Անկարայի որոշման վրա, ինչ խոսք, ազդել է նաեւ ուկրաինական պատերազմը
ՎերլուծությունԻհարկե, դեպի BRICS շարժվելը Թուրքիայի համար առաջին հերթին քաղաքական եւ տնտեսական ուղղվածության որոշում է (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=292107&l=am): Բայց որ այդ որոշման վրա ազդում է նաեւ ռազմական ուղղությունը, դա էլ դժվար չէ նկատել:
Թուրքիայում, բնական է, շատ լավ հասկանում են, որ իրականում Ուկրաինայում պատերազմն ընթանում է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Թեկուզեւ պարզ փաստարկ. երբ ՆԱՏՕ-ն Գլխավոր քարտուղարի մակարդակով արդարացնում է ՆԱՏՕ-ական զենքով զինված ուկրաինական ուժերի (գումարած դրանց կազմում հրահանգիչների եւ այլ անունների տակ ՆԱՏՕ-ական երկրների զինվորականներին) մուտքը, ապա հենց դա արդեն հիմնավորում է, թե ովքեր են պատերազմող կողմերը: Ընդ որում, Անկարայում լավ պատկերացնում են նաեւ, թե այդ բախումն ինչ ընթացքի մեջ է եւ ինչ հետեւանքներ կարող է ունենալ նաեւ իր վրա: Նորից Կուրսկ ներխուժման փաստը շատ բան ցույց տվեց: Շատ փորձագետներ ֆիքսել են, որ սա առաջին դեպքն է, երբ պաշտոնապես ոչ միջուկայի պետությունը ներխուժում է միջուկային պետության տարածք, ըստ այդմ՝ հարվածներ են իրականացնում ատոմակայաններին: Ռազմական բոլոր դոկտրիններն այդ իրավիճակի դեպքում նախատեսում են «ունեցած բոլոր ուժերով պատասխան», եւ այդ բոլորի մեջ մտնում է նաեւ միջուկային զենքը: Ու եթե դա տեղի ունենա, ի՞նչ կլինի, առավել եւս, երբ այդ իրավիճակը զարգանում է, կարելի է ասել, Թուրքիայի սահմանների հարեւանությամբ:
Բայց ռուսների միջուկային պատասխանը չկա, եւ դրա իմաստը եւս Անկարայում լավ գիտակցում են. պարզապես նման պատասխանի անհրաժեշտությունը Մոսկվան չունի: Այն է, առանց միջուկային զենքի էլ ռուսական զորքերը հաղթելու բոլոր շանսերն ունեն, ընդ որում, մեծ հարցական կա, թե իրականում ռազմական իմաստով Կուրսկ ներխուժելն ի՞նչ տվեց Ուկրաինա-ՆԱՏՕ-ին եւ ինչ՝ Ռուաստանին: Դրա արդյունքում ուկրաինական ամբողջական ռազմաճակատներ հայտնվեցին փլուզման եզրին: Նաև Պոկրովսկի ընդհանուր հատվածում այն ծանրագույն վիճակն էր, որ այլ ելք չտեսնելով` ուկրաինական հրամանատարությունը պարզապես այլ սուր հատվածներից սկսեց ուժեր տեղափոխել, որ մի կերպ ճաքերը լցնի: Դա ժամանակավոր միջոց է, այս պահին Պոկրովսկի բոլոր ուղղություններում թեժ մարտեր են, բերված ուկրաինական ռեզերվներն աչքի առաջ հալվում են, ուկրաինական կողմը շարունակում է նոր եւ միանգամայն էական տարածքներ կորցնել:
Իսկ ահա մասնավորապես Ուգլեդարի հատվածում, որտեղից մի քանի մարտունակ բրիգադ էր Պոկրոնսկի ուղղություն տեղափոխվել, իր հերթին է սկսել կատաստրոֆիկ վիճակ հասունանալ: Այսպես, Ուգլեդարից արեւելք վերջին օրերին, հենց այն հատվածներում, որտեղից զորքերը հանվել են՝ տեղափոխվելով «մսաղաց», ռուսները մեկը մյուսի հետեւից գրավեցին երկու առանցքային բնակավայր՝ Պրեչիստովկան եւ դրա հարեւանությամբ՝ Զոլոտայա Նիվան: Այնպիսի հատվածներում, որտեղ կային 2022թ.-ից ի վեր հիմնված շատ լուրջ պաշտպանական համակարգեր: Արդյունքում, ռուսները ճեղքելով այդ ամուր պաշտպանության առաջնային գիծը, հիմա արդեն կարող են նախ`ուղիղ գծով հարվածն ուղղել մեկ այլ «ամուր ընկույզի»` Վելիկայա Նովոսյոլովկայի ուղղությամբ, որը հարավդոնեցկյան ճակատում, Ուգլեդարի հետ մեկտեղ, ուկրաինական պաշտպանության հիմնական հանգույցն է: Միաժամանակ գրեթե միանշանակ է, որ ռուսները կհարվածեն նաեւ Շախտյորսկոե-Նովոուկրաինկա ողղությամբ, ինչը Ուգլեդարի համար կնշանակի շրջապատում: Իսկ դա, Վելիկայա Նովոսյոլովկայի հնարավոր գրոհի հետ միաժամանակ կնշանակի հարավդոնեցկյան ողջ ճակատի փլուզում, որը կտարածվի արդեն իսկ կենտրոնական Դոնբասում փլուզված ճակատին ընդառաջ: Գումարած, ռուսները հարձակվում են մյուս բոլոր ճակատներում, եւ այս ամենի հանրագումարը կարող է դառնալ պատերազմի վերջը:
Իսկ ուկրաինական պատերազմի հետո ի՞նչ կլինի ՆԱՏՕ-ի հետ, որտեղ առանց այդ էլ լուրջ հարցեր կան՝ կապված ամերիկյան եւ եվրոպական իրողությունների հետ: Կամ հաջորդ հարցը՝ իսկ Թուրքիայի համար նման վիճակում հայտնված ՆԱՏՕ-ն շա՞տ կարեւոր է, առավել եւս, երբ իր հարեւանությամբ շատ ակտիվ զարգանում են ռուս-իրանական ռազմական (ոչ միայն) հարաբերությունները, էլ չասած` Չինաստանի հսկա պոտենցյալի մասին: Ահա եւ BRICS գնալու եւս մեկ առիթ Անկարայի համար:
https://iravunk.com/sim/?p=292109&l=am/