Վտանգը ոչ թե դրսից է, այլ՝ ներսից՝ մեր իշխանություններից. Բենիկ Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ը զրուցել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Կանադայի Միջազգային ինֆորմատիկայի ակադեմիայի իսկական անդամ, բժշկական ծառայության պաշտոնաթող գնդապետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԲԵՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Բենիկ Նիկոլաեւիչ, ինչպե՞ս կգնահատեք Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցի ժամանակ հնչեցված շեշտադրումները:

— Բացահայտվեց Փաշինյան-Ալիեւ կազանյան ռազմավարական դարի գործարքի հիմնական բովանդակությունը: Առաջինը՝ «Արեւմտյան Ադրբեջանը» հավասարեցվեց Արեւմտյան Հայաստանի գաղափարին: Երկրորդ՝ Արցախի բնակիչների իրավունքները հավասարեցվեց հայաստանաբնակ նախկին ադրբեջանական համայնքի իրավունքների հետ: Երրորդ՝ հայկական կողմի բոլոր հայցերը, այդ թվում՝ ոչ միայն Ցեղասպանության, այլեւ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ ռազմական հանցագործությունների, հավասարեցվեց «ագրեսոր» հայկական կողմի «հանցագործությունների» հետ, որոնք իբրեւ կատարվել են ադրբեջանական ժողովրդի եւ Արցախի հողի նկատմամբ (հանքավայրեր, անտառներ եւ այլն, մոռացել են, որ Ադրբեջանն էր ֆոսֆորական զենք կիրառում, ու մինչեւ հիմա էլ հայտնի չէ, թե դրա հետեւանքն ինչ մեծ մասշտաբների է եղել): Չորրորդ՝ դատական հայցերը միջազգային ատյաններից հանում է Հայաստանը, ինչի դիմաց Ադրբեջանն էլ իբրեւ իր հնարովի հայցերը պետք է հանի: Մինչդեռ երբե՛ք չի կարելի նման զիջման գնալ, դա մեր ազգի կռվաններն են՝ ամբողջ մեր հետագա գոյատեւման պայքարում օգտագործելու համար: Ով էլ լինի երկրի առաջին դեմքը, միանձնյա նման որոշում կայացնելու իրավունք չունի, նույնիսկ ընտրվածը, լեգիտիմը, էլ չեմ ասում՝ ոչ լեգիտիմի մասին: Նման զիջումներ կարող է լինել միայն համաժողովրդական ընդունելի տարբերակով, ինչպիսին հանրաքվեն է:

Միեւնույն ժամանակ, այլեւս ակնհայտ է, որ Փաշինյանը սկսել է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Պաշտոնանկությունների միջոցով փորձում է ցույց տալ, թե՝ ժողովուրդ, դուք դժգոհ եք իմ կադրերից, ես էլ եմ դժգոհ, հանեցի, ի՞նչ անեմ, մարդ չեմ ունեցել, թիմ չեմ ունեցել, եկել եմ, փորձել եմ, չի ստացվել, արդյունքները գոհացուցիչ չէ: Հիմա, եթե պաշտոնանկների մոտ վստահություն ունեցող մարդիկ խելացի լինեն, պետք է օգնեն, որպեսզի նրանք քաջություն ունենան` բարձրաձայնելու այն ճշմարտությունը, որը չեն հայտնել ժամանակին՝ ծառայական գաղտնիքի քողի տակ, որպեսզի գոնե այդկերպ ապաշխարեն: Նրանք պետք է գիտակցեն, որ եթե օգտակար լինեն այս իշխանությունից ազատվելու հարցում, գուցե դրանով իրենց մեղքերը թեթեւացնեն:

Ըստ էության, Փաշինյանն այդ պաշտոններում բերելու է ավելի վատերին, ավելի կամակատարներին՝ արտաքին ուժերի երաշխիքներով: Այնպես որ, նոր կադրերը լինելու են ավել կամակատար, ավելի ստոր, շատ ավելի թաքնված են գործելու: Եվ մինչեւ բացահայտվեն՝ ինքն իր սեւ գործերն անելու է:

Ինքներդ լինելով արցախցի՝ ի՞նչ կասեք արցախցիների ներկա իրավիճակի մասին:

— Արցախցիների վիճակը ողբալի է: Մի կեղծ շղարշ են քաշել՝ ցույց տալով աշխարհին, թե տեսեք, ինչքան ուշադիր ենք արցախցիների նկատմամբ, բայց սա ընդամենը քարոզչական հնարք է, ուրիշ ոչինչ: ՀՀ կառավարությունը տեղահանված արցախցիներին տալիս է 50 հազար դրամ եւ հաթաթա, թե ով մասնակցի հանրահավաքների, կզրկենք նրան դրանից: Մինչդեռ առանց այն էլ, զրկել են արցախցիներին ՀՀ քաղաքացիությունից: Ի՞նչ օրենքով, ի՞նչ տրամաբանությամբ ու ի՞նչ հիմնավորմամբ, երբ արցախցիները տասնյակ տարիներ ունեցել են ՀՀ անձնագիր: Հիմա ասում են, թե այդ անձնագիրը կեղծ է, սուտ է, ուղղակի, հաշվառման համար է եղել, ոչ թե` քաղաքացիության:

Ինչեւէ, վերադառնանք կառավարության կողմից տրվող գումարներին. մեկ ընտանիքի համար ողորմելի թվեր են տալիս, անունը դնում օգնություն: Արդյոք միջազգայնորեն տրամադրված օգնություններն արդար է բաշխվում: Ի՞նչ ստացան, ո՞ւմ բաշխեցին, ոչինչ հայտնի չէ: Այդ օգնությունները բոլորովին նպատակին չծառայեցին: Հաշվեք, թե ինչ գումար է կազմում, թեկուզ մարզերում միայն տան վարձն ու կոմունալ ծախսը: Նրանց մեծ մասը հիվանդ են, դեղորայքի վրա մեծ գումարներ են ծախսվում, էլ չասեմ աշխատանքի տեղավորման, բարոյահոգեբանական վիճակի վերակագնման խնդիրների մասին: Պետական վճարների, հարկերի հարցում, ոչ մի արտոնություն չի տրվել: Մինչդեռ աշխարհում ընդունված է, որ տուժած հատվածների նկատմամբ կիրառվում են հարկային որոշակի զեղչեր, զիջումներ՝ պետության կողմից: էլ չեմ ասում, որ տների վարձերը ոչ միայն Երեւանում են 80-120 հազարից դարձել 250-300 հազար, այլ` նույնիսկ շրջաններում:

Նշեմ եւս մի վտանգավոր խնդիր. արցախցիներից այդպես էլ համայնք չի ձեւավորվել, ցրել են ողջ հանրապետությունով մեկ, ոչ մի համայնքային սկզբունք չի պահպանվել: Այդ ամենը դիտմամբ է արվում, նրանց կախյալ վիճակում պահելու համար: Ընդ որում՝ հիմնականում նրանց տեղավորել են սահմանամերձ շրջաններում՝ այն տարածքներում, որտեղ նույն վտանգը կա, ինչ-որ Արցախում էր: Այս մարդիկ, փաստորեն, ապրում են առաջնագծում, նրանց ապահով լինելու զգացումը վերացված է: Օրինակ, պատկերացրեք, 10 հոգի ապրում են մի սահմանամերձ գյուղում, կարո՞ղ են մի ձայն հանել իրենց խնդիրների մասին, հենց ծպտուն հանեն, նրանց ցանկացած ձեւով դաս կտան ու «կարգի կհրավիրեն»: Դրա համար էլ մեծ թվով արցախցիներ արտագաղթել են: Տարբեր թվեր են ասում՝ 5-7 հազար: Ով հնարավորություն ունեցել է, թողել, գնացել է: Այսինքն՝ Արցախը` որպես ամբողջական ձեւավորված համայնք, գոյություն չունի:

Եվ ամենակարեւորը՝ իշխանությունները պետական անբարյացակամ վերաբերմունք են դրսեւորում արցախցիների նկատմամբ, թույլ չեն տալիս ո՛չ Արցախի կառավարությունը գործի, ո՛չ խորհրդարանը, լինել չի կարող ո՛չ մի նախագահ, ո՛չ մի իշխանություն: «Արցախ» ասելու համար վերջերս տեղեկացա, որ աշխատանքից մարդ են ազատել: Հայրենադարձ մի երիտասարդ ասել է՝ «Արցախ», Փաշինյանի տիկինն էլ այնտեղ է եղել եւ կարգադրել է աշխատանքից ազատել:

Իսկ արցախցիները կրկին տուն վերադառնալու հույսը վա՞ռ են պահում: Որեւէ ռեալ տեսլական կա՞, ինչպե՞ս…

— Վերադառնալու երկու պայման կա. Ադրբեջանն ասում է՝ պետք է ընդունեն ադրբեջանական քաղաքացիություն, լինեն իմ երկրի օրինապահ քաղաքացիներ, սովորեն ադրբեջաներեն, որովհետեւ դպրոցները հիմնականում լինելու են ադրբեջաներենով եւ այլն: Եվ երկրորդ՝ ասում են, եթե արցախցիները պետք է վերադառնան, ապա, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանից փախստական դարձած ադրբեջանցիներն էլ, որոնք համայնք են ձեւավորել, միջազգային դաշտում ներկայացնում են, թե իրենց իրավունքները ոտնահարված են եւ այլն, գան Հայաստան: Ես չնայած արցախցի եմ, եւ իմ ցավը դուք կհասկանաք, թե ինչքան մեծ է, բայց երբեք չեմ համաձայնի, որ արցախցին գնա Արցախ՝ այդ պայմանով, որ ադրբեջանցին էլ գա Հայաստան, ու մեր երկրի հալալը ամբողջությամբ հարամվի: Եթե արցախցին գնալու է Արցախ եւ լինելու է թրքահպատակի կարգավիճակում, ապա ադրբեջանցին գալու է Հայաստան, ունենալու է ՀՀ քաղաքացիություն, բայց թուրքից էլ թուրք պահվածք է դրսեւորելու, ամենալկտի շանտաժներն է անելու: Ամեն քայլափոխի նրանք ինչ-որ իրավունքներ են պահանջելու:

Իհարկե, իրավական առումով Արցախի հարցը փակված չէ եւ չի կարող փակված լինել: Եվ դա պետք է կարողանալ պահել, բայց ոչ թե վաղվա կամ մյուս օրվա համար, այլ այն պետք է լինի որպես կռվան եւ զենք, որը կկիրառվի 10-15 կամ 50 տարի հետո՝ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում: Արցախցին պետք է վերադառնա Արցախ ոչ թե որպես թրքահպատակ, այլ` ինքնուրույն, ինքնիշխան Արցախ պետության քաղաքացի:

Ի դեպ, եթե ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ քչից-շատից երկխոսություն լինի, թշնամանքը մեղմվի, ապա երկու փաստաթուղթ գոյություն ունի, որը կարելի է կիրառել: Մեկը 1813 թվականին ստորագրված Գյուլիստանի պայմանագիրն է՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, այնտեղ ո՛չ Հայաստան կա, ո՛չ Ադրբեջան, այնտեղ կա ռուսական պետություն: Այդ պայմանագրում արձանագրված է Ղարաբաղի խանությունը, որն իր մեջ ներառում է Լեռնային, Դաշտային Ղարաբաղը ու Զանգեզուրը եւ ունեցել է 22 հազ. քառ. կմ տարածք: Ընդ որում՝ Ղարաբաղի խանությունն աջակցել է ռուսական զորքին՝ Իրանի դեմ պատերազմում: Ռուսաստանն այս պայմանագիրը շատ հանգիստ կարող է օգտագործել: Եվ երկրորդ փաստաթուղթը Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն է, որը կարող է ԱՄՆ-ն շատ հանգիստ օգտագործել: Այնտեղ Հայաստանին տրված է 102 հազ. քառ. կմ տարածք: Ասված է, որ այն արդարության հենք կարող է դառնալ՝ ժողովուրդների միջեւ խաղաղ գոյակցության համար: Այս փաստաթուղթը ենթակա է պարտադիր կատարման եւ ժամկետի առումով սահմանափակում չունի: Ուրեմն՝ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի բարի կամքը բավական է, որպեսզի այս հարցը լուծվի, եւ այստեղ մենք բոլորովին ուրիշ իրավիճակ ունենանք:

Սա արդիական է հատկապես այն համատեքստում, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփի ձեւավորվող կառավարությունում շատ հայամետ, հզոր մարդիկ կան: Բնական է, Ամերիկյան պետական քաղաքականությունն առանձին հայամետ մարդիկ չեն որոշողը, բայց նրանք, անշուշտ, տրամադրություններ են ձեւավորում: Հիմա նույնիսկ հակաթուրքական այնքան ուժեր են մտնում կառավարության նոր կազմի մեջ, որ անգամ Թուրքիան է մտահոգված: Չէ որ ԱՄՆ-ն կարող է հովանավորել քրդերին, որոնք ժամանակին ինքնավարության էին ձգտում Թուրքիայիում եւ Սիրիայում: Պատահական չէ, որ տարածաշրջանային հարցերով զբաղվող շատ քաղաքագետներ ու փորձագետներ կանխատեսում են, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, մասնատվելու է մի քանի պետությունների միջեւ: Իսկ Ադրբեջանը կարող է նման քաղաքականության պայմաններում ունենալ խնդիրներ Իրանի հետ: Ադրբեջանի հանքավայրերում իսրայելական ստորգետնյա բունկերներ, զենքեր, հետախուզական միջոցներ են հայտնաբերվել: Այսինքն՝ նա իր տարածքը տրամադրել է, փաստորեն, Իսրայելի հակաիրանական գործողությունների ռեալիզացիայի համար: Այս բոլոր զարգացումները, չի բացառվում, որ չեմ ասում, թե՝ վաղը, բայց առաջիկա 15 տարում ամենաուշը ունենա իր հետեւանքները, որովհետեւ արդեն հասունացել է պահը: Հետեւապես, չի բացառվում, որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես փոխվի, որ արցախցիները վերադառնան իրենց տուն՝ առանց որեւէ նախապայմանի ու ապրեն ինքնիշխան Արցախ պետությունում, իսկ Հայաստան ոչ մի ադրբեջանցի էլ չգա: Դրա համար այս պահին պետք է արցախցիները միասնական լինեն, համայնքը պետք է պաշտպանել եւ նրանց իրավունքներն ամրացնել, տարածել եւ դարձնել մեր գոյության ու վերադարձի իրական հենքը:

Արցախի հայաթափումից հետո շատ քննարկվեց, թե 5 միլիարդի զենք է թողնվել թշնամուն, մինչդեռ հնարավոր էր դրանով պաշտպանվել… Ո՞վ է դրա մեղավորն ու պատասխանատուն:

— Այդ հանձնումը կատարել է Փաշինյանը եւ իր պաշտպանության նախարարներն ու շտաբի պետերը, որովհետեւ Արցախն առանձին բանակ չի ունեցել: Արցախի բանակը ՀՀ բանակի մի ստորաբաժանումն էր: Հետեւապես, այդ ստորաբաժանման հաջողությունները եւ թերացումները պատկանում են ՀՀ պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին ու գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները կատարողին: Եվ, ի վերջո, զենքից խոսում են, բայց ոչ ոք հարց չի բարձրացնում, թե ինչ եղան Շուշիի բանկից թալանված արժեքավոր իրերը, գումարները, ոսկին: Դրանք տեղափոխվել են, բայց չեն պետականացվել, հետեւաբար՝ ո՞վ է պետական ունեցվածքի թալանի համար պատասխանատու…

Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը դեկտեմբերին գաղտնիության ռեժիմով փորձաքննությունների փուլ կմտնի: Դեռեւս հայտնի չէ, թե զեկույցի ո՛ր հատվածը գաղտնի կլինի, ո՛ր հատվածը կհրապարակվի հանրության համար, բայց Ա. Քոչարյանը վստահ է, որ այդ բացահայտումներին հաջորդելու են քրեական գործեր: Ի՞նչ սպասումներ ունեք այդ զեկույցի հետ կապված:

— Ընդդիմությունը պետք է հաշվետվություն պահանջի, Քոչարյան Անդրանիկը պատերազմին վերաբերող նյութերը վերցրել է, դրել տակը, Փաշինյանին շանտաժ է անում, որ իր հրաժարականը չպահանջի: Բայց Անդրանիկ Քոչարյանի անձնական հարցերը լուծելու նպատակով չի հավաքվել այդ նյութերը, այլ պետության դավաճաններին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար: Հիմա հանրությունը կարող է համախմբվել եւ պահանջ ներկայացնել, որ հրապարակվեն ամբողջ նյութերը: Ինչո՞ւ է թաքցնում, ինչո՞ւ է գաղտնի պահում եւ օգտագործում Փաշինյանի դեմ:

Բացի այդ՝ Փաշինյանի օրոք եղած բոլոր պաշտպանության նախարարներից պետք է պահանջել՝ Տոնոյան Դավիթից սկսած, ասեն, թե այդ ի՞նչ բանավոր պայմանավորվածությունների եւ հանձնարարությունների արդյունքում են մեր պետական սահմանում ամրագրված բարձունքերը, որոնք եղել են հենակետեր, կամավոր հանձնել ադրբեջանցիներին: ԱԱԾ պետերից՝ Արթուր Վանեցյանից սկսած, պետք է պահանջել հրապարակել, այսպես կոչված, պետական գաղտնիք համարվող, իրենց իմացած տեղեկությունները, որոնք վերաբերում են Փաշինյանի հանձնարարականներին եւ Ադրբեջանի նախագահի հետ գաղտնի բանակցություններին: Նույնը վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը ԱԱԾ պետ էր, ապա դերակատարություն ունեցավ պատերազմում, ո՞րն էր նրա առաքելությունը, որ հետո էլ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ:

Ունե՞ք դեղատոմս, թե ինչպես դուրս գալ այս սրընթաց գահավիժումից, որը կա բոլոր ոլորտներում:

— Իսկապես, մենք կործանման ու ոչնչացման առաջ ենք կանգնած եւ գոյատեւման խնդիր ունենք լուծելու։ Ու այդ գոյատեւման վտանգը ոչ թե դրսից է, այլ՝ ներսից՝ մեր իշխանություններից: Ինչպես այս իշխանությունները մեր երկիրն ու ժողովրդին հասցրել է այս վիճակին, այնպես էլ սրանցից օր առաջ ազատվելով եւ մաքրվելով՝ շանս կձեւավորվի գոյապահպանման, ոտքի կանգնելու, մեջքն ուղղելու, շտկման:

Ի դեպ, ներսում էլ շատ խնդիրներ ունենք, օրինակ, Հովհ. Թումանյանը մի քանի հոդված ունի, որտեղ մատնանշում է, որ մենք դառնացած ժողովուրդ ենք, մեր հոգին հալալ չէ: Սա ուրիշ հարց է, բայց պետության ղեկավար լինել եւ թշնամի լինել քո ժողովրդին ու երկրին, ուրիշ է: Շատերը համեմատում են նախորդ ղեկավարների հետ, իհարկե, նրանք սխալներ ունեցել են՝ ամեն մեկն իր տեսակով, ծավալներով եւ այլն, բայց նրանք, համենայնդեպս, դավաճան, առավել եւս թշնամի չեն եղել: Սրանք արդեն դավաճանությունն անցել են, բացահայտ թշնամի են:

Տեսե՞լ եք՝ ինչ բառապաշար են օգտագործում, շիզոֆրենիկի պես վարչապետ կոչեցյալը կոմիկություններ է անում, ծամածռվում է ԱԺ ամբիոնում ու իրական Հայաստանի անվան տակ երկիրը տանում է կործանման՝ հողերը ծախելով, բանակը կազմալուծելով, պաշտպանունակությունը թուլացնելով: Սա ցանցային պատերազմի ամենաստոր, ժամանակակից կիրառումն է մեր պետության դեմ՝ իրենց նշանակած ամենակեղտոտ, ամենաանբարո կառավարիչների միջոցով: Ինչպես Թուրքիան Ադրբեջանում կառավարում էր ղարաբաղյան պատերազմի գործողությունները, նրանց ինստրուկտորները, գեներալները, բոլորն այնտեղ էին, այնպես էլ սրանց հրահանգավորում են դրսից: Օր առաջ պետք է գտնել միջոց սրանցից ազատվելու համար, որը կարող է դառնալ մեր երկրի շանսը՝ փրկվելու, վերականգնվելու, զարգանալու եւ հզորանալու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Շարունակությունը կարդացե՛ք այստեղ:

https://iravunk.com/sim/?p=298754&l=am/
ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան