Գիտնականները հայտնաբերել են թուլամտության զարգացումը դանդաղեցնելու արդյունավետ միջոց
ՀասարակությունԱլցհեյմերի հիվանդության ախտանշաններ ունեցող հիվանդների և հիվանդության վաղ փուլերով բուժառուների համար կվերցետինի ու դեզատինիբի կիրառմամբ պերօրալ թերապիայի կլինիկական փորձրակումների առաջին փուլը բարեհաջող է անցել։ Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine պարբերականում։
Մասնագետների խոսքով՝ ծերացման ընթացքում բջիջները կորցնում են բնականոն գործելու ունակությունը, սակայն միևնույն ժամանակ դրանք չեն մահանում՝ արտազատելով տարատեսակ նյութեր, որոնք խանգարում են հարևան բջիջների աշխատանքն ու խթանում բորբոքային գործընթացները։ Այդ բջիջներից կարող են ազատել սենոլիտիկ մոլեկուլները, սակայն դրանցից ոչ մեկը դեռ արդյունավետ չի եղել կլինիկական փորձարկումների ընթացքում։
Նոր հետազոտությանը մասնակցել է 65 տարեկան և 65-ից բարձր տարիքի հինգ մարդ, որոնք 12 շաբաթվա ընթացքում սենոլիտիկ թերապիայի մի քանի կուրս են ստացել։ Հետազոտության ընթացքում բուժառուները բուժզննումներ ու հետազոտություններ, ինչպես նաև կոգնիտիվ կարողությունների գնահատման հատուկ թեստեր են անցել։
Արդյունքում գիտնականները հաստատել են, որ դազատինիբն ունակ է ներթափանցել մարդու կենտրոնական նյարդային համակարգ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ շաբաթական երկու անգամ բուժում ստանալը նվազեցրել է հիվանդների գլխուղեղում նեյրոֆիբրիլյար կծիկների կուտակումը 35%-ով, ինչը կապված է գլխուղեղի կեղևի ապաճման դանդաղման հետ և բարելավում է արյան շրջանառությունը գլխուղեղի կեղևում: Նեյրոֆիբրիլյար կծիկների կուտակումը Ալցհեյմերի հիվանդության հիմնական նշաններից մեկն է։
Սենոլիտիկ թերապիայի ընթացքը հաջող է եղել, չի առաջացրել լուրջ կողմնակի ազդեցություններ: Բուժումից հետո ճանաչողական գործառույթների վիճակն և գլխուղեղի բուժզննման արդյունքում ստացված պատկերները չեն տարբերվել մինչ բուժումը ստացված արդյունքներից, ինչը հաստատել է թերապիայի անվտանգ լինելը: Հետագա ուսումնասիրությունները կօգնեն ավելի ճշգրիտ գնահատել բուժման արդյունավետությունը և որոշել դրա օպտիմալ ռեժիմը:
https://iravunk.com/sim/?p=299495&l=am/