Իրանը մտադիր չէ շարունակել. Ամերիկային զգուշացրել ենք չմիջամտել. Արաղչի
ՄիջազգայինԻսրայելի դեմ երեկվա գործողությունը կայունացնող միջոց էր, մենք մտադիր չենք շարունակել. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ընդգծելով, որ այս գործողությունը կարող է վերականգնել աշխարհաքաղաքական զսպումը տարածաշրջանում։
Նա հավելել է, որ պաշտոնական Թեհրանը Շվեյցարիայի միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանը պաշտպանության իրավունք ունի, սակայն մտադիր չէ շարունակել գործողությունը:
«Մենք նաև Ամերիկային զգուշացրել ենք հետ քաշվել և չմիջամտել... Ես գալիք օրերը պայծառ եմ տեսնում։ Հակամարտության հավանականություն կա, սակայն մեր ուժերը լիովին պատրաստ են։ Անցած գիշեր մենք թիրախավորել ենք միայն ռազմական և անվտանգության թիրախները, և ի տարբերություն իսրայելցիների, չենք մտել հանրային դաշտ։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին աստիճանաբար որոշակի կայունություն կտեսնենք տարածաշրջանում»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը։
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կատարել է Իսրայելի հետ պաշտպանական գործընկերության շրջանակում իր հանձնառությունը»՝ ընդգծելով, որ երեկ երեկոյան Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 181 հրթիռներից շուրջ մեկ տասնյակից ավելին որսացել են ամերիկյան ուժերը:
«Մենք դատապարտում ենք Իրանի կողմից ագրեսիայի այս անընդունելի գործողությունը և կոչ ենք անում Իրանին դադարեցնել ցանկացած հետագա հարձակում, այդ թվում՝ իր վստահված ահաբեկչական խմբավորումների կողմից», - ասվում է Օսթինի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»: