Թե՛ Փաշինյանի, թե՛ Էրդողանի մոտ լարվածություն կար. Անդրանիկ Իսպիրյան
ՆերքաղաքականԹուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր գործադրելով: Նյու Յորքում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված»,- ասել է նա՝ նշելով, որ Երեւանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու համար։ Թուրքիայի նախագահն ընդգծել է. «Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»: Էրդողանը նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, առկա խնդիրները կհաղթահարվեն, շեշտելով, թե՝ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ Այս ամենի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Իսպիրյան, ինչպիսի՞ տպավորություն կարելի է ստանալ Փաշինյան-Էրդողան հանդիպումից, եւ դա Հայաստսնի համար ինչպիսի՞ ցուցիչ էր:
— Հանդիպումները երկու երկրների համար ունեն տարբեր նշանակություններ: Սկսենք թուրքական կողմից, թե ինչպիսի նշանակություն կարող էր ունենալ այս հանդիպումը: Սա, այսպես ասած, ավելի հետաքրքիր էր եւ առավել քան շատ դրական էր Թուրքիայի համար: Նախ սկսենք նրանից, որ թուրքական լրատվամիջոցները ոչ միայն Փաշինյանի հետ հանդիպմանը, այլ նաեւ մյուս ղեկավարների, ովքեր եկել էին Նյու Յորք՝ ՄԱԿ-ի վեհաժողովին մասնակցելու համար, այդ ամենին անդրադարձան: Ի դեպ, մի մասին անդրադարձան, որ Էրդողանը հանդիպել է այսինչի հետ: Սակայն մեր վարչապետի դեպքում գրեցին, որ Էրդողանն ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ բացի այդ շեշտվում էր, որ` Թուրքական տանը: Այսինքն` այն Նյու Յորքում վայր է, որտեղ Թուրքիայի, այսպես ասած՝ ո՛չ պաշտոնական, ո՛չ դիվանագիտական կենտրոնն է, որտեղ նմանատիպ հանդիպումներ են անցկացնում: Այսինքն` թուրքի տուն է, եւ Թուրքիայում դա համարում են շատ կոնկրետ, որ դա առավելություն էր Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հաջողություն էր, որ Էրդողանը ոչ թե նեյտրալ մասում է հանդիպում Հայաստանի վարչապետի հետ, այլ թուրքական տանն է ընդունում նրան: Այս տեսանկյունից նույնիսկ թուրքական մամուլում որեւէ այլ բաներ չկային, կամ նույնիսկ, այսպես ասած, մամուլում եղած դիվանագիտական աղբյուրները չէին հաղորդում ոչ մի մանրամասներ հանդիպման իրական բնույթից:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին հետ, նույնը մենք մեզ մոտ տեսանք՝ ուղղակի հաղորդագրություն պաշտոնական եւ դրանից ոչ ավելին: Թե Հայաստանի համար ի՞նչ նշանակություն ունի, ցավոք, որեւէ հայտարարություն կամ այլ բան չեղավ, որպեսզի մենք հասկանանք: Ամեն դեպքում, մենք տեսանք, որ այդ տեսանյութի մեջ հենց սկզբում, երբ հանդիպումն ընթանում է՝ լարվածություն կար երկու ղեկավարների մոտ էլ: Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Էրդողանի մոտ ինչ-որ նման զգացողություն էր նկատելի, սակայն դա, կարծես թե, վերջում անցավ , եւ ամեն մեկը փոխանակվեցին իրենց գրքերով: Այդ լարված պահվածքն էլ, ասես, արդեն փոխվեց: Չգիտեմ, այս պահին դժվար է ենթադրել, թե ինչ են խոսել, բայց այնուհանդերձ, ինչ էլ խոսել են, դա, բնականաբար, կապված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ հիմնականում ձգձգվող խաղաղության պայմանագրի հետ, ինչը չկա հայտարարությունների մեջ: Սակայն մենք հասկանում ենք թուրքական արձագանքներից, որ նրանց «ախորժակն» է Զանգեզուրի միջանցքը:
— Թուրքական լրատվամիջոցներից մեկը նաեւ նշել էր, թե սեպտեմբերի 24-ի այդ հանդիպումը լինելու էր ամենակարեւորներից: Արդյո՞ք այդպես կարելի է համարել:
— Նման բան ասելը, երկու երկրների ղեկավարների մասին կարծիք կազմելով, եւ այդ կարծիքի հիման վրա ինչ-որ եզրակացություններ անելը, բավականին անշնորհակալ գործ է:
— Օրերս նաեւ ԵՄ երկրների դեսպանները շրջայց էին կատարել հայ-թուրքական Մարգարիայի անցակետում: Այս մասին ի՞նչ կասեք:
— Այստեղ որեւէ նոր բան չկա: Թուրքական կողմը ոչինչ չի անում: Հայկական կողմն ամեն ինչ արել է հավանական բացմանը պատրաստ լինելու համար: Այսինքն, ճանապարհային բոլոր կահավորումները, ենթակառուցվածքները դեպի Թուրքիա՝ ամեն ինչ արված է: Նույնիսկ մաքսային այդ հատվածը, սահմանապահ հատվածը, ամեն ինչ կա, սակայն թուրքական կողմից խիստ պասիվություն է նկատելի: Սա ի՞նչ է նշանակում, որ թուրքական կողմը դեռ որեւէ շտապողականություն չի ցուցաբերում եւ, այսպես ասած, առաջիկա ժամանակներում ցանկություն էլ անգամ չունի բացելու մոտ ժամանակներում՝ շուրջ մեկ-երկու կամ երեք ամսվա կտրվածքով: Երբ չկա որեւէ աշխատանք, բնականաբար, որեւէ մտադրություն չկա այդ մոտակա ժամանակներում բացելու: Թեեւ բացելու հավանականություն կա՝ եթե ինչպես Էրդողանն է նշում իր նախապայմանը (ավելին, այժմ այդ նախապայմանն անգամ առավել խստացել է): Նախկինում ասում էին, որ եթե հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում դիտվի առաջընթաց, ապա Թուրքիան կբացի իր սահմանները: Հիմա նշվում է շատ կարեւոր մի գործոն՝ հենց Էրդողանի խոսքերը, ով ասում է, որ եթե Ադրբեջանը եւ Հայաստանը կնքեն խաղաղության համաձայնագիր, դա կհեշտացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը: Այսինքն` կրկին կան նախապայմաններ, որոնց մասին դեռ չգիտենք: Պատկերացրի՞ք: Այսինքն՝ ոչ թե դա կհանդիսանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առիթ, այլ ուղղալի կհեշտացնի: Սա նշանակում է, որ ինչ-որ պայմաններ կարող են հայտնվել:
— Այդուհանդերձ, նաեւ նկատելի է, որ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում՝ սկսած ԵՄ այցից մինչ Փաշինյան-Էրդողան հանդիպում: Այդ ամենից ի՞նչ կարող ենք սպասել:
— Գիտեք, խնդիրն այստեղ քանի որ շատ խորքային է, շատ սկզբունքային խնդիր կա, եւ ինչպես տեսնում ենք հարցն այստեղ հենց Զանգեզուրի միջանցքի հետ է կապված: Հենց այդ միջանցքի հետ կապված էլ մեր դաշնակիցները եւ հարեւաններն ունեն հակադիր կարծիքներ: Ես դժվարանում եմ պատասխանել, թե որ կողմը կհաղթի եւ ինչ զիջումների կգնան:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=294407&l=am/