Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին. Արաղչին կրկնել է նախազգուշացումը
ՄիջազգայինԻրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Մեր հրթիռների ավելի քան 90%-ը հասել են իրենց թիրախներին և չեն կալանվել։ Մենք արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կամարենք յուրաքանչյուրին, ով իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ ոչ ոք նման թույլտվություն չի տա»,- ասել է Արաղչին:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: