Կարոտում եմ ծնողներիս. Սամվել Խալաթյանի վերջին հարցազրույցը՝ «Իրավունք»-ին
ՄշակութայինԿյանքից հեռացել է «Իրավունք»-ի հին ու անդավաճան բարեկամը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, դրամատուրգ, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԸ: Նրան վերջին հրաժեշտը տվեցին երեկ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Դստեր մահից հետո՝ ցավը սրտում՝ չփարատված, ապրեց ընդամենը 4 տարի ու գնաց իր սիրասուն Տաթեւի մոտ: Ողջ կյանքը պայքարեց անարդարությունների դեմ, երբեք չխորշեց բարձրաձայնել ճշմարտությունն՝ իրեն բնորոշ սարկազմով, չհաշտվեց ապազգային ու անաստված երեւույթների հետ, բայց չարաբաստիկ հիվանդությունն ընդհատեց այս անհավասար կռիվը… Իր բեղուն գրիչը դեռ շատ ասելիք ուներ: Հայ թատրոնը հարուստ էր խալաթյանական դրամատուրգիայով, նրա ստեղծագործություններն ավելի քան 40 տարի բեմադրվում էին տարբեր բեմերում: Սամվել Խալաթյանի գործերը կապրեն ընդմիշտ… Նրա փոխարեն՝ կշարունակեն խոսել իր պիեսների հերոսները, նրա գրած երգերը կշարունակեն ջերմացնել բազում սրտեր:
ԱՐՑԱԽԻ` ՄԵՐ ՕՐԵՐԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՆՈՐ ԴՐԱՄԱՆ ՄՆԱՑ ԿԻՍԱՏ
Սամվել Խալաթյանի հետ «Իրավունք»-ի բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի: Նրա հետ զրույցները սպասված էին թերթի մշակութային էջերում, նրա ասելիքը դիպուկ էր՝ երբեմն խիստ, երբեմն՝ հումորով, բայց միշտ պարուրված անսահման բարությամբ: Վերջին զրույցը տարեսկզբին էր, ասաց, որ երկարատեւ բուժման ընթացքի մեջ էր եւ ուրախությամբ ընդգծեց. «Երկար ընդմիջումից հետո, մեկ շաբաթ է, ինչ սկսել եմ գրել»: Նոր էր բոլորել 74-ամյակը, եւ հարցին, թե՝ երբ հայացք եք նետում անցյալ, ի՞նչն եք կարոտում, շեշտեց. «Ծնողներիս…»:
— Պարոն Խալաթյան, եթե հնարավորություն ունենայիք, անցյալից ի՞նչ կբերեիք ներկա։
— Էլի՝ ծնողներիս: Հայրս վարորդ էր, մայրս՝ հաշվային աշխատող: Նրանք այն սերնդից էին, որի կենսագրության մեջ պատմական դժվարին իրադարձությունների շարան կար՝ կուլակաթափություն, կոլեկտիվացում, ստալինյան բռնաճնշումներ, պատերազմ, հաղթանակ, 1949-ին՝ դարձյալ բռնաճնշումներ (որի հորձանքում հայտնվել է նաեւ մեր ընտանիքը), ԽՍՀՄ տերության տնտեսության վերականգնում, զարգացած սոցիալիզմ… Այդ սերունդը ողջ կյանքում մաքառման մեջ էր, բայց լավ օրվա եւ Աստծո նկատմամբ հավատը չէր կորցնում: Աննախադեպ շենացրին հայրենիքը՝ բոլոր բնագավառներում: Դաստիարակեցին զավակներ ու թոռներ, ովքեր անվարան նետվեցին պաշտպանելու հայրենիքը, թեեւ իրենք էլ նոր մաքառումներում էին հայտնվել՝ երկրաշարժ, ցուրտ ու մութ տարիներ, պատերազմ, հաղթանակ, կրկին՝ պատերազմներ եւ…
— Այս պահին ստեղծագործական նորություններ ունե՞ք:
— Գիտե՞ք, դրամատուրգիան դժվարին ժանր լինելով, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր հատկություն ունի: Եթե մտահղացմանդ հարիր միջավայր եւ հերոսներ ես կանխատեսում, դու, այլեւս, «մի կողմ քաշվիր», նրանք գալիս, լիարյուն տնօրինում են իրենց ճակատագիրը, քեզ մնում է միայն հասցնես գրի առնել… Նոր դրաման նվիրված է Արցախի մեր օրերի իրադարձություններին: Հուզական է, ծայրահեղ իրատեսական ու բացախոս: Այդ մասին առայժմ այսքանը:
«ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԲՈՅԿՈՏՈՒՄ, ՁԵ՞ՌՔ Է ՏԱԼԻՍ ՄԱՆԿՈՒՐՏ ԶԱՎԱԿՆԵՐ ՈՒ ԹՈՌՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»
Դրամատուրգը խիստ մտահոգ էր կրթության ոլորտում առկա իրավիճակով: Շեշտում էր, որ մեր գրականության մեծերին նոր դասագրքերում տեղ չեն տալիս, Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրերից հանում են, մշակութային, հայրենասիրական դաստիարակությանը նպաստող պաստառների առկայությունը դպրոցներում այլեւս չեն խրախուսվում, ներքին կարգով արգելվում են:
— Վերջերս, վարչապետի Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ, Վանաձորի դպրոցներից մեկում շտապել էին հանել Նժդեհի եւ Արարատի նկարները: Այս բոլորի «թագն ու պսակը» 7-րդ դասարանի պատմության հակազգային դասագիրքը դարձավ: Ասեմ նաեւ, որ մեզ տեղն է ու դեռ քիչ է, որ մեր գլխին երկանք են աղում: Ուսուցիչը, դժգոհելով, այնուամենայնիվ, աշխատանքը չկորցնելու համար ստիպված հնազանդվում է, բա ծնողներն ի՞նչ: Ինչո՞ւ չեն բոյկոտում: Նրանց ձե՞ռք է տալիս մանկուրտ զավակներ ու թոռներ ունենալ:
— Որքանո՞վ է այսօր դպրոցներում պրոպագանդվում ազգային մշակույթը եւ գրքի հանդեպ սերը։
— Որպես երգիծաբան` ձեր հարցն ինձ համար խոսքի կոմիզմի վառ օրինակ է: Ա՛յ ջանս, ի՜նչ ազգային մշակույթի կամ գրքի նկատմամբ սիրո պրոպագանդում, երբ տվյալ գերատեսչությունում ազգային մշակույթին նայում են որպես մաշկանյութի, գիրքն էլ «շփոթում են» կրքի հետ… Լավ է դեռ նվիրյալ արվեստաբաններ, մատենագետներ, հնագետներ, մանկավարժներ ունենք… դեռ ունենք, ովքեր ջանում են պահպանել մեր ինքնության ակունքների զուլալությունը՝ սորոսականության թույն չխառնելով դրան: Այն, ինչ այդ գերատեսչությունը երեսանց ներկայացնում է, տնազ է: Լարախաղացի տեսած կլինեք, ինքը լարի վրա կյանքը վտանգելով, արվեստ է ցուցադրում, իսկ ներքեւում՝ ապահով գետնի վրա, յալանչին նրա տնազն է անում: Նայեք, թե վերջին տարիներին արվեստի, մշակույթի օջախների ղեկավարներից մի փուչ պատրվակով ո՞ւմ՝ ումով են փոխարինում, տնազ չի, ի՞նչ է:
«ՄԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ-ՔԱՅՔԱՅԻՉՆԵՐԻ ԴԵՄ ԲՌՈՒՆՑՔՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ»
Սամվել Խալաթյանը ոչ միայն տաղանդաշատ մտավորական էր, այլեւ` իսկական քրիստոնյա: Նա բազմիցս հանդես է եկել ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի:
— Աբսուրդն հենց այնտեղ է, որ ոգեւորված երկրի ղեկավարի վերաբերմունքից, ավելի ճիշտ՝ վարած քաղաքականությունից, ոմանք, մանավանդ՝ աղանդավորները, թիրախ ընտրելով Վեհափառին, փորձում են նսեմացնել, անարգել, պառակտել Առաքելական եկեղեցին եւ մեր դարավոր սուրբ հավատքը: Իրական նպատակն ազգի հոգեւոր-մշակութային մեծ ժառանգության քայքայումն է, որն իրագործում են այս ձեւով ու տարաբնույթ «տերմիքայելական» պատմություններ շահարկելով: Անգիտակների մի զանգված էլ՝ մոլորյալներ, պարում են դրանց զուռնի տակ: Անօգուտ ու չբեր ջանքեր են, որոնք կատարում են նաեւ հանրության ուշադրությունը իրական սպառնալիքներից շեղելու դեր: Այնինչ, մենք հիմա հայտնվել ենք այնպիսի մի հորձանուտում, որը շատ նման է Ռուսաստանի պատմության մեջ հայտնի «Դժբախտությունների ժամանակաշրջանին» («Смутное время»): Դա տեղի է ունեցել 1598-1613 թվականներին (ըստ որոշ տեսակետների՝ մինչեւ 1618 թվականը), նշանավորվել է բնական աղետներով, որոնք ուղեկցվել են մեծ ու փոքր խարդախությունների բազմաթիվ դեպքերով, արտաքին ուժերի միջամտություններով, քաղաքացիական եւ հարեւան երկրների հետ պատերազմներով, ծանր պետական-քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամերով։ Այդ ժամանակաշրջանն ավարտվեց Ռուսաստանի համար մեծ տարածքային կորուստներով։ Մեր հանրությունն իրեն պատուհասած դժվարին ժամանակաշրջանը հաղթահարելու, դրա պատճառներն արմատախիլ անելու խնդիր ունի եւ ոչ թե հոգեւոր առաջնորդին այպանելու: Արտաքին եւ ներքին թշնամի-քայքայիչների դեմ բռունցքվելու խնդիր ունի եւ ոչ թե երկրի պաշտպանության համար խաչ եւ սուր բռնած ձեռքը դաստակից կտրելու:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ս. Խալաթյանի հարազատներին եւ գործընկերներին:Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=292760&l=am/