ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայոց բանակը կա եւ կմնա մեր ազգային հպարտության երաշխավորը. Հայկ Բաբուխանյան

29.01.2019 18:00
Հայոց բանակը կա եւ կմնա մեր ազգային հպարտության երաշխավորը. Հայկ Բաբուխանյան

«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի ուղերձը

Հայոց բանակի տոնի առթիվ.

Սիրելի հայ ժողովուրդ, զինվորականներ, վետերաններ: ՍԻՄ կուսակցության անունից շնորհավորում եմ Հայոց բանակի տոնը: Մեր բանակը եղել է, կա եւ կլինի մեր պետության, անկախության, ինքնիշխանության եւ մեր երկրի` վերամիավորված  Հայաստանի  տարածքային ամբողջականության եւ ազգային հպարտության երաշխավորը: 

ՍԻՄ կուսակցությունը մի շարք այլ ազգային կուսակցությունների հետ համատեղ կանգնած է Հայոց բանակի ստեղծման քաղաքական որոշման ակունքներում: 90-ականների սկզբին մեր ճնշման ներքո հաղթահարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային բանակ չստեղծելու եւ «մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության  մեջ է» հակաազգային թեզը, եւ հիմնադրվեց Հայոց փառապանծ բանակը, որը ոչ միայն հաղթանակ տարավ Արցախյան պատերազմում` ստիպելով թշնամուն ստորագրել կրակի դադարեցման մասին փաստաթուղթը, այլեւ մինչ օրս ստիպել է թշնամուն հրաժարվել ռազմական գործողություններից վերամիավորված Հայաստանի դեմ: 2016թ. ապրիլյան դեպքերը եւս ցույց տվեցին, որ Հայոց բանակի ոգին հաղթական է եւ անկոտրում:

Միաժամանակ, 2018թ. մայիսյան հեղաշրջումից հետո երկրում տեղի ունեցող գործընթացները եւ տենդենցները խորը մտահոգության առիթ են տալիս: Նախեւառաջ, պետք է փաստել, որ իշխանության վերին օղակներում պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնց մեծամասնությունը այս կամ այն պատճառով խուսափել է Հայոց բանակում ծառայելուց, եւ նրանցից գրեթե ոչ ոք չի մասնակցել հայ ժողովրդի ազատագրական մարտերին:

Դրանից բացի, պետական բարձր պաշտոններ զբաղեցնողների շուրթերից բազմիցս հնչել են Արցախյան Հաղթանակի, ապրիլյան դեպքերի Հերոսների, ներկայիս զինվորականության, «Ազգ-բանակ»գաղափարախոսության վերաբերյալ անթույլատրելի ու նվաստացուցիչ արտահայտություններ: Դրա հետ մեկտեղ բանտերում են գտնվում կամ քրեական հետապնդումների են ենթարկվում Արցախյան հերոսամարտի մեջ հսկայական ներդրում ունեցած պետական եւ ռազմական բարձրաստիճան գործիչներ, որոնց մեղսագրվող հանցանքները սին են, իսկ նրանց հանդեպ հետապնդումները ունեն քաղաքական բնույթ: Փաստենք նաեւ, որ արդեն շուրջ 9 ամիս է, ինչ կազմալուծված է «Երկրապահ» կամավորական միության գործունեությունը:

Այս ամենի հետ մեկտեղ անթաքույց քարոզվում է պացիֆիլ եւ բարիացակամ վերաբերմունք թշնամու նկատմամբ: Ընդ որում, դա արվում է երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից ու հանրային ԶԼՄ-ների միջոցով:

Դրան զուգահեռ, իրականություն չդարձան Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ խոստումները` բարելավել բանակի նյութատեխնիկական մատակարարումը:

Հույս ունենք, որ արարողակարգային ճառերից բացի գործող իշխանությունները արմատապես կփոխեն իրենց վերաբերմունքը բանակի հանդեպ` կասեցնելով վտանգավոր գործընթացները եւ բացասական երեւույթները:

Այս տոնական օրով մաղթում ենք մեր բանակին բարձր մարտական ոգի, հաղթական տրամադրություն, բոլոր զինվորականներին ու վետերաններին առողջություն ու երջանկություն, իսկ հայ ժողովրդին անամպ երկինք, երկրի սահմանների անձեռնմխելիություն ու հաղթական ընթացք: Փա՜ռք Հայոց բանակին, փա՜ռք մեր գեներալներին, սպաներին ու զինվորներին, փա՜ռք Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, փա՜ռք  Արցախյան հաղթանակը կերտողներին, փա՜ռք ապրիլյան հերոսներին:

28.01.2019թ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА