Սա խայտառակություն է. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՊարզապես ապշելու են այն զարգացումները, որոնք տեղի են ունենում ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ դատավարություններին: Այսպես ասած, առանցքային վկայի հարցաքննությունից էլ ակնհայտ դարձավ, որ Արմեն Աշոտյանը կապ չունի այդ գործարքի հետ, ինչի մեջ մեղադրվում է: Այս դեպքում ինչո՞ւ է նա շարունակում մնալ անազատության մեջ, հարցի պատասխանը փորձեցինք գտնել նրա պաշտպաններից փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ զրույցում. «Աշոտյանին կալանավորել է Նիկոլը, Նիկոլն է պահում։ Այդ հարցը էս դատարանի տիրույթում չէ։ Ինչո՞ւ է կալանավորել, էդ հարցը պետք է ուղղել իրեն»: Նա նշեց, որ ինքը որեւէ կերպ չի մասնակցում հարցաքննությանը. «Իրենք հայտարարել են, որ առանցքային վկան է, իբր իր վրա ազդելու պատճառով է Արմեն Աշոտյանը կալանքի տակ, որ տպավորություն չլինի՝ մենք մի բառից, պատասխանից կարող ենք վախենալ։ Խնդիրն այն է, որ Կարեն Ակոպյանը չունի որեւէ տվյալ, քանի որ առհասարակ այդ տվյալները գոյություն չունեն։ Կարող է Կարեն Ակոպյանը փորձի սուտ խոսել, բայց դա շատ արագ կպարզվի, որ սուտ է։ 8-9-ը նիստ հարցաքննում, տանջում են, մի նախադասություն հօգուտ մեղադրանքի չեն գտել։ Կարեն Ակոպյանն ասում է այն, ինչ ասում է, պաշտպանում է միայն իրեն։ Այնպես չէ, որ փորձում է Աշոտյանի օգտին խոսել։ Թող տանջվեն, հարցաքննեն, 6-ը նիստ էլ հարցաքննեն»:
Իսկ «Հետք»-ը զարմացրել է իր նոր բացահայտումով: Պարզվում է՝ ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ որդին զավթել է համայնքային հողը, տիրացել Ոստիկանության կայանատեղիին: Կայքը գրում է. «Արտաշատի բաժնի միլիցիոների պաշտոնից իր կարիերան սկսած Արամ Հովհաննիսյանը 2018 թ․-ից հետո թռիչքային առաջխաղացում գրանցեց։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվեց Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից` ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ Մինչ այդ՝ 2022 թ․-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանն Արամ Հովհաննիսյանին շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում»։ Ըստ «Հետք»-ի, կարիերային զուգահեռ՝ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է Ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երեւան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։ Իհարկե, այս ամենին կարելի է տարբեր իրավաբանական գնահատականներ տալ, բայց համաձայնեք, որ նախեւառաջ սա խայտառակություն է:
Ոչ պակաս զարմանալի է Երեւանի ավագանու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հուշագիր ստորագրած ու քաղաքային իշխանությունից մաս քերած ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ` քաղաքական արենայում կրկին հայտնվելը: Այսպիսով՝ 2024թ. սեպտեմբերի 5-ին, 51 քաղաքացիների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ որոշումը: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ էլ նշանակվել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը: Հետաքրքիր է՝ Զեյնալյանն իր գործընկեր իշխանավորներին, օրինակ, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ճեպազրույցները չի դիտո՞ւմ, գոնե կիմանար, որ ըստ ՔՊ-ականի. «Կոնկրետ հանրաքվեն հիմա ժամանակավրեպ է»:
https://iravunk.com/sim/?p=292106&l=am/