Մեզ տանում են մի տեղ, որը կոչվում է կործանում. քաղաքական սատիրա՝ Պարոնյանի բեմում
ՏեսանյութերԻ՞նչ կլինի, եթե գիտակիցը՝ այն էլ պատգամավորի թեկնածու, անպատասխանատուն, վիրտուոզը, սիրահար, բայց անտարբեր զույգերը, անհաշտ ամուսինները, խոզապահն ու աշխատավորության վառ ներկայացուցիչը հայտնվեն մի ավտոբուսում, որի վարորդն ինքն էլ չգիտի՝ որ ուղղությամբ է գնում: Այս հարցի պատասխանն ավելի խորքային է, երբ զուգահեռներ տանելով՝ տեսնում ես, որ պետությունն էլ է նույն այդ ավտոբուսի կարգավիճակում: Մխիթարողն այն է, որ սա ոչ միայն մեր օրերի, այլ բոլոր ժամանակների խնդիրն է, ինչի մասին 1980 թվականին գրել է բուլղարացի դրամատուրգ Ստանիսլավ Ստրատիեւը եւ այս մասին իր պիեսն անվանել «Ավտոբուս»: Իսկ 1988 թվականին այն բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանը, եւ ահա այսօր՝ 36 տարի անց, թեման շարունակում է մնալ ավելի քան ակտուալ, ինչը նոր շունչ է ստացել ռեժիսոր ԱՐԹՈՒՐ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ բեմադրությամբ՝ միայն թե «Ավտոբուս»-ն արդարացիորեն վերանվանվել է «Մեր ճանապարհը»: Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմ բարձրացած այս ներկայացման առաջնախաղից հետո՝ «ԻՐԱՎՈՒՆՔ»-ը զրուցեց բեմադրիչի հետ:
«ՊԵՏՔ Է ԽՈՍԵՄ ԹԵՄԱՆԵՐԻՑ, ՈՐՈՆՔ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՁ, ՁԵԶ, ԲՈԼՈՐԻՍ»
— Հանդիսատեսը հերոսներից մի քանիսին, անգամ ավտոբուսի չերեւացող վարորդին ճանաչեց մեր իրականությունից: Իրականում կա՞ ներկայացման մեջ ոչ միայն քաղաքական սատիրա, այլեւ՝ կոնկրետ ենթատեքստ:
— Իմ կերպարներն ընտրել եմ ընդհանրական, որպեսզի բոլորը տեսնեն, որ, օրինակ, սա ազգի ձայնը բարձրացնող ինչ-որ երեսփոխան է, մյուսը՝ աշխատավոր մարդն է, որն այսօր չգիտես ինչ է ուզում, մյուսը արվեստագետն է, որին եթե շատ «սեղմես»՝ հարսանիքներին էլ կնվագի, անտարբեր երիտասարդությունը, որին ուզում են զոհ դարձնեն: Իրականում ավտոբուսը մեր պետությունն է, իսկ այն ճանապարհը, որն անցնում է վայրիվերումներով, բախումներով, վթարներով, դա հենց մեր ճանապարհն է: Եվ այդ ճանապարհին, այո՛, յուրաքանչյուրս կարող ենք հանդիպել այդ կերպարներին կյանքում: Եվ նրանք չեն փոխվի, եթե ինքներս չփոխվենք: Սա է իմ ասելիքը: Փորձել եմ քաղաքական սատիրայով այս ամենը տեղ հասցնել։ Ստրատիեւի այս ստեղծագործությունը բավականին հայտնի է, որը կոչվում է «Ավտոբուս», բայց ես փոխել եմ, տեղայնացրել ու դարձրել «Մեր ճանապարհը»։ Փորձել եմ մեր անցած ու անցնելիք ճանապարհը ցույց տալ։ Ես Հայաստանից եմ, երեւանցի եմ եւ անմասն չեմ իմ ժողովրդից: Ուստի՝ կարծում եմ, որ պետք է խոսեմ այն թեմաներից, որոնք անհանգստացնում են ինձ, ձեզ, բոլորիս:
— Ու, ցավոք սրտի, այն խնդիրները, որոնց մասին գրել է Ստրատիեւը 44 տարի առաջ, այսօր նույնքան արդիական են… Նույն սոցիումն է, նույն կերպարներն ու նույն իրավիճակը:
— Ցավոք, սոցիումը երբեք չի փոխվում: Փոխվում են հագուստի ձեւերը, փոխվում են ժամանակները, բայց երբեք չեն փոխվում, այսպես ասած, ամբոխավարության սկզբունքները, ինչը երբեմն-երբեմն, արի ու տես, որ մեզ տանում են մի տեղ, որը կոչվում է, եկեք ծայրահեղացնեմ եւ ասեմ՝ կործանում:
«ԱՅԴՊԵՍ ՉԷ, ՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՎ՝ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԿԴԱՌՆԱՆՔ»
— Ի վերջո, լուծումը ո՞րն է: Ներկայացման մեջ ավտոբուսի վարորդը, որի ուղեւորներն էին ժողովրդի հավաքական կերպարները, փոխվեց մեկ ուրիշով, իսկ իրավիճակը փոխվե՞ց:
— Այդ նույն սոցիումին միշտ թվում է, թե ավտոբուսի վարորդին կամ երկրի ղեկին նստածին փոխելուց հետո՝ մեր մեջ ինչ-որ բան կփոխվի: Մեզ միշտ թվում է, որ մենք ինչ-որ հեղափոխություններ անելով, ինչ-որ մարդկանց գահընկեց անելով՝ ավելի լավը կդառնանք։ Ես այս բեմադրությամբ դրոշակ եմ բարձրացրել, որ այդպես չէ, եկեք յուրաքանչյուրս սկսենք մեզնից։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հասարակության արմատական մտածողության մեջ որոշակի շտրիխներ փոխեմ։ Ինքս ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության կողմնակիցը չեմ, հասարակության անդամ եմ, եւ եթե որեւէ բան պետք է ներդնենք մեր ապագայի համար, պետք է բոլորս ներդնենք։ Այդ հեղափոխությունները, իշխանափոխությունները մեզ կտանեն ընդամենը քաղաքական «ֆինալների», բայց դեպի բարոյական բարեկեցության, ըստ պիեսի հեղինակի, դժվար թե հասնենք այս տեմպերով:
— Ներկայացման մեջ ավտոբուսն անդունդը չգլորվեց, բայց նոր վարորդով հայտնվեցին զրոյական կետում եւ սկսեցին ճանապարհը նորից…
— Ցավոք, մենք անընդհատ գալիս ենք սկզբին՝ անում ենք, հետո կորցնում ենք, զոհում ենք, ձեռք ենք բերում, հաղթում ենք, պարտվում ենք ու նորից գալիս ենք սկզբին: Երբեք չենք շարժվում առաջ, որովհետեւ, էլի եմ ասում՝ չենք փորձում փոխել ինքներս մեզ:
— Վերջիվերջո, ի՞նչ էր ուզում դեկին նստածը:
— Նա ինքն էլ չի հասկանում` ինչ է ուզում, եւ ամենավատը դա է: Մի պահ ուզում է հաց, մի պահ ուզում է հասնել իր հայրական գյուղ, ինչ-որ ուրիշ պահի նա կարոտում է իր պապու թուրը, մոր թխած հացը: Երբ վարորդը հասկանա ինչ է ուզում, միգուցե էլեկտորատի մեջ, այսինքն՝ սոցիումի մեջ ինչ-որ բան փոխվի: Երբ ղեկին նստածները չեն հասկանում` ինչ են ուզում, մենք չենք կարող հասկանալ: Եվ սա ստեղծելու է քաոս, որը ծնելու է այսպիսի պիեսներ:
«ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՄԱՆ Է ԿՏԱՎԻ՝ ԻՆՉՔԱՆ ՆԿԱՐԵՍ, ԱՅԴՔԱՆ ՆԿԱՐԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԻ»
— Անդրադառնանք դերակատարներին, ինչպե՞ս ընտրեցիք դերասանական կազմը, ովքե՞ր են ներգրավված ներկայացման մեջ, եւ ինչպե՞ս ընթացան փորձերը:
— Պարոնյան թատրոնը հետաքրքիր քաղաքականություն ունի՝ բոլոր հետաքրքիր գաղափարների համար իր դռները միշտ բաց է պահում: Թատրոնը միշտ քայլում է բարակ լարի վրայով, այսինքն՝ միշտ չէ, որ ստացվում են այդ բեմադրությունները: Ունենք բավականին ստացված ներկայացումներ եւ, ի պատիվ թատրոնի գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի վարած քաղաքականության՝ այստեղ հնարավոր է բեմադրել այն, ինչը համարվում է գեղագիտորեն ճիշտ: Ներկայացման մեր ներգրավված են թատրոնի դերասանները, իմ ընկերներն են, որոնց հետ սովորել եմ Թատերական ինստիտուտում, մեր ավագ արտիստներն են: Դրսից չկան հրավիրված անձինք: Պետք է ասեմ, որ փորձերը երկար են տեւել, որովհետեւ տեխնիկական մանր, դետալային լուծումներ պահանջող ներկայացում է, եւ մենք երկար ժամանակ պատրաստվել ենք այս բեմադրությանը:
— Առաջնախաղից գո՞հ եք, որպես բեմադրիչ, թե՞ շտկումների կարիք տեսնում եք:
— Սովորաբար, առաջնախաղերն անցնում են շատ լարված մթնոլորտում, միշտ շփոթվում են արտիստները, մտածում են չձախողվեն, ավելի լավ ներկայանան, եւ դրա պատճառով սառնասրտության դոզան քչանում է նրանց մոտ: Ու այդ իմաստով առաջնախաղին ներկայացումները թերություններով են լինում: Հանդիսատեսը սա չի նկատում, բայց շտկումներ միշտ պետք է լինեն, որովհետեւ բեմադրությունը նման է կտավի: Եթե դու նկարիչ ես եւ նստած ես կտավի առջեւ, այսինքն՝ ինչքան նկարես, ինքն այդքան նկարելու տեղ ունի, ինչքան գույնը բացես կամ մգացնես, այդքան տեղ ունի շտկվելու: Այնպես որ, ամեն մի ներկայացում, ինձ թվում է՝ միշտ ունի կարիք շտկումների:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=294681&l=am/