Հարավային Կովկասում միաժամանակ երկու աթոռի վրա նստելը վտանգավոր է. Արչիլ Սիխարուլիձե
ՏեսանյութերՎրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին վրացի քաղաքագետ, Sikha Foundation նախագծի հիմնադիր ԱՐՉԻԼ ՍԻԽԱՐՈՒԼԻՁԵԻ հետ զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ:
«ՍԱ ԱՅՆ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ՈՐՏԵՂ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՀԱԿԸ ՎԵՐՑՆԵԼ ՈՒ ՔՇԱԾ ԳԱԼ ԹԲԻԼԻՍԻԻ ՎՐԱ»
— Պարոն Սիխարուլիձե, ինչպե՞ս կգնահատեք ընտրական մթնոլորտը Վրաստանում ընդհանուր առմամբ:
— Ես հաճախ եմ նշում, որ պետք չէ իրականությունը շփոթել հեռուստաալիքներով մատուցվողի հետ։ Իրականությունն այն է, որ վիճակը բնականոն հունի մեջ է եւ, կարծում եմ, որ կմնա այդպիսին։ Առայժմ լարվածություն չի նկատվում։ Նախքան ընտրությունները , միտինգային ալիքի բարձրացում, ինչպես ենթադրվում էր, քիչ հավանական էր։
Կառավարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ հանրահավաքներին կարող են մոտենալ ինչպես եվրոպական չափանիշներով, այնպես էլ՝ ամերիկյան։ Նկատի ուներ այն, որ Վրաստանի ոստիկանական ուժերը շատ հանդուրժող են։ Նույնիսկ, երբ նրանց վրա հարձակվում կամ վիրավորում են (խոսքով), նրանք սովորաբար լռում են, ինչն ըստ էության, այնքան էլ ճիշտ չէ, քանզի օրենքով նրանք իրավունք ունեն շատ կոշտ գործել։
Ոստիկանության նկատմամբ բազմաթիվ հարձակումներից հետո հայտարարավել էր, որ իրենք առայժմ իրենց եվրոպական ձեւով են պահելու, գործելու են ըստ օրենքի։ Իսկ օրենքով ոստիկանի հասցեին վիրավորական արտահայտություն անելու կամ նրա վրա հարձակվելու համար կարող են բանտ նստեցնել: Հետո իշխանության ներկայացուցիչը նշել էր, որ ամերիկյան ձեւով են պահելու։ Իսկ դա նշանակում է, որ վարչական շենքերի, հաստատությունների վրա հարձակումների դեպքում ոստիկանությանը թույլ էր տրվում խոցող կրակ բացել։
Կարծում եմ, որ դրանից հետո ջղային հայտարարությունները, որ հնչում էին ընդդիմության, նույնիսկ ակադեմիական վերնախավի մի փոքր մասի կողմից, որոնցով հեղափոխական կոչեր էին անում, միանգամից մարեցին։ Վրացերեն այդպիսի արտահայտություն կա. «Ինչո՞ւ ես այդպես լաց լինում… Ինչպես կարողանում եմ, այդպես էլ լացում եմ»։ Ցավոք, մեր երկրներում ու Վրաստանում էլ մինչ օրս կան մարդիկ, որոնք համարում են, որ եթե ստացվում է, ապա պետք է մինչեւ վերջ ճնշել: Բայց իշխանությունը որոշակի պահի հասկացրեց, որ անհրաժեշտության դեպքում կարող են ձեզ օգնել, որ ձեր լացը դադարեցնեք։ Եվ դրանով էլ ամեն ինչ վերջացավ, ինչպես ես կանխատեսում էի, ասում էի, որ միտինգները ոչնչի չեն հանգեցնելու։
Ես ուզում եմ ձեր ունկնդիրներին հստակ ասել հետեւյալը․ պետք չէ Վրաստանը շփոթել Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի կամ Ռուսաստանի հետ։ Վրաստանում ինստիտուտների համակարգը կանգնած է իր դիրքերում: Վրաստանի ոստիկանությունը, զինված ուժերը, վարչական կառույցները, բոլորը աշխատում են, իրականացնում են իրենց գործառույթները։ Սա այն երկիրը չէ, որտեղ մեկը կարող է մահակը վերցնել ու քշած գալ Թբիլիսիի վրա։ Գիտեք, արդեն շատ վաղուց դա այդպես չէ, ուստի՝ տեղին չեն այնօրինակ հայտարարությունները, որ այ, եթե Արեւմոտքը ուզենա… Վրաստանը վաղուց այն երկիրը չէ, որտեղ կարող է ժամանել եվրոպական կամ ռուսական որեւէ գործիչ ու հայտարարել, թե՝ սրան փոխում ենք, նրան փոխում ենք: Այդ ժամանակաշրջանը Վրաստանում վաղուց ավարտվել է: Այդ իսկ պատճառով հեղափոխություն անելու կոչերին պետք է արձագանքել այնպես, ինչպես դա անում են բոլոր եվրոպական երկրներում։ Այսինքն՝ պետք է ձերբակալել, բանտ նստեցնել, եթե կան լուրջ սպառնալիքներ: Մնացած ամենը պարզապես հռետորաբանություն է: Եվ երկրում հիմա շատ հանգիստ է, հանդարտ ու խաղաղ:
Տեսանելի է, որ կան փոքրամասնություն կազմող որոշակի շերտեր, որոնք քաղաքականապես ակտիվ են, նրանք շատ են ճչում, մռնչում, բայց բնակչության եւ ընտրողների մեծամասնությունը չափազանց հոգնել է այդ գոռում-գոչյունից։ Եվ, ի դեպ, «Վրացական երազանքը» այդ ամենի վրա շատ լավ խաղում է։ Նրանք հրաշալի հասկանում են, որ ժողովուրդը, որն անցել է այն ամենի միջով, ինչի միջով վրաց հասարակությունն է անցել, այլեւս չի ուզում այդ հեղափոխական լոզունգները: Հասկանո՞ւմ եք, Հայաստանում 2018 թվականին էլ հեղափոխություն եղավ, իսկ Վրաստանում մինչեւ այդ այնքա՜ն հեղաշրջումներ են եղել, որ բոլորն արդեն հոգնել են։
Մեր արեւմտյան գործնկերների հռետորաբանությունը, եթե ուշադիր լսենք, հանգում է հետեւյալին․ ընտրություններ, ընտրություններ, ընտրություններ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ակնհայտ է դարձել, որ Վրաստանում պետական ինստիտուտները շատ լավ կանգնած են իրենց դիրքերում։ Որքանով են դեմոկրատական, թե՝ ոչ, դեռ դնենք մի կողմ։ Մյուս կողմից, իշխանության տապալումը Արեւմուտքին էլ ձեռնտու չէ, որովհետեւ եթե դա նույնիսկ հաջողվի, ապա հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու զբաղվել միտինգներ ճնշելով։ Եթե մեծ ճոճ ես հաղորդում նավակին, ապա հետո երկար ժամանակ, ստիպված ես լինելու այն հանդարտեցնել։
Ինչ վերաբերում է սպասումներին, ինձ թվում է, որ բոլորն այսպես, թե այնպես հաշտվել են այն մտքի հետ, որ «Վրացական երազանքը» հաղթել է։ Բոլոր վիճակագրական տվյալները դա էին ցույց տալիս։ Միաժամանակ երեւում է, որ ընդդիմությունը խորը ճգնաժամի մեջ է, եւ այդ չճգնաժամը պայմանավորված է նրանով, որ իրականում ընդդիմությունը ոչինչ չի առաջարկում։ Միայն ճչոցներ են, որ Վրաստանը Մագադան է գնում, Ստամբուլ է գնում, չգիտես` ուր է գնում։ Իսկ իրականում իրենք ոչինչ չեն առաջարկում, միջին խավի հետ աշխատանք չեն տանում, մեր գործընկերները հիմնականում նստած են Բրյուսելում, Նյու Յորքում, էլի ինչ-որ տեղ, բայց` ոչ Վրաստանում, եւ դա շատ ուժեղ զգացվում է։ Դրա համար էլ արեւմտյան գործընկերները, այսպես ասեմ՝ սպառնում են, մատ են թափ տալիս, խոսում պատժամիջոցների մասին, որպեսզի ճնշում գործադրեն ընտրողների վրա։ Որքանո՞վ դա արդյունավետ կլինի։ Ինձ թվում է, որ՝ ոչ այդքան, որովհետեւ իմ կարգի, այսինքն՝ 30-45 տարեկան, միջին խավը ներկայացնող մարդիկ հոգնել են այդ ամենից։ Նման սպառնալիքներով հազիվ թե կարելի է ընտրողներին վախեցնել։
«ԱՅՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ ԷԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2000-ԱԿԱՆՆԵՐԻՆ, ՀԻՄԱ ԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ»
— Արեւմուտքը երկակի չափանիշներ է կիրառում, օրինակ` Հայաստանում աջակցում է ցույցերը դաժանաբար ցրող իշխանություններին, իսկ Վրաստանի իշխանություններին դիտողություններ է անում, որ հանկարծ ցուցարարների մազին չկպնեն։ Այդ երկակի ստանդարտների կիրառումը չի՞ խարխլում վրաց հասարակության վստահությունը Արեւմուտքի եւ արեւմտյան արժեքների նկատմամբ։
— Նախ` միջազգային չափանիշներով, Վրաստանում ցույցեր չեն ճնշվել։ Վրաստանում պարզապես կան մարդիկ, որոնք կարծում են, որ կարելի է փչացնել մարդկանց գույքը, ջարդել տեսախցիկներ, ներխուժել խորհրդային շենք եւ այլն։ Բայց դա չի կարելի, չի թույլատրվում։ Նույն Եվրոպայում, ԱՄՆ-ում դրա համար ձեզ կարող են հենց դեպքի պահին գնդակահարել։ Եվ խոսել այն մասին, թե ինչ-որ մեկն իրավունք ունի Եվրամիության կամ Չինաստանի դրոշով ներխուժել պետական հաստատություն, տեղին չէ, ու դա չի թույլատրվում։ Եվ էլի, ցավոք, դա գալիս է նրանից, որ Հայաստանը, Վրաստանը ընկալվում են որպես «երրորդ աշխարհի երկրներ»։ Իբր այն, ինչ կարելի է Զեւսին, չի կարելի եզին։ Իբր Եվրոպայում, Ավստրիայում, նման բան չի կարելի անել, իսկ այ Վրաստանում կարելի է։
Բայց Խորհրդարանի շենքը ուժով զավթել չի կարելի։ Ուզում եք՝ օրը երկու անգամ ԱՄՆ-ի, Եվրոպայի կամ Ուկրաինայի դրոշով շոր հագեք, դրանից ոչինչ չի փոխվում։ Ընտրողների մեծ մասը Վրաստանում անցել է 90-ականների միջով, անցել է քաղաքացիական պատերազմի միջով։ Մենք դա արդեն տեսել ենք։ Մենք տեսել ենք մարդկանց, որոնք համարում են, որ հանուն իրենց գաղափարների կարելի է խորհրդարանն էլ գրավել, կարելի է թնդանոթներից էլ կրակել խորհրդարանի շենքի վրա, կարելի է մարդկանց վրա կրակել։ Այդ ամենը մենք արդեն անցել ենք։
Եվ այս վերջին շրջանում (նկատի ունի ընդդիմության ցույցերը խորհրդարանի մոտ, - հեղինակ), երբ երեք-չորս օր դա շարունակվում էր, ինձ հասկանալի էր, որ այդ ամենը շուտով կավարտվի։ Դա հասկանալի է այն բանից հետո, երբ այդ իբր խաղաղ ցուցարարները շրջափակման մեջ առան խորհրդարանի շենքը, հասկանալի դարձավ, որ դա բռնություն է, իսկ բռնությանը Վրաստանի հասարակության մեծ մասը չի աջակցի։
Նոր սոցիալիստական, կամ նոր արեւմտյան, չինական, կամ ռուսական հեղափոխություն Վրաստանում տեղի չի ունենա։ Կրկնում եմ, այդ ժամանակաշրջանը Վրաստանում ավարտվել է։ Միգուցե հասակ առնի մի նոր սերունդ, որ 90-ականները չի տեսել, նրանք ցանկանան կռվել իրար հետ։
Ինչ վերաբերում է դեսպանների հայտարարություններին (օրինակ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը) ես միշտ ասում եմ՝ պետք է ծանոթանալ միջազգային հարաբերությունների պատմությանը։ Արեւմուտքն անում է այն հայտարարությունները, որոնք իրեն են ձեռնտու, եւ՝ վերջ։ Արեւմտյան գործընկերները մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը արեւմտամետ է, դրա համար նա կարող է խփել ցանկացած ցուցարարի մինչեւ այն պահը, երբ լուրջ արյունահեղություն չլինի, կամ մինչեւ այն բանին չհասնի, որ ասեն՝ «սիրուն չի»։
Գանք Վրաստանին․ «Վրացական երազանքը» չցանկացավ հրաժարվել իր քաղաքական պլատֆորմից եւ ասում է, որ մենք չենք զոհաբերելու մեր շահերը՝ հանուն Արեւմուտքի, կամ Ուկրաինայի շահերի։ Արեւմտյան երկրների մի մասի համար «Վրացական երազանքը», քանի դեռ ընտրությունները չեն ավարտվել, վատն է։ Դրա համար էլ նրանց ընկալմամբ՝ Վրաստանում ընդդիմությանը կարելի է անել ավելին, քան ցանկացած ընտրողի, կամ ցուցարարի՝ Հայաստանում։
Բայց միջազգային հարաբերություններում դա միշտ էլ այդպես է եղել, պարզապես ամերիկյան դիվանագետների, գիտնականների, քաղաքական գործիչների նախորդ սերունդը շատ փորձառու էր։ Նրանք գիտեին, թե ինչպե՞ս է ընթանում քաղաքականությունը, եւ շատ զգուշավոր էին իրենց ելույթներում։ Իսկ նոր դեսպանները, ցավոք, այնպիսի մարդիկ են, որոնք ընդհանրապես չեն հասկանում, թե ուր են եկել։ Նրանց քաղաքական լոզունգները հիշեցնում են 90-ականների վերջերը, 2000-ականների սկիզբները, կարծես, ոչինչ չի փոխվել: Դրա համար էլ մարդիկ դադարել են վստահել նրանց։ Համենայնդեպս՝ Վրաստանում։ Եվ հիմա, երբ լսում ենք հայտարարություններ, ինչպիսիք հնչել են 20 տարի առաջ ու դրանցով ուզում են ինձ` որպես ընտրողի, ինչ-որ բան համոզել, ասում ենք՝ կներեք, մենք արդեն փորձ ունենք։
Սխալները, որոնք հիմա գործում է Արեւմուտքը, նույն սխալներն են, որոնք թույլ տվեց Ռուսաստանը 2000-ականներին, այն ժամանակ, երբ Վրաստանը ցանկացավ փախչել Ռուսաստանից։ Որովհետեւ այն ժամանակ Ռուսաստանը շատ ագրեսիվ հռետորաբանություն էր գործածում, համարում էր, որ այ հիմա կպատժի Վրաստանին, ու Վրաստանը ստիպված կլինի վերադառնալ նրա գիրկը, ստիպված կլինի նրա նշած քայլերը անել, այլապես՝ կարգելենք «Բորժոմին», կարմիր գինին, վիզաները... Բայց մենք տեսանք, որ Վրաստանը վերապրեց, եւ հիմա էլ հարաբերությունները ծանր վիճակում են։ Ռուսաստանի քաղաքական վերնախավը չհասկացավ, թե ում հետ գործ ունի։ Եվ նույն բանն այսօր կատարվում է Արեւմուտքի հետ։
Չտվեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, չնայած վրացիների մեծամասնությունը համոզված է, որ դեմոկրատական զարգացման մակարդակով Վրաստանը երկու գլուխ բարձր է Հայաստանից, հինգ գլուխ բարձր է Մոլդովայից եւ մի 20 գլուխ էլ բարձր է Ուկրաինայից։ Եվ ամեն անգամ ես զարմանում եմ, երբ մեր արեւմտյան գործընկերները մատնանշում են ներկայիս Հայաստանը, Մոլդովան կամ Ուկրաինան՝ որպես դեմոկրատիայի ավելի լավ օրինակ, քան Վրաստանն է։ Վրաստանում նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում «Վրացական երազանքը», նման հայտարարություններից, ոչ թե քմծիծաղ են տալիս, այլ վիրավորվում են։ Վիրավորվում են, որովհետեւ վերջին 20 տարում վրացիներն արել են ամեն ինչ, որպեսզի այս երկրում կարողանան միասին ապրել ուկրաինացին, ռուսը, ադրբեջանցին եւ այլն։ Եվ նման հայտարարությունները Արեւմուտքին ոչ մի կերպ ոչ մի լավություն չեն անում, այլ է՛լ ավելի են խորացնում անվստահությունն Արեւմուտքի նկատմամբ։ Անվստահությունը խորանում է հասարակության այն շերտերում, որոնք վաստակում են իրենց քրտինքով։ Խոսքը գրանտների վրա նստածների մասին չէ։
Մեր արեւմտյան գործընկերները, ամերիկացիները պետք է փոխեն իրենց խորհրդականներին եւ բերեն մարդկանց, որոնք հասկանում են, որ աշխարհաքաղաքականությունը, իրականությունը, տնտեսությունը պետք համատեղվեն։ Եթե ասվելու են հիմարություններ, որոնք ընդունելի չեն Վրաստանի, Հայաստանի բնակչության մեծ մասի համար, ապա այդ հռետորաբանությամբ դուք հեռու չեք գնա։ Այսօրվա դրությամբ Արեւմուտքի հռետորաբանությունը Վրաստանի բնակչության 80% -ի համար ակտուալ չէ։ Օրինակ, հռետորաբանությունն առ այն, թե մեզ պետք են ինչ-որ գենդերային քվոտաներ, ԼԳԲՏ շարժումներ։ Այդ ամենը բացարձակապես ակտուալ չէ Վրաստանի համար։ Այնպես որ, ինչքան քիչ լինի նման հռետորաբանությունը եւ գերակշռի պրագմատիզմը, այնքան՝ ավելի լավ։ Ուստի՝ այն սպասումները, թե հոկտեմբերի 26-ից հետո Վրաստանը շրջադարձ կկատարի եւ կվերադառնա 2005 թվական, արդարացված չեն։ Վրաստանը երբեք չի դառնա այնպիսին, ինչպիսին էր 2005 –ին, որովհետեւ հասարակությունը զարգացել է, քաղաքական գիտակցության աստիճանը բարձացել է, այդ թվում՝ Արեւմուտքի շնորհիվ։ Հասարակությունը հասկացել է, թե ինչպիսին են խաղի կանոնները, ու վերադարձ անցյալին չի լինի։ Բայց մեր գործընկերները դա չեն ուզում հասկանալ։
Այն լոզունգները, որոնք արմատավորվում էին Վրաստանում 2000-ականներին, հիմա բերել են Հայաստան։ Որ, այ, հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա, եւ այլն, եւ այլն։ Ես մեր հայ գործընկերներին միշտ օրինակ եմ հուշում. նայեք Վրաստանի նորագույն շրջանի պատմությունը՝ մեկին՝ մեկ նույն լոզունգները, նույն բառերը, Փաշինյանի հայտարարությունները, հռետորաբանությունը, նույնն են։ Իսկ Վրաստանի արտաքին քաղաքականության պատմությունը ցույց է տալիս, որ Հարավային Կովկասում միաժամանակ երկու աթոռի վրա նստելը շատ բարդ է լինելու, եթե ոչ՝ վտանգավոր։
Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=296165&l=am/