Կոբախիձեն ճիշտ է, ուկրաինական պատերազմը երկար չի տեւի
ՎերլուծությունԱյսպիսով, դատելով այն սպասելիքներից, որ Թրամփ-Պուտին «լեզու գտնելու» հեռանկարը, գոնե ներկա դիրքերից դատելով, գնալով միայն ամրապնդվում է, դժվար չէ հասկանալ, որ այդ դեպքում խոսքը կարող է գնալ միայն գլոբալ պայմանավորվածությունների մասին, որտեղ ուկրաինական գործոնն ընդամենը դետալներից մեկն է: Նաեւ, որ նման գործոններ կան հետխորհրդային ողջ տիրույթում, եւ այդ բոլորը չեն կարող դուրս մնալ ընդհանուր պայմանավորվածությունների դաշտից:
Խոսքը, հասկանալի է, շատերից էլ առաջ հարավկովկասյան տիրույթի մասին է, եւ այն, որ Մոսկվան «հենման կետ» է փորձում գտնել այս տիրույթ գլոբալ վերադարձի համար, այս պահին բոլորն են հասկանում (Տե(ս նաեւ https://iravunk.com/?p=297541&l=am):
Ալիեւն ակնհայտորեն իրեն տեսնում է թյուրքական տիրույթում, որտեղ ունի սուլթանական կարգավիճակ: Նիկոլը, նման է, որ ինքն էլ չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում, եւ այդ «դարդից» իրեն տվել է հեծանիվ քշելուն՝ վերջնականապես վերածվելով ծաղրի օբյեկտի:
Որքան էլ տարօրինակ թվա, բայց ամենահավանական տարբերակն է մնում, որ նման «հենման կետ» Մոսկվայի համար կարող է դառնալ կովկասյան տիրույթում երբեմնի ամենաարեւմտամոլ Վրաստանը: Փաստը, որ այս երկրում արդեն անգամ եվրոպական դեսպաններն են սկսել մասնակցել ընդդիմադիր հանրահավաքների, ոչ թե պարզապես Վրաստանի ներքին գործերին խառնվելու կոպիտ քայլ է, այլ նաեւ դրանով Արեւմուտքն ի ցույց է դնում, թե ինչ կարգի է հիասթափված վրացական գործող իշխանություններից: Մյուս կողմից, երբ նախօրեին վարչապետ Կոբախիձեն կանխատեսում հնչեցրեց, որ ամենամոտ ժամանակներս պետք է սպասել ուկրաինական պատերազմի ավարտին: Իսկ թե ինչ է նշանակում ուկրաինական պատերազմի ավարտ ասվածը, այս պահին հասկանում են բոլորը. առնվազն, որ սահմանները կհաստատվեն ներկա ճակատային գծով մեկ, որը Մոսկվայի համար, իհարկե, հաղթանակ է եւ ոչ միայն ռազմական, այլ նաեւ՝ աշխարհաքաղաքական: Այսինքն, վրացական իշխանություններն այս պահին այն համոզմունքին են, որ պատերազմը կավարտվի ռուսական ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմամբ՝ ստանալով նման պատկեր: Մի կողմից իրենց հեռացումը պահանջող Արեւմուտքն է, հանուն որի արեւմտյան դեսպաններն անգամ միտինգների են մասնակցում: Մյուս կողմից էլ ռուսական գլոբալ դիրքերի ամրապնդման հեռանկարն է, եւ այս երկու տարբերակի մեջ պետք է ընտրություն կատարել: Իսկ վրացական ներկա իշխանությունները ցույց են տվել, որ գործում են միանգամայն պրագմատիկ, առանց իրական հողից կտրվելու, եւ թե այդ պարագայում որը կարող է դառնալ նրանց ընտրությունը, դժվար չէ կռահել:
Իհարկե, դեռ պետք է ստանալ հարցի պատասխանը, թե իրականում է՞լ Թրամփ-Պուտին պայմանավորվածությունների սպասելիքներն այդքան ռեալ են, այսինքն, չի՞ լինի այնպես, որ Թրամփը, տալով ծավալուն նախընտրական խոստումներ, հետո միանգամայն այլ քաղաքական կուրսի անցնի: Սակայն, նաեւ չմոռանանք, որ ռուսներն իրենց նախնական գնահատականներում առանձնապես Թրամփի այդ խոստումների վրա չէին էլ հիմնվում: Իրականությունը շատ ավելի պարզ է՝ ի՞նչ ընթացք եւ հավանական ավարտ կունենա ուկրաինական պատերազմը: Եվ Թրամփը, լինելով ոտքից գլուխ գործարար, հենց այդ իրողություններից ելնելով էլ կկատարի իր քայլերը, որի համար դեռ երկու ամսից ավել ժամանակ կա:
Եվ ահա, հենց ուկրաինական պատերազմն է, որ շարունակում է միանգամայն խոստումնալից ընթացքի մեջ մնալ ռուսների համար: Դետալները մի կողմ թողնենք, դրանք չափազանց շատ են՝ ներկայացնելու համար: Բայց, ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակը սա է: Այս պահին ռուսները ակտիվ հարձակողական օպերացիաներ են իրականացնում հարավային գոտում, որի արդյունքում, շատ մեծ հավանականությամբ, միգուցե դեռ մինչեւ Թրամփի ինագուրացիան ողջ հարավային Դոնեցկը կհայտնվի ռուսական վերահսկողության տակ՝ Դնեպրոպետրովսկի մարզ դուրս գալով հանդերձ: Կենտրոնական եւ հյուսիսային Դոնեցկում եւս այս պահին ընթանում են խոշոր օպերացիաներ, եւ այդ ողջ գոտում ուկրաինական ուժերը, հարավային Դոնեցկում ռուսների ամբողջական հաջողություններից հետո, գործնականում դիմադրելու շանսեր չունեն: Այս օրերին օպերացիաներ են սկսվում նաեւ Զապորոժիեի ճակատում, որոնց մասին ասելու դեռ քիչ բան կա, սակայն ընդհանուր ճակատային ֆոնն էլի մնում է ռուսների օգտին: Մնում է միայն Կուրսկի տիրույթ ներխուժած ուկրաինական ուժերի թեման: Սակայն մեծ հարց է, թե ռուսներն այս պահին ձգտո՞ւմ են այս հատվածի արագ ազատագրմանը: Ճիշտ է, այստեղ եւս ծավալուն գործողություններ կան, ռուսական ուժերը գրոհում են: Բայց մյուս կողմից, Կուրսկի ճակատը սպունգի նման ներծծում է ուկրաինական ռեզերվները, որոնք այս պահին անչափ անհրաժեշտ կլինեին մյուս ճակատներում: Վերջապես, ուկրաինական կողմի հիմնական խնդիրը հենց ռեզերվային եւ նյութատեխնիկական ծայրահեղ պակասն է: Մոբիլիզացիան ընթանում է ծայրահեղ ծանր՝ տալով ծրագրվածի հազիվ 20-25 տոկոսի չափով արդյունք: Մոբիլիզացվածների հիմնական մասը, ճակատ հասնելուն պես, ավելի ու ավելի աճող մասշտաբներով են գերադասում դասալքել կամ գերության հանձնվել: Եթե սրան գումարվեն նաեւ ամերիկյան օգնության անկումները, ապա ոչ միայն ճակատային, այլ նաեւ թիկունքային հարցերում ուկրաինական կողմի ընդհանրական վիճակը կանցնի կատաստրոֆիկի սահմանից էլ այն կողմ:
Չէ, Կոբախիձեն չի սխալվում, այս պատերազմն արդեն երկար հազիվ թե շարունակվի: Իսկ թե որոնք կարող են լինել հետպատերազմյան հավանական սցենարները, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, դժվար չէ արդեն պատկերացնել:
https://iravunk.com/sim/?p=297542&l=am/