ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պարգեւատրումներ՝ ՍԻՄ-ի 30-ամյակի առթիվ

02.05.2019 19:04 ՍԻՄ 30
Պարգեւատրումներ՝ ՍԻՄ-ի 30-ամյակի առթիվ

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը նշեց հիմնադրման 30-ամյակը՝ այն ամփոփելով տեսաֆիլմով, «30 տարի պատնեշի վրա» գրքի շնորհանդեսով եւ, իհարկե, կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ ելույթով, ՍԻՄ-ի բարեկամների մաղթանքներով ու Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԵՆՈՆ քահանա ԲԱՐՍԵՂՅԱՆԻ օրհնությամբ:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին դեսպաններ, պատգամավորներ, քաղաքական, մշակութային գործիչներ, կուսակցությունների նախագահներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Շնորհավորական ելույթներով հանդես եկան «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ վեցերորդ գումարման փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ այլք:

Իսկ վերջում տեղի ունեցավ պարգեւատրման արարողություն: Կուսակցության 30-ամյակի առթիվ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ կողմից պատվոգիր շնորհվեց ՍԻՄ-ի ամենատարեց անդամին՝ 95-ամյա ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ: Հ. Բաբուխանյանը շնորհակալություն հայտնելով Ն. Սիմոնյանին՝ իր անցած ճանապարհի համար, ընդգծեց, որ նա Հայրենական Մեծ պատերազմի վետերան է, իր մասնակցությունն է ունեցել Սեւաստոպոլի ազատագրմանը:

Պատվոգիր շնորհվեց նաեւ «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ, ՍԻՄ կուսակցության լավագույն բարեկամ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ: Հանձնելով պատվոգիրը՝ Հ. Բաբուխանյանը ներկաներին հիշեցրեց. «Երկար տարիներ մեր կուսակցությունը իրավական դաշտում հայտնվել էր մի շարք աղանդավորական կազմակերպությունների թիրախում: Ինչո՞ւ  էՍԻՄ-ը արտահայտվում աղանդավորության դեմ. սա էր հարցը: Մենք հաղթեցինք այդ դատավարությունը եւ ցույց տվեցինք, որ մեր երկրում կարող ենք ասել այն, ինչ-որ մտածում ենք եւ մեր Հայ Առաքելական եկեղեցին սիրում ենք, հարգում ու պաշտպանում:  Եվ այդ պաշտպանության մեծ աշխատանքը իրավական դաշտում կատարեց մեր հարգարժան Լեւոն Բաղդասարյանը: Իսկ այսօր Լ. Բաղդասարյանը պաշտպանում է մեզ բոլորիս՝ հայերիս, համասեռամոլ կազմակերպությունների հարձակումից, որովհետեւ այսօր էլ նրանք են ՍԻՄ-ին դատի տվել, որովհետեւ մենք ասում ենք, որ այդ կեղտը պետք է դուրս մղվի մեր երկրից եւ մեր երեխաները աչքի առաջից: Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան, ձեր կատարած մեծ աշխատանքի համար»:

Ընդունելով պատվոգիրը՝ «Լեւ գրուպ» իրավաբանական ընկերության նախագահ Լ. Բաղդասարյանը նախ նշեց, որ պարգեւատրումն անակնկալ էր իր համար, ապա ասաց. «Հռոմենական իրավունքում կա իրավանորմ, որը, ցավոք, արդի իրավագիտակցության մեջ, կիրառական պրակտիկայում չի կիրառվում: Այն է՝ իրավունքը գիտություն է բարու եւ արդարի մասին, ցանկանում եմ, որ Հայաստանի հանրապետությունում ե՛ւ կուսակցությունները, ե՛ւ քաղաքացիները, ե՛ւ իրավաբանական անձինք շարժվեն այդ իրավանորմով: Շնորհակալ եմ եւ եւս մեկ անգամ շնորհավորում եմ ՍԻՄ-ի տարեդարձը»:

ՍԻՄ-ի կենսագրության մեջ «Իրավունք» թերթի դերը  շատ մեծ չափով նպաստել է կուսակցության ամրապնդմանը եւ արտահայտման հնարավորությանը: Այս մասին իր խոսքում նշեց ՍԻՄ կուսակցության նախագահը եւ հավելեց. «Թե ինչ արեց «Իրավունք» թերթը Հայաստանի պատմության մեջ, մենք դրա մասին կխոսենք հոկտեմբեր ամսին, երբ կլրանա թերթի 30-ամյակը եւ այսօր արդեն բոլորիդ հրավիրում եմ, որպեսզի միասին տոնենք այդ իրադարձությունը: Իսկ այսօր ուզում եմ Հովհաննես Գալաջյանին՝ «Իրավունք» թերթի առաջին եւ ներկայիս խմբագրին, որը 30 տարի պահել է թերթը՝ շնորհակալություն հայտնել կուսակցության անունից՝ հանձնելով այս պատվոգիրը»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА