Հենց մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս, չի՛ կարելի. Գրիգորյան
Տեսանյութեր44-օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ «Իրավունք TV»-ի տաղավարում ասաց, որ անընդունելի է համարում Արցախի անկախության օրվա այս կերպ նշելն, ինչի ականատեսը եղանք օրեր առաջ:
— Արցախի անկախության օր մենք կարող էինք ասել՝ մինչեւ նախորդ տարվա սեպտեմբերի 19-ը: Այն հազարավոր տղաները, ովքեր կերտեցին այդ անկախությունը, ազատագրեցին Արցախն իրենց արյամբ, կյանքի ու առողջության գնով, քչերն են առ այսօր ողջ: Հիմնական կռվողներց մի մասը զոհվեց, մի մասը հաշմանդամ դարձավ, մի մասն էլ հայտնվեց սոցիալական ծանր վիճակում: Նրանք Աստծո օրհնությամբ եւ սուրբ հոգով հաղթանակ պարգեւեցին հայ ազգին: Բայց այդ հաղթանակը պրիվատիզացվեց մի խումբ մարդկանց կողմից, ովքեր բառի բուն իմաստով մզեցին Արցախը, վերջում էլ, ինչպես ասում են, հացով սրբեցին եւ հանձնեցին թշնամուն: Եվ այս պայմաններում վկայակոչել Արցախի անկախությո՞ւն: Ո՞ր Արցախի անկախությունը, որն օկուպացված է Ադրբեջանի կողմի՞ց: Ամենալավ վերաբերմունքը կլիներ մեր արցախցի քույրերի եւ եղբայրների հանդեպ, որոնք կորցրին իրենց տունն ու տեղը, անել ամեն ինչ, որ իրենց այստեղ օտարված չզգան:
Իհարկե, անցյալը մոռանալ պետք չէ, բայց մենք այսօր ունենք ծայրահեղ ծանր եւ վատ իրավիճակ: Մենք պետք է մտածենք Արցախի դեօկուպացման մասին, ոչ թե կրծքներիս խփենք Արցախի դրոշն ու հիշենք, որ 1992 թվականին մեր հայրերն ու եղբայրները ազատագրել են: Դա իրենք են ազատագրել, իրենք կարող էին տոնել, իրենց հաղթանակն է, իրենց պարգեւներն են, իրենք են դա արել, իրենք են դա մեզ տվել, մենք չենք պահել: Կներեք, բայց Արցախը բերանի ծամոն են դարձրել: Ով ցանկանում է ինչ-որ քաղաքական դիվիդենտներ քաղի, Արցախի անունն է տալիս: Հենց ժողովրդի լեզվով ասած՝ մի քիչ նեղն են ընկնում, Արցախի անունն են տալիս: Լավ, մեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին էլ շահարկեցին, եկեղեցին էլ դարձրին քաղաքական խաղերի, չեմ ամաչի ասել՝ առարկա, հիմա էլ Արցա՞խը: Չի՛ կարելի սրբապղծությամբ զբաղվել: Մեր ժողովուրդն արագ ոգեւորվում է, ցանկանում է ինչ-որ մեկի մեջ փրկիչ տեսնել: Ո՛չ, մեր տեր եւ փրկիրչը, մեր աստվածը Հիսուս Քրիստոսն է: Եթե դուք հավատում եք, չպետք է կրքերով ու քրմերով առաջնորդվեք: Ի վերջո, նայեք մարդկանց ապրած տարիներին, ոչ թե ինչ է ասում, այլ ինչ է արել, ի՞նչ է ստեղծել, ունա՞կ է անելու: Չի կարելի գնալ նմանների հետեւից, ովքեր կյանքում զենք չեն բռնել, բայց ասում են՝ Արցախը կվերադարձնենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.
https://iravunk.com/sim/?p=292112&l=am/