ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

14.12.2018 18:13
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

Հարցազրույց ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ

 

-Դեկտեմբերի 9-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության, մասնավորապես ձեր` որպես ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածուի գրանցած ցուցանիշն ինչպե՞ս եք գնահատում:

– Հարցին հարցով պատասխանեմ` արդյո՞ք այս ընտրություններն ազատ, արդար եւ օրինական էին: Բազմիցս ասել եմ` այս ընտրությունները նշանակվեցին այնպիսի հապճեպությամբ, որ նոյեմբերի 1-ին, երբ հայտարարվեց ընտրությունների օրը, կուսակցությունները դեռ չգիտեին` որ օրենսգրքով է անցկացվելու ընտրական գործընթացը եւ ժամանակ չունեին նախապատրաստվելու` առանց այն էլ ռեկորդային կարճ նախընտրական քարոզարշավին: Նման ընտրությունները ազատ եւ մրցակցային չի կարելի համարել` սրանք անօրինական ընտրություններ էին ի սկզբանե: Երկրորդ` ընտրությունների ընթացքում իշխանությունը կիրառել է հսկայական վարչական ռեսուրս` բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում, եւ դա տվել է իր «արդյունքները»: Եթե ժամանակին Հանրապետականին էին մեղադրում «տոկոսներ խփելու» մեջ, հիմա նույն «տոկոսներըե, եւ դեռ մի բան էլ ավելի, խփում է ներկայիս իշխանությունը: Մյուս կարեւոր գործոնը, որ որոշիչ է եղել այս ընտրություններում, վախի մթնոլորտն էր, որի պայմաններում անցան այս ընտրությունները: Ընդդիմության կողմնակիցները սարսափած էին` անգամ վախենում էին բարձրաձայն ասել, որ պաշտպանում են այս կամ այն ընդդիմադիր թեկնածուին, այս կամ այն կուսակցությանը: Այդ մթնոլորտը ստեղծել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Երբ հայտարարում էր` այս կուսակցությունը չպետք է անցնի Ազգային ժողով, այս կուսակցությունը պետք է զրո ձայն ստանա, սա ուղղակի հրահանգ էր իր ենթականերին, կամակատարներին, ֆեյսբուքյան եւ փողոցային խուժանին, որ հարձակվում էին Նիկոլին ու իր ղեկավարած ուժին ընդդիմադիր թեկնածուների վրա` սեռական բնույթի հայհոյանքներով եւ սպառնալիքներով:

– Շատերի գնահատմամբ` ընտրություններում հաղթել է ոչ այնքան Փաշինյանը, որքան մարզպետները:

– Ե՛վ մարզպետները, ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԱԾ-ն... Մարդկանց հրավիրում էին ԱԱԾ, ոստիկանություն, կամ ոստիկանությունն էր այցելում նախընտրական շտաբներ: Սա հոգեբանական ճնշման մի ձեւ է: Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը հրավիրի թեկնածուին եւ «պրոֆիլակտիկ աշխատանք» կատարի նրա հետ: Միայն նրա համար, որ քննադատել է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը` քննադատությունը արդեն դիտվում է որպես «օրինախախտում»: Եղել են դեպքեր, երբ ընտրողները գալիս էին նախընտրական շտաբ եւ մոտավորապես այսպիսի հարցեր էին տալիս` եթե քվեարկենք ձեր օգտին, կարո՞ղ է թվեաթերթիկը տանեն փորձաքննության, մատնահետքերը հանեն ու բռնեն մեզ: Մարդիկ վախենում էին հեռախոսով խոսել, քաղաքում մնալ, որ հանկարծ չասեն` աջակցել եք ընդդիմությանը: Սա է նաեւ պատճառը, որ շատերը հրաժարվեցին փողոցային քարոզարշավից: Եթե մեր երկրում կարելի է կաթողիկոսին քաշքշել, շարքային թեկնածուին ինչ ասես կարող են անել: Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց ԱԺ ամբիոնից` եթե պատգամավորներն ընդունեն այս որոշումը, կարող է` տուն չհասնեն: Դրանից հետո ի՞նչ երաշխիք, որ մարդը կարող է դուրս գալ փողոց եւ անարգել քարոզել` չհանդիպելով ինչ-որ խնդիրների: Վախի, սարսափի, տոտալ ճնշումների մթնոլորտում անցկացված այս «չընտրությունների» նման խայտառակ ընտրություն Հայաստանում չի եղել. եղել են ավելի աղմկոտ, սկանդալային դեպքեր, բայց ընդհանուր մթնոլորտը, որ ձեւավորվել էր պետության ղեկավարի սպառնալիքների ներքո, այնպիսին էր, որ շատերը պարզապես վախեցել են գնալ ընտրատեղամաս: Էլ չեմ ասում մանր-մունր խախտումների, խորամանկությունների մասին, երբ հանձնաժողովների անդամները բացահայտորեն փորձում էին ուղղորդել ընտրողներին: Այդ փաստերը կան, արձանագրված են մեր դիտորդների կողմից, արձանագրված է, որ դրսում կանգնած են եղել ինչ-որ խմբեր եւ այլն:

– Այդքանով հանդերձ, Հանրապետականը որոշեց չվիճարկել ընտրությունների արդյունքները:

– Դա Հանրապետականի խնդիրն է, իրե՛նց պետք է հարցնել` ի՞նչն է պատճառը, որ չեն ուզում դիմել Սահմանադրական դատարան: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահումները, ընտրություններից առաջ ստեղծված վախի մթնոլորտը, ատելության քարոզը` երկրի ղեկավարի սպառնալիքները, հայտարարությունները, թե ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի, ոչ մի քվե չստանա, էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, եւ ճիշտ կլիներ բողոքարկել` դատական քննության առարկա դարձնել այս հարցերը:

– Այսքանից հետո տարօրինակ չէ՞, որ ոչ միայն հայրենի քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը` Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգներն էլ ցուցադրաբար աչք են փակում այդ ամենի վրա:

– Չպետք է մոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ «նարնջագույն հեղափոխության» արդյունքում, որի թիկունքում կանգնած են արեւմտյան ուժերը: Ներդնելով Հայաստանում հսկայածավալ ֆինանսական միջոցներ, գործադրելով տարբեր քաղաքական լծակներ` Արեւմուտքը ի՛ր նպատակներն է հետապնդում այս «խաղում»: Այդ նպատակադրումներից մեկն էլ օրինական ընտրված խորհրդարանի լուծարումն էր եւ փաստացի «միակուսակցական» այս խորհրդարանի ձեւավորումը. խորհրդարան, որը պետք է լուծի այնպիսի հակազգային եւ հակապետական խնդիրներ, որոնք նախորդ խորհրդարանի միջոցով հնարավոր չէր լուծել: Տարօրինակ կլիներ, եթե Արեւմուտքը ինչ-որ ձեւով փորձեր կասկածի տակ դնել այդ խորհրդարանի լեգիտիմությունը:

– Նույն Եվրամիությունը, որի հետ մեկ տարի առաջ ստորագրված համաձայնագրի հիմնական կետերից մեկը անկախ եւ արդար դատական համակարգի կայացումն է, չտեսնելու է տալիս նաեւ Փաշինյանի անթաքույց սպառնալիքները` ուղղված դատավորներին ու դատարաններին:

– Այսօր Հայաստանի դիկտատորը հոխորտում է դատավորների վրա, ասում է` ինչի Հայաստանում դատավոր կա՞, որ կարա իմ ասածին ասի` չէ, բերեք` տեսնեմ այդ դատավորին, ասում է` խելքներդ գլուխներդ հավաքեք, ուղղակի հանձնարարականներ է տալիս ուժային եւ քննչական կառույցներին` ում բռնել, ինչպես բռնել, ում գրավով ազատ արձակել, ում` ոչ: Հայաստանի դատական համակարգը դարձել է պարզապես քաղաքական հետապնդումների գործիք եւ որեւէ կապ չունի արդարադատության հետ: Համաներումը դարձավ քաղաքական շոու` «Սասնա ծռեր» խումբը կատարել էր ծանր հանցագործություն, որի հետեւանքով զոհվել է երեք ոստիկան, մարդկանց օրեր շարունակ պահում էր պատանդի կարգավիճակում: Եվ ի՞նչ` հանցագործները ոչ միայն ազատ արձակվեցին, այլեւ գրանցվեցին որպես քաղաքական կազմակերպություն, հնարավորություն ստացան մասնակցել ընտրություններին` իրենց ռադիկալ արեւմտամետ ծրագրերով: Ես այդ հարցը տվեցի արդարադատության նախարարին, բայց որեւէ հոդաբաշխ պատասխան չստացա, ասվեց, որ դա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքն է: Բայց եթե հաշվի առնենք նույն Փաշինյանի թիմի այլ անդամների, օրինակ, ոստիկանապետի տեսակետը այդ հարցի վերաբերյալ, այդ քաղաքական կամքը նրան պարզապես թելադրված է:

– Ի՞նչ է ստացվում. համաներման ակտով օրինականացվեց բռնությամբ հարցեր լուծելը, Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք առաջադրելով ու կալանավորելով էլ լեգիտիմացվում է փողոցի միջոցով ընտրությունների արդյունքները սրբագրելու պրակտիկա՞ն:

– Փաշինյանը եւ Տեր-Պետրոսյանը` որպես նրա հոգեւոր հայր, խրախուսում են ինքնիրավչությունը` որպես քաղաքական հարցեր լուծելու գործիք. հանրային գիտակցության մեջ ամրագրում են, որ Հայաստանում իշխանությունը կարող է ձեւավորվել ոչ թե ընտրությունների, այլ փողոցներ փակելու, փողոցային անկարգությունների միջոցով իշխանությունը յուրացնելու ճանապարհով: Սա այն ուղտն է, որ վաղ թե ուշ չոքելու է իրենց դռանը: Խորհրդարանն ապօրինաբար լուծարելու եւ զավթելու այս նախադեպը բերելու է նրան, որ Հայաստանը զրկվելու է զարգացման հեռանկարից` տասնամյակներով հետ է գնալու, դառնալու է Լիբիայի նման մի երկիր, որտեղ իշխանական կառույցները Միացյալ Նահանգների թեթեւ ձեռքով ոչնչացվեցին` վերածվելով տարբեր խմբերի եւ խմբավորումների դաժան պայքարի թատերաբեմի: Հակազգային ծրագրերը, որոնք դրված են այս ամենի հիմքում, այսբերգի միայն երեւացող մասն են` խորքում աշխարհաքաղաքական հիմքեր ունեն: Սա Արեւմուտքի կռիվն է Ռուսաստանի հետ, եւ Հայաստանն այստեղ, որպես մանրադրամ, պարզապես ոտքի տակ է ընկնելու:

– Համամի՞տ եք այն տեսակետին, թե Փաշինյանի «համոզիչ հաղթանակն» այս ընտրություններում այլ բան չէ, քան ՀՀՇ-ի եւ Տեր-Պետրոսյանի ռեւանշը իրենց իշխանությունից հեռացրած ազգայնական ուժերի հանդեպ:

– Իհարկե, կարելի է ասել, որ սա Լեւոն Տեր-Պետրոսյանի, իր գաղափարների եւ կիսատ մնացած ծրագրերի ռեանշն է: Իրողությունն այն է, որ ազգային, պահպանողական ուժերը ամբողջությամբ դուրս են մղված խորհրդարանից` նրանց փոխարինել են ծայրահեղ, վուլգար լիբերալ գաղափարախոսության կրողները: Եվ սա առաջին ռեւանշի փորձը չէ նրա կողմից. 2008թ. փորձեց նույնը անել` օգտագործելով նույն Նիկոլ Փաշինյանին, չհասավ իր նպատակին, եւ այսօր դարձյալ Փաշինյանի միջոցով վրեժխնդիր է լինում երկրորդ նախագահից ու ՀՀԿ-ից: Երկրորդը` այս «նարնջագույն հեղափոխությունն» էր, որի միջոցով լիբերալ արեւմտամետ ուժերը, ըստ էության, փոխեցին երկրի բնականոն ընթացքը` օգտվելով նախորդ իշխանությունների բացթողումներից, կարողացան իրականություն դարձնել աշխարհաքաղաքական այս հեղաշրջումը:

 

Օլիգարխները իշխանության կողքին են

Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ բոլոր օլիգարխները, որոնց մատնացույց էին անում ներկայիս իշխանությունները, որոնք վարկաբեկում էին նույն ՀՀԿ-ին, այսօր Նիկոլ Փաշինյանի կողքին են: Նրանցից ոչ մեկը չտուժեց, ոչ մեկի գլխից ոչ մի մազ չընկավ, ոչ մեկի ունեցվածքից ոչ մի դոլար չպակասեց: Պարզվեց` նրանք այլեւս օլիգարխներ չեն` մեր ամենաբարեխիղճ հարկատուներն են այն պահից, երբ լքեցին նավը: Ավելորդ է ասել, թե այս ընտրություններում ում օգտին են նրանք աշխատել, ինչ են արել հօգուտ նոր իշխանությունների, նոր իշխանություններն էլ մեծ հաճույքով օգտվում էին նրանց ծառայություններից:  Մալաթիայում ռեկորդային ցուցանիշ արձանագրած Նիկոլ Փաշինյանը նախկինում, երբ Հանրապետականն էր այնտեղ ռեկորդային ցուցանիշ գրանցում, իրեն կոտորում էր, թե` Լֆիկի աջակցությամբ եք ստացել այդ ձայները: Եթե չէր ստում, պետք է ենթադրել, որ այս անգամ նույն Լֆիկի աջակցությամբ Փաշինյանը ստացավ նույն մարդկանց ձայները` նույն մեթոդներով: Այսինքն` այն ժամանակ օլիգարխները սպասարկում էին նախկին իշխանություններին, հիմա սպասարկում են այս իշխանություններին,- համոզված է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց Աշխարհ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА