ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է»

30.04.2019 17:31 ՍԻՄ 30
«ՀԱՄՈԶՎԱԾ ԵՄ` ՍԱ ԴԵՌ ՍԿԻԶԲՆ Է»

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության 30-ամյակի հոբելյանական միջոցառման նախօրեին` կուսակցությանն անակնկալ էր սպասվում գրասենյակում: ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անակնկալ այցով եւ խորհրդանշական հուշանվերով եկել էր գրասենյակ` շնորհավորելու ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ եւ բոլոր ՍԻՄ-ականներին:

«Նախ պետք է ասեմ, որ անկախության տարիների ընթացքում մեր երկու կուսակցություններին միավորել է շատ դեպքերում թե՛ քաղաքական նպատակների, թե՛ հանրային կյանքի կազմակերպման ընկալումների ընդհանրությունները: Եվ պատահաբար չէ, որ հատկապես վերջին տարիներին, երբ մենք` Հայկ Բաբուխանյանի հետ խորհրդարանում էինք, հաջողվեց նաեւ շատուշատ ոլորտներում հանդես գալ թե՛ համատեղ նախաձեռնություններով, թե՛ համատեղ մոտեցումներով: Առանձնապես կուզենայի ընդգծել մեր համագործակցությունը նաեւ հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում, ՀԱՊԿ եւ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որտեղ պետք է ասեմ, որ Հայկ Բաբուխանյանը շատ առանցքային դերակատարություն է ունեցել: Ժամանակն, իհարկե, իր գնահատականները տալու է, բայց մի բան մենք կարող ենք փաստել, որ «Սահմանադրական իրավունք միության» անցած քաղաքական ուղին ուղղակիորեն միահյուսված է անկախության պատմության հետ` դեռեւս սկսած 1989 թվականի դեկտեմբերի մեկից: Կարող ենք փաստել, որ բազմաթիվ պատմական լուրջ իրադարձությունների կա՛մ կազմակերպման, կա՛մ իրականացման գործում ՍԻՄ-ը եղել է պատասխանատու նախաձեռնություններով հանդես եկող քաղաքական միավոր, քաղաքական ուժ: Եվ այսօր էլ ՍԻՄ անդամները կարող են հպարտանալ իրենց կուսակցության քաղաքական անցյալով եւ նույնիսկ խորհուրդ կտայի հետադարձ հայացք գցել անցած ուղուն, որպեսզի դասեր քաղենք դեպի ապագա նոր, ավելի բարձր վերելքների ու նվաճումների համար»,- ընդգծեց Խոսրով Հարությունյանը:

Իսկ վերջում ՀՔԴՄ նախագահն անդրադարձավ խորհրդանշական նվերին` շեշտելով, որ այն միշտ կհիշեցնի ՀՔԴՄ եւ ՍԻՄ կուսակցությունների տարիների համագործակցությունը, ապա մաղթեց. «Ցանկանում եմ քաղաքական նոր վերելքներ, որովհետեւ մեր հանրապետությունը թեւակոխել է զարգացումների նոր փուլ` նոր մարտահրավերներով, ինչու ոչ, նաեւ նոր հնարավորություններով: Եվ մեր` ավագ սերնդի քաղաքական գործիչների խնդիրն է փորձել մեր ժամանակակիցներին, մեզնից հետո եկողներին, մեր երիտասարդներին փոխանցել մեր փորձը, խնդիրներին անդրադառնալու մեր կարողություններն ու հնարավորությունները: Ուզում եմ, օգտվելով առիթից, մեկ անգամ եւս շնորհավորել «Սահմանադրական իրավունք միությանը»` 30-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ` սա դեռեւս սկիզբն է»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА