա հարիր չէ հայ տղամարդուն եւ հայ տիկնոջը: Իմ մտավախությունն այն է, որ այսօր հարվածի տակ ենք դնում մեր ինքնությունը եւ մեր պետականությունը: Բայց այն, որ ազգովի կարող ենք մի կողմ դնել այս անձանց եւ ստեղծել ազգային իշխանություն, վերականգնել ազգային համերաշխությունը մեր երկրում եւ ձեւավորել հայկականության մթնոլորտ, ապա այստեղ ոչ թե մտավախություն, այլ վստահություն ունեմ:

– ՍԻՄ կուսակցության 30-ամյակին, ինչի առթիվ եւս մեկ անգամ շնորհավորում եմ, Ձեր ելույթում անդրադարձաք նաեւ այսօր տեղի ունեցող գործընթացների սահմանադրականության խնդրին: Կբացե՞ք փակագծերը:

– Շնորհակալություն շնորհավորանքի համար: ՍԻՄ կուսակցությունը 30 տարվա ամենօրյա քաղաքական գործունեության փորձ ունի, եւ 30 տարի է, ինչ մենք ամեն օր պայքարում ենք մեր երկրի, մեր ժողովրդի իրավունքների համար, եւ շատ լավ է, որ մեր 30-ամյակը տոնելիս  դահլիճում տեսանք 10-ից ավելի կուսակցությունների ղեկավարների, մեր անվանի մտավորականների, մի շարք դիվանագետների: Այդ ամենը խոսում է այն մասին, որ մեր կուսակցության անցած 30-ամյա ճանապարհը եւ այսօրվա դիրքորոշումները, գործունեությունն ընկալելի են մեր հանրության համար: Ազգային պահպանողական գաղափարախոսությունը, որի կրողն ենք մենք, այսօր որպես բեւեռ գոյություն ունի եւ էլ ավելի ուժեղացման, կարծրացման փուլում է: Ինչ վերաբերում է սահմանադրականությանը, ապա ուզում եմ հիշեցնել այն, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ` 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ գործադիր իշխանության ղեկավարը իր ագրեսիվ կողմնակիցների հետ գրավեց Ազգային ժողովը: Այն փուլում, ինչպես արդեն Սահմանադրական դատարանն էլ հաստատեց, Ազգային ժողովն իրականացնում էր իր սահմանադրական գործառույթները, այսինքն` ակնհայտ է, որ վեցերորդ գումարման ԱԺ աշխատանքները դադարեցվել են ճնշումների, սպառնալիքների, բռնի ուժի կիրառման հետեւանքով: Հետեւապես, այն, ինչ որ դրանից հետո տեղի ունեցավ, այդ թվում` նոր ԱԺ ընտրություններ եւ այլն, դրանք արդեն հակասահմանադրական գործողություններ էին: Կրկնում եմ` իրական, օրինական, միջազգայնորեն ճանաչված ԱԺ վերցերորդ գումարման աշխատանքները բռնի ուժի հետեւանքով դադարեցվեցին, եւ խորհրդարանը լուծարվեց սպառնալիքների հետեւանքով: Դրանից հետո խոսել սահմանադրականության մասին, իհարկե, անհիմն է:

 

«ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ...»

– Դուք մեկ տարի առաջ եւ դեռ շատ ավելի վաղ ԱԺ-ում պայքարում էիք հանուն ավանդական, ազգային արժենքների` ընդդեմ այլասերվածությունների, քայքայիչ աղանդների, մտահոգություն էիք հայտնում «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որի մասին, ի դեպ, վերջերս բարձրաձայնեց անգամ նոր իշխանության պատգամավորներից մեկը: Այսօր արդեն շատ մարդիկ նոր-նոր են սկսել հասկանալ այս ամենի վտանգավորության չափը, որ վտանգն արդեն իրենց դուռն է թակում եւ փորձում են պայքարել: Ինչպե՞ս եք վերաբերվում այս երեւույթին` ժպիտո՞վ, թե՞ հպարտությամբ:                        

– Այստեղ ո՛չ ժպտալու, ո՛չ էլ հպարտանալու առիթ կա: Մենք պրոֆեսիոնալ քաղաքական  գործիչներ ենք եւ հասկանում ենք` ինչ է կատարվում երկրում եւ կարող ենք կանխատեսել: Ցավոք, մեր վատ եւ վատթար կանխատեսումներն իրականություն են դառնում: Մենք չենք հպարտանում դրանով, այլ ուղղակի եւս մեկ անգամ նախազգուշացնում ենք, որ այդ բոլոր բացասական երեւույթները, որոնք դուք նշում եք, այսօր հովանավորվում են գործող իշխանության կողմից: Այդ հովանավորչությունը նրանց պարտադրված է արտասահմանյան այս կամ այն օղակի կողմից, եւ խնդիրն այն է, որ այդ անփորձ եւ շատ անգամ նաեւ արդեն կախվածության մեջ գտնվող անձինք ի վիճակի չեն դուրս բերելու երկիրը հանգիստ, հանդարտ զարգացման ուղի, որտեղ հայը իրեն կզգա հայ: Հետեւապես այն, ինչ որ ասում էինք, այո՛, դառնում է իրականություն, եւ շատերը սկսում են արդեն այսօր հասկանալ` ինչ է կատարվում: Պարզապես դրական է, որ մարդիկ իրականությունը սկսում են տարբերել այն կեղծ փուչիկից, որը ներկայացվում էր նրանց որպես իրականություն: Այո՛, որոշ քաղաքական նոր գործիչներ, ովքեր նոր-նոր են սովորում` ինչ է նշանակում քաղաքականություն, աչքերը բացվում են, եւ նրանք փոխում են իրենց որոշ դիրքորոշումները, նաեւ սկսում են հասկանալ ժողովրդի լայն զանգվածները: ժողովուրդը չի կարող լինել քաղաքական գործիչներից բաղկացած. մեկը բժիշկ է, մեկը` բանվոր, մյուսը` գյուղացի, մարդիկ, ովքեր իսկապես դժգոհում էին այն բացասական երեւույթներից, որոնք կային նախորդ իշխանությունների օրոք, եւ որոնց դժգոհությունները, ցավոք, կրկնապատկվեցին նոր իշխանությունների օրոք, պետք է հասկանան, որ հեղաշրջումներով, առավել եւս` այդ գունավոր հեղաշրջումներով, որտեղ օտարները հսկակայական գումաներ են ներդրել, երկիրը քայքայելու գործընթաց է: Արդեն Կարնեգիի ֆոնդի մարդիկ պարզ ասում են` 25 միլիոն դոլար են տվել դրա համար, բայց սա փոքրիկ մի փշրանք է այն բոլոր գումարների մեջ, որը ներդրվել է երկիրը քայլքայելու համար եւ շարունակվում է ներդրվել տարբեր սորոսական եւ այլ ֆոնդերի կողմից, տարբեր ուղղություններով եւ նպատակներով` օգտագործվելով բանակի, ազգի եկեղեցու, կաթողիկոսի դեմ, ազգային, ավանդական ընտանիքի դաստիարակության դեմ: Այդ ամենն, իհարկե, շատ լուրջ մարտահրավեր է մեր պետականությանը: Եվ այստեղ պետք է մտածել եւ ստեղծել ազգային համերաշխություն` մեր իսկ ազգային պետությունը պահպանելու համար, որը թույլ չի տա նման երեւույթները, ինչի մասին նաեւ դուք նշեցիք:

– Տեսնո՞ւմ եք նախադրյալներ, որ կարող է ստեղծվել Ձեր նշած ազգային համերաշխությունը:

– Գտնում եմ, որ մեր ժողովուրդն ի վիճակի է այդ ծանր պահին միավորվել եւ միավորվել ոչ թե այս կամ այն անձի շուրջ, այլ իր ազգային ինքնությունը պահպանելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք Iravunk.com-ում` անցնելով հետեւյալ կարճ հղումով` https://clck.ru/FyRjw

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА