Քաղաքաքանդը
ՎերլուծությունԻշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քթի տակ՝ մայրաքաղաքում, չտեսնելով, թե ինչ ավեր է կատարվում, որոշել է զավթել Գյումրիի քաղաքային իշխանությունը: Աշուղ Ջիվանին կասեր. «Խելքին աշեցեք…»: Ու խնդիրը միայն տրանսպորտի թանկացման շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակը չէ, որ ոլորտին մոտենաս, նույն պատկերն է՝ ավանտյուրա ու թալան: 2806-ամյա քաղաքն այսպես քանդել, նույնիսկ թշնամիներին չի հաջողվել: Բանը հասել է անգամ նրան, որ 2018-ի էյֆորիայի ներքո քաղաքապետի աթոռին հայտնված Հայկ Մարությանն է նույնիսկ սկսել քննադատել իր սրտի իշխանությանը:
Օրինակ, ո՞ր քաղաքապետի մտքով կանցներ, որ կարելի է փողոցներն էլ վաճառել, բայց արի ու տես, որ «Ասենք, կանենք» կարգախոսի ներքո՝ ՔՊ-ն սա էլ կարող է անել: Քաղաքաշինության ոլորտում առկա խախտումներն ուղղակի աղաղակող են: Ինչպես Փաշինյան Նիկոլը կասեր, գործում է հայտնի բանաձեւը. «Խախտի՝ փողը տուր, էլի փող տուր՝ էլի խախտի, էլի փող տուր՝ էլի խախտի»: Շինարարական «բում»-ով պարծեցող քաղաքային իշխանությունը Երեւանն ի վերջո հասցնելու է կատարյալ կոլապսի: Չկան անհրաժեշտ կոմունիկացիաներ, կոյուղիներ, ճանապարհներ, բայց շենքերն օր օրի սնկի պես աճում են: Իսկ քաղաքաշինական նորմերի մասին ոչ ոք չի խոսում: Կարեւորը՝ փողը գետի պես հոսում է ոմանց գրպանները: Իսկ օդի աղտոտվածության մասին էլ չասենք, հարցրեք յուրաքանչյուր զբոսաշրջիկի, որի համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես է երեւանցին թթվածնի փոխարեն՝ ցեմենտ-բետոն շնչում ու ապրում:
Նշեցինք ճանապարհների մասին, հիշեցինք գծանշումները, որոնք դարձել են գրատախատակի վրա սեւագիր, մի հատ անձրեւը բավարար է, որ դրանից ոչինչ չմնա, եւ հաջորդ օրը նորից գծեն ու ջնջեն: Ընդ որում՝ երբ քաղաքի խցանումներն արդեն դարձել են վնասակար վարորդների առողջության եւ ուղեւորների նյարդերի համար: Անգամ 2018-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար ճանապարհ փակող տաքսիստներն են սկսել «հիշել» պատասխանատու այրերի անցավորներին ու մերձավորներին…
Իսկ պատասխանատուների մոտ իսպառ բացակայում է հանրային շահի առաջնահերթությունը: Տպավորություն է, որ բոլորը բիզնես շահեր են հետապնդում, իսկ թե ինչ կլինի հետո՝ առաջնորդվում են Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 15-րդի սիրուհու՝ մարքիզուհի դը Պոմպադուրի պատգամով. «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ»:
ԻՆՉՊԵՍ Է ԾԱՂԿՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՔՊ-Ի ՕՐՈՔ
Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե՝ «2018-ի հեղափոխությունն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքները՝ արդարությունն ու կոռուպցիայի վերացումն է»: Այն, որ արդարություն չկա, ամեն օր քաղաքացին զգում է սեփական մաշկի վրա, իսկ կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլ ծաղկում է ապրում: Ավինյան Տիգրանի ղեկավարած քաղաքային իշխանության որ օղակին բզում են, տակից մի կոռուպցիոն մեծ սկանդալ է դուրս գալ: Հերթականն իրեն ուշացնել չտվեց:
Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների բաժնի պետ Արսեն Աղաբեկյանը, նրա տեղակալը, նույն բաժնի եւս մեկ աշխատակից ու մեկ քաղաքացի։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Ըստ նախնական տեղեկությունների` Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը վերաբերում է ենթադրյալ կաշառքի եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու դեպքին։ Մամուլում առկա հրապարակումների համաձայն` նրանք կասկածվում են հանրային սննդի օբյեկտներից լիցենզիայի պետական տուրքի գումարներն առձեռն հավաքագրելու եւ Կենտրոն վարչական շրջանում սուրճի ապարատներ տեղադրելու թույլտվություններ տալու համար: Քրգործ չէ է, զավեշտ է, զավեշտ:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ էլ հերթական սկանդալն էր պայթել Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում: ԱԱԾ-ն ու ՔԿ-ն Արաբկիրի թաղապետարանում քննչական ու վարույթային գործողություններ իրականացրին, որից հետո վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ համակցված 30 միլիոն դրամ գրավով, իսկ նրա երկու տեղակալներ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին։ Հետո էլ տնային կալանքի տարված Արամ Ազատյանը կալանավորվեց: Արաբկիրի թաղապետարանի պաշտոնյաների վերաբերյալ քրեական վարույթով քննության առարկա են ինքակամ կառույցները չքանդելու համար կաշառքի եւ շենքերի բարեկարգման համար հատկացվող գումարների յուրացման, փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանգամանքները:
Ու սրանք դեռ վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցող ամենացցուն դեպքերն են: Ահա թե ովքեր են օրվա իշխանության հատընտիր կադրերը: Ու նույն իրավապահ մարմինները չեն ասում, որ «ձուկը գլխից է հոտած»: Քաղաքագլխում նստածներն էլ «փուռն» են տալիս հերթական իրենց կադրին ու սրբի դեմքով մնում իշխանական աթոռներին:
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
Իսկ քաղաքացին դեռ անակնկալի է գալիս, որ տրանսպորտի թանկացումն այլեւս սարերի հետեւում չէ: Ու մոռանում են, որ քաղաքային տրասպորտը իբր բարելավող իշխանությունը, միջքաղաքային տրանսպորտի հերը վաղուց է անիծել: Գիտե՞ք, թե Երեւանից մարզեր տրանսպորտը, որտեղից է գնում: Տրամաբանությունը կհուշեր, որ ավտոկայանից, բայց՝ ոչ, իրականում՝ որտեղից պատահի: Ահա նաեւ քաղաքի մշտապես խցանումների պատճառներից մեկը: Հայտնի «Ռայկոմում» շարվեշարան կանգնած մեքենաներն ու գիծը նայողները, կարծես, օրենքից դուրս լինեն. այնտեղ գործում են իրենց «պանյատները»: Երեւի, անգամ ջունգլիներում կան որոշակի կանոններ, բայց ոչ Երեւանում: Ու այս խնդիրները թողած՝ ի՞նչ է անում քաղաքապետարանը, թանկացնում է տրանսպորտը: Փաստացի 1 ուղեւորության արժեքը տրանսպորտով ներկայիս 100 դրամի փոխարեն՝ դառնում է 300 դրամ: Քիչ է որ ստիպողաբար հրամցնում են իրենց Tellcell-ը, թե բա՝ տրանսպորտով երթեւեկելու համար պիտի ունենաս QR կոդ, մի բան էլ հունվարի 1-ից եռակի թանկացնում են տրանսպորտը:
Մեքենաների կայանման համար կարմիր գծերը թանկացրին, փաստորեն, բավարար չէր, ախորժակն ուտելուց է բացվում: Ընդ որում՝ այն դեպքում, երբ կարմիր գծերն էլ թանկացնում էին՝ ասելով, թե դրանով բեռնաթափում են քաղաքը: Իրոք, լավ բեռնաթափել են, մեքենաները թափվել են իրար գլուխ, քաղաքացիներն էլ՝ իրար, անգամ մետրոն է դարձել ոչ թե հարմարավետ, այլ «ճխտված» տրանսպորտ: Ի դեպ, թող մարզերում էլ շատ «արխային չընկնեն», արդեն իսկ կան փորձագիտական կարծիքներ, որ Երեւանից հետո՝ տրանսպորտը դոմինոյի էֆեկտով թանկանալու է բոլոր տեղերում:
Եվ սա կոչվում է քաղաքային տնտեսություն, այս վիճակում քաղաքը նույնիսկ ՀՀՇ-ի օրոք չէր եղել: Կործանվող մայրաքաղաքը փրկություն է աղերսում ՔՊ-ականներից, մասնավորապես՝ ավիՐյանականներից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=297475&l=am/