Բեմում անկեղծ եմ, բայց կյանքում Ադուեւ չեմ. առաջնախաղ` ռուսական թատրոնի բեմում
Մշակութային19-րդ դարի ռուս գրող Իվան Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպը դարձել է ոչ սովորական ներկայացում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: «Փող: Կիրք: Իշխանություն»,- այսպես է կոչվում գոնչարովյան ներկայացումը՝ թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանի բեմադրությամբ: Առաջնախաղից հետո առկա արձագանքները հուշում են, որ հանդիսատեսը գոհ է 21-րդ դարին համահունչ գերժամանակակից եւ շահվերդյանական համարձակ, 18+ լուծումներից:
Ի դեպ, ռուսական թատրոնի հայտնի աստղերի շարքում նորեկ կա, ում վստահվել էր երիտասարդ գավառական Ալեքսանդր Ադուեւի դերը, որը ժամանում է «Ոսկե դարի» փայլուն, բայց դաժան մայրաքաղաք՝ մի աշխարհ, որտեղ փողը իշխում է, կրքերն ի չիք են դարձնում երազանքները, իսկ իշխանությունն այլասերում է հոգիները: Այստեղ նա ձգտում է պահպանել իր իդեալները, սակայն անհագ քաղաքը կլանում է նրան՝ վերածելով ցինիկ խաղի հերթական զոհի, որտեղ ագահությունն ու սառը հաշվարկն են տիրում։ Մինչ Ալեքսանդրը դառնում է իր անողոք քեռու հայելին, որն ընչաքաղցության մարմնացումն է, անսպասելիորեն գտնում է իր կյանքը վերաիմաստավորելու ուղին։ Ո՞վ է գլխավոր հերոսի՝ խառնվածքների ու արժեքների բախման կիզակետում հայտնված Ադուեւի կերպարը կերտած ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, «Իրավունք»-ը պարզեց հենց նրանից:
«ՄԱՆԹՐԱԺ» ԷԻ, ԲԱՅՑ ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԷԻ ՄՈՏԵՆՈՒՄ ՀԱՐՑԻՆ»
— Սամվել, ինչպե՞ս հայտնվեցիք ռուսական թատրոնում: Ի՞նչը Ձեզ դրդեց ընտրել այս ճանապարհը:
— Ճանապարհս սկսվեց Արցախից: Ես 8 տարեկանից հաճախում էի Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական ստուդիան: Ինձ մոտ դեռ այդ տարիքից շատ հեշտ ստացվում էր վերապրել կերպարները, օգտագործել ֆանտազիաս. սիրում էի արվեստը: Բայց հետո՝ մի պահ փոխեցի մասնագիտությունս, որոշեցի դառնալ էլեկտրոտեխնիկ-էներգետիկ: Սովորել եմ Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում», որտեղ ստացա 3-րդ կարգի էլեկտրոտեխնիկ-էներգետիկի որակավորում: Բայց, ի վերջո, որոշեցի, որպես մասնագիտություն, հենց թատերական ճյուղն ընտրել ինձ համար: Երբ գնացի ծառայության եւ հետ վերադարձա, ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Սուրեն Շահվերդյանի արվեստանոց: Շատ հավես էր իրականում՝ ե՛ւ կուրսում, ե՛ւ հետո արդեն առնչվել պրոֆեսիոնալ թատրոնի հետ՝ իր գիտելիքներով, վարպետությամբ, տեսնել պրոֆեսիոնալների եւ կամաց-կամաց հմտություններ ձեռք բերել հենց իրենց մոտ պրակտիկա անցնելով, իրենց հետ շփվելով, հարցուպատասխաններով:
Իսկ երբ պարոն Շահվերդյանը դարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն, իհարկե, ինձ այս թատրոնն ավելի էր դեպի իրեն քաշում: Ես տիրապետում եմ բավականին լավ ե՛ւ ռուսերենին, ե՛ւ հայերենին, բայց ռուսերենի մեջ ես ուրիշ երանգներ եմ տեսնում, թեպետ հայերենն էլ իր երանգներով չի զիջում: Բայց ռուսական թատրոնի մեջ մի ուրիշ տիպի համուհոտ կա: Դրա համար պարոն Շահվերդյանը, երբ ինձ հրավիրեց եւ առաջարկեց, որպեսզի ես խաղամ ռուսական թատրոնի բեմում՝ մանկական ներկայացման մեջ, սիրով համաձայնեցի: Ես փորձեցի ապացուցել իմ վարպետին, որ կարող եմ երկու տարվա մեջ կուտակած գիտելիքներս եւ այն ամենն, ինչ սովորել եմ դեռ մանկուց՝ մեկտեղել եւ ցույց տալ իմ ողջ պրոֆեսիոնալիզմն այս ոլորտում: Ինձ թվում է՝ այսօր արդեն հանդիսատեսը կարող է ասել՝ ես կարողացա՞ այդ ամենը ներկայացնել բեմից, թե դեռ ավելիին պետք է ձգտեմ եւ հասնեմ:
— Անդրադառնանք «Փող: Կիրք: Իշխանություն» ներկայացմանը: Ինչպե՞ս պատրաստվեցիք Ադուեւի դերին: Կերպարի ո՞ր կողմերն էին Ձեզ համար ամենադժվարը:
— Սկզբում, երբ հասկացա, որ ես եմ լինելու Ադուեւի կերպարում, իհարկե, չէի պատկերացնում, թե ով է նա, ինչ է շնչում, ինչ՝ մտածում: Բավական դժվար էր ինձ համար, նույնիսկ, այսպես ասած, «մանթրաժ» էի, բայց շատ պատասխանատու էի մոտենում հարցին: Պետք է ասեմ, որ ե՛ւ վարպետիս, ե՛ւ Իրինա Էդուարդովնայի շնորհիվ ես կարողացա ստեղծել այդ կերպարը, հասկացա, թե նա ինչով է շնչում: Ամենայն մանրամասնությամբ թեորիաներ էի պատրաստում, պատասխաններ էի գտնում հարցերին, թե ինչ է մտածում Ադուեւն ամեն մի քայլի, ամեն մի փոխհարաբերությունների ժամանակ, ինչպիսին է նա: Ամենադժվար պահը, թերեւս այն էր, որ ես չէի հասկանում, թե ինչու Ադուեւը դավաճանեց, ինչու իր վերջնական սերը թողեց, չպայքարեց, որովհետեւ ներկայացումը հենց այդպես էլ ավարտվում է, որ իմ կերպարը դառնում է իր քեռու պես ու մի բան էլ ավելի վատ: Ե մի քիչ չէի հասկանում նրան, որովհետեւ այդ ամենին Ադուեւը կարող էր հասնել սիրով: Սակայն, այդ ժամանակ ինքը կդառնար, իրոք, ամենավատը: Նրա մեջ պահպանվել է սերը, հոգեւոր արժեքը, բայց այդ ամենին հասել է գումարով: Այդ ամենը հաղթահարեցի՝ միգուցե ինձ համոզելով, որ դա իմ հերոսի քեռու դասերն էին: Գիտեք, վերապրելով մի ուրիշի անցած այդքան դժվար ճանապարհը՝ հասկացա, որ ամեն մեկը չի կարող անցնել այդ ճանապարհը: Մտածում ես, որ այդ դժվարություններն ամեն պահի կարող են պարզապես ավարտվել եւ ուրիշ կերպ ընթանալ: Ամեն տեսարանից անցնելով մյուսին՝ ես ինքս իմ մեջ հարց էի տալիս, թե ինչու եմ գնում ես այդտեղ, ես կարո՞ղ եմ ուրիշ ճանապարհ ընտրել: Բայց ինձ համար փաստարկված պատասխաններ էի գտնում, որոնք ինձ ստիպում էին գնալ այդ քայլին, որը դրված էր ներկայացման մեջ: Եվ այս գիտակցոմն իր հետ բերում էր անկեղծություն: Ես անկեղծ էի այդ հարցում:
«ԱԴՈՒԵՎԻ ԺՊԻՏՆ ՈՒ ՓԱՅԼՆ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ ՇԱՏ ԴԺՎԱՐ ԷԻ ՍՏԱՑԵԼ»
— Սամվել, ինչո՞վ է Ադուեւի կերպարը գրավիչ Ձեզ համար: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել:
— Ես փորձում էի ուսումնասիրել նմանատիպ պատմություններ ունեցող մարդկանց, իրենց քայլերը: Չէ որ դու ունես տարբեր հնարավորություններ քայլերի եւ պետք է հասնես նրան, ինչն ամենից հետաքրքիրը կլինի հանդիսատեսի համար, բայց չի տարբերվի իրական կյանքից: Եվ իմ կարծիքով՝ ամենահետաքրքիրն Ադուեւի ժպիտն է եւ փայլն աչքերի մեջ, որը ես շատ դժվար էի ստացել: Երբ մտնում եմ առաջին անգամ բեմ եւ հանդիպում կերպարիս քեռուն, պետք է փոխանցեմ աչքերիս փայլը, որ ինքն, իրոք, կարողանա վերջում ասել, որ իմ աչքերի փայլը կորել է: Ու դա կապված չէ ակնոցի հետ, այլ այն ուղիղ կապ ունի իմ հոգու փայլի հետ:
— Ի՞նչ հույզեր ապրեցիք բեմում, չէ որ սա կարելի է համար Ձեր մեծ դեբյուտը՝ ռուսական թատրոնի բեմում:
— Ցանկացած ներկայացման ժամանակ լինում են թեթեւակի ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք քեզ համար եւ ընդհանրապես՝ միգուցե ամեն մի դերասանի համար, փոքր հաղթանակներ են: Երբ կարողանում ես լավ անցնել այդ ֆորսմաժորային իրավիճակը եւ հաղթած ես դուրս գալիս, քեզ համար դա շատ թեթեւ, բայց բարի հաղթանակ է: Իսկ վերջում երբ դուրս եմ գալիս հանդիսատեսի մոտ եւ ներկայանում եմ՝ ոչ թե որպես Ադուեւ, այլ՝ որպես Սամվել, ես տեսնում եմ մարդկանց աչքերը եւ ամենաշատն ինձ դա է հուզում: Չէ որ նրանք տեսան պատմության վերջը, բայցեւ տեսնում են, որ ես այդպիսին չեմ իրական կյանքում: Պարզապես ես նրանց ցույց տվեցի մի պատմություն, որ պետք չէ խաբվել, եւ յուրաքանչյուրը պետք է ընտրի իր ճանապարհը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=294430&l=am/