ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՆՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԵՆԱԼՆ Է

30.04.2019 16:18 ՍԻՄ 30
ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԵՆՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՒՆԵՆԱԼՆ Է

Ապրիլի 27-ին «Հայաթ-Փելես» հյուրանոցի նիստերի դահլիճում շուրջ 200 հոգու մասնակցությամբ տեղի ունեցավ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության 30-ամյակին նվիրված հոբելյանական նիստ, որի բացման խոսքով հանդես եկավ կուսակցության նախագահ ՀՀ ԱԺ երեք գումարումների պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

 

ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔ

Ձերդ գերազանցություն պարոնայք դեսպաններ, պարոն դեսպանորդ, պարոնայք դիվանագետներ, կուսակցությունների հարգելի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, պատգամավորներ, մտավորականության ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, սիրելի ՍԻՄ-ականներ: Տիկնայք եւ պարոնայք, խորապես զգացված եմ ձեր կողմից մեր հրավերը ընդունելու եւ մեր կուսակցության համար այս տոնական միջոցառմանը մասնակցելու համար: Մեզ համար մեծ պատիվ է Ձեր ներկայությունը եւ աջակցությունը: Մինչ այս միջոցառումը, մենք արդեն ստացել ենք ու շարունակում ենք ստանալ բազմաթիվ շնորհավորանքներ, որի համար նույնպես շնորհակալ ենք: 30 տարի առաջ` 1989թ. ապրիլի 4-ին, մենք հռչակեցինք մեր կուսակցության` «Սահմանադրական Իրավունք Միության» ստեղծումը:Պատահականությամբ, թե ինչ-որ մի նախախնամությամբ մենք նշում ենք մեր կուսակցության 30-ամյակը Հայաստանի Հանրապետության տոնացույցի մեջ օրերս հայտնված` «Քաղաքացու օրվա» հետ նույն օրը: Ու, թեեւ մենք վաղուց էինք որոշել, որ այս օրը պետք է նշենք մեր 30-ամյակը, իսկ «Քաղաքացու օրը» ի հայտ եկավ, բառիս բուն իմաստով, օրերս, դրա մեջ կա նաեւ մեծ խորհուրդ: Մի կողմ թողնենք «Քաղաքացու օրվա» ստեղծման քաղաքական խնդրահարույց դրդապատճառները եւ ոչ միանշանակ, իսկ երբեմն մերժելի մեկնաբանությունները: Մեզ` ՍԻՄ-ականների համար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեծագույն արժեք է: Մեր կուսակցության ստեղծման եւ գործունեության նպատակներից մեկը հենց ՀՀ քաղաքացի ունենալն է, այնպիսի քաղաքացի դաստիարակելը, ով կլինի իր երկրի սահմանների, իր ազգային արժեհամակարգի, իր հայրենիքի պատվախնդրության եւ իր իսկ սեփական սահմանադրական իրավունքների պաշտպանը: Քաղաքացի, ում միտքը, գաղափարը եւ բազուկը յուրաքանչյուր պահ կծառայի հայրենիքի հզորացմանը, ազգի ամրացմանը եւ ազգային խնդիրներ լուծմանը: Եվ այսօր` «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության 30-ամյակը ոչ միայն ՍԻՄ կուսակցության անդամների եւ մեր կուսակցության բարեկամների տոնն է, այլ Հայաստանի բոլոր ազգանվեր ու օրինապաշտ, հայրենասեր ու ավանդապաշտ, ոչ անտարբեր եւ երկրի ապագայով մտահոգված, հայ ազգի ապագա հաղթանակների տեսլականով ապրող բոլոր քաղաքացիների տոնն է: 

Այսօր կուսակցության 30-ամյակի առթիվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՍԻՄ կուսակցության բոլոր անդամներին, գյուղական, քաղաքային, մարզային կառույցների խորհուրդներին, ՍԻՄ կուսակցության ներկայացուցիչների խորհրդի անդամներին, նախագահության անդամներին, «Իրավունք» թերթի աշխատակազմին, մեր բազմաթիվ անկեղծ եւ նվիրված բարեկամներին, որոնց աջակցությունը մեզ թույլ տվեց ստեղծել, պահպանել ու զարգացնել ՍԻՄ կուսակցությունը: Ցանկանում եմ հիշատակի տուրքը մատուցել մեզանից անժամանակ հեռացած մեր կուսակցական ընկերներին: Իր 30-ամյա պատմության մեջ ՍԻՄ-ը ունեցել է ինչպես մեծ հաղթանակներ, այնպես էլ` դժվար օրեր: Սակայն բոլոր դեպքերում ՍԻՄ–ին հաջողվեց 30 տարիների ընթացքում պահպանել իր բարի անունը, չամաչել եւ ոչ մի քայլի համար, կերտել անբասիր եւ օրինակելի կուսակցություն, զգալի չափով մասնակցել մեր Անկախ Հայաստանի կառուցմանը, ազդել քաղաքական եւ հասարակական գործընթացների վրա: ՍԻՄ կուսակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը հայտարարում եմ բացված:

ՍԻՄ կուսակցության հոբելյանի տեսագրությունը դիտե՛ք` անցնելով https://clck.ru/Fox2C կարճ հղումով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА