Հերթում հաջորդն ինքն է. ինչ է գրում իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը
Ներքաղաքական
«Ադրբեջան-Հայաստան հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից». վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող “The Jerusalem Post” պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/:
Հեղինակը՝ MORDECHAI KEDAR -ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝ Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար․ հետևաբար բացարձակ անհրաժեշտություն է որպեսզի, որպես դաշնակցի, Իսրայելը աջակցի Ադրբեջանին։
Իսրայելը՝ բոլոր հակամարտություններում պետք է աջակցի Ադրբեջանին, հատկապես Իրանի և նրա դաշնակից Հայաստանի դեմ կոնֆլիկտներում։ Իսրայելը պետք է աջակցի Ադրբեջանին՝ վերահսկողություն սահմանելու Զանգեզուրի միջանցքի վրա։ Բաքուն նավթ է վաճառում Իսրայելին, իսրայելական զենքեր է գնում, Իրանին մշտադիտարկելու համար բազա է տրամադրում, սա նշանակում է, որ Ադրբեջանը Իսրայելի անվտանգության համար առանցքային նշանակություն ունի։
Իսկ պաշտոնական Հայաստանը կամ խաղաղության մուրացկանները՝ հակառակ միջազգայնորեն հիմնավորված փաստերին, որ ադրբեջանական ագրեսիային մասնակից են եղել թուրքական, իսրայելական և այլ վարձկաններ, երբեք միջազգային հարթակներում չբարձրաձայնեց և չխաղարկեց այս իրողությունը։ Հակառակը՝ Արցախը ճանաճելով Ադրբեջանի մաս, կանաչ լույս վառեց ցեղասպանի առջև, նաև հիմնավորեց, թե մենք մեր սեփական հողում օկուպանտ ենք։
Ու այսօր Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի երկրորդ հայցն է ներկայացնում Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ պահանջելով լիարժեք փոխհատուցում շրջակա միջավայրի և կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացման համար։ Դե հրաժարվելով Արցախից, նիկոլը հիմնավորեց մեր «օկուպանտ կամ սեպարատիստ» լինելը։ Հիմա Ադրբեջանը նաև իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները փաթեթավորում է որպես հակաահաբեկչական գործողություն։ Նիկոլը հիմնավորել է սա։ Եվ, եթե Նիկոլին թվում է, թե Բաքվում խոշտանգվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունների նկատմամբ իր լռությամբ, կամ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին դատելով, բարյացակամություն է ողորմում Ադրբեջանից, սխալվում է։ Հերթում հաջորդն ինքն է․․․
Եվ, առհասարակ, այսպես է լինում, երբ երկրի ղեկը հայտնվում է արկածախնդիր, ապազգային, տգետ ու անհավասարակշիռ փառամոլների ձեռքը․․․Մենք դեռ չենք գիտակցում իրականության ողջ սարսափելիությունը․․․ Ողջ հոդվածը՝ այստեղ»,- գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ: