«Ժողովուրդ». «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի փոխարեն Փաշինյանը 16-երկօրյա հեծանվավազք կկազմակերպեր Սեւանի շուրջ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա 16 հեծանվավազք Սեւանի շուրջբոլորը եւ նույնքան անգամ կհնչեցներ՝ կեցցե՛ հեծանիվը։
Սրան զուգահեռ Հայաստանում նախապատրաստվում են անցկացնել ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը։ Այս համաժողովի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 151 մլն դրամ՝ գրեթե 380 հազար դոլար։
«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի եւ ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվելու է «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն. հենց այս ՍՊԸ-ի հետ է կնքվել պայմանագիրը»։
«Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի ակտիվությունը պետգնումներում նկատելի է դեռ 2023 թվականից։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։
«Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն պետական գնումներին սկսել է մասնակցել 2023 թվականից եւ արդեն խոշոր չափի 7 պայմանագիր ունի՝ կնքված Երեւանի քաղաքապետարանի, վարչապետի աշխատակազմի եւ էկոնոմիկայի նախարարության հետ։ Նշված պայմանագրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է գրեթե 520 միլիոն դրամ՝ շուրջ 1 միլիոն 340 հազար դոլար։
Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը սեպտեմբեր ամսին, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն տալու անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
https://iravunk.com/sim/?p=292049&l=am/