Այս իշխանությունների օրոք պարզապես մոռացեք Արցախի մասին. Արմեն Բադալյան
Ներքաղաքական33 տարի առաջ, Ստեփանակերտում Արցախի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհրդի պատգամավորներն ընդունեցին Արցախի անկախության հռչակման եւ պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձեւավորման մասին փաստաթուղթը՝ փաստացի հռչակելով Արցախի անկախությունը Խորհրդային Միությունից։ Երկու ամիս անց տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ Արցախի բնակչության 99,89%-ը քվեարկեց Ադրբեջանից լրիվ անկախանալու օգտին։ 2020-ի 44-օրյա պատերազմից, 9-ամսյա շրջափակումից ու 2023-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո՝ Արցախը հայաթափվեց։
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է եւ պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջն այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որեւէ միջոցառում: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ:
— Օրերս Արցախի անկախության օրն էր, ինչը բավական հնչեց ընդդիմության կողմից: Որքանո՞վ է տեղին տոնել՝ առանց Արցախի:
— Դե բնական է, քանի դեռեւս այս իշխանությունը կա՝ Արցախի տոնը նշելու ենք առանց Արցախի: Իշխանությունը եթե փոխվեց, Արցախը վերադարձվելու է: Ի՞նչ ժամանակահատվածում` չեմ կարող ասել, բայց վերադարձվելու է, իսկ այս իշխանությունների օրոք, պարզապես, մոռացեք Արցախի մասին:
— Այնուամենայնիվ, Արցախի անկախության ճանաչո՞ւմ, թե՞ վերամիավորում…
— Իհարկե ե՛ւ ճանաչում, ե՛ւ վերամիավորում, քանի որ չեն կարող միավորվել, եթե չեն ճանաչում իր անկախությունը, եւ միավորում` ամբողջովին հարցի փակում: Ռուսական տարբերակն ինչպե՞ս եղավ Ղրիմի հետ կապված՝ հենց այդ մի տարբերակով, քանի որ այլ տարբերակ էլ չի աշխատելու: Սա այլեւս այն հին աշխարհը չէ: Այնտեղ Մինսկի խումբ կար եւ այլն, իսկ դա արդեն վերջացավ:
— Առավել ուշագրավ էր նաեւ Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի խոստովանությունը, ով ասում էր, թե տարբեր առիթներով Արցախի լուծարման հարցը դառնում է մանիպուլյացիաների առարկա: Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել վերջինիս հնչեցրած այս տեսակետը:
— Լուծարելու վերաբերյալ ոչ մի նշանակութուն չունի: Եթե լինի իրավունք` Արցախը վերամիավորելու, ապա ցանկացած փաստաթուղթ կարելի է ընդունել եւ ճանաչել Արցախի անկախությունը: Անկախ նրանից դա իրավական առումով լեգիտիմ է, թե լեգիտիմ չէ: Դա լիովին երկրորդական նշանակության հարց է, ինչը վերաբերում է ղեկավարությանը, ապա՝ այո, Արցախի ղեկավարությունը ստիպված է եղել նրան գերի հանձնվել, որպեսզի Ադրբեջանը թույլ տա Արցախի բոլոր բնակիչներին վերադառնալ Հայաստան: Հակառակ դեպքում թույլ չէին տալու: Նրանք պատանդ են:
— Եթե այդ փաստաթուղթը հակասահմանադրական եւ հակաօրինական էր, ինչի մասին նաեւ Շահրամանյանն ակնարկում էր, թե ճնշումների ներքո է ստորագրել, ապա ինչո՞ւ մինչ այժմ չեն «կոտրում» միջազգային ատյանների դռներն ու բարձրաձայնում այդ մասին:
— Ո՞վ պետք է ասի, եթե այս կառավարական համակարգն ընդհանրապես դեմ է Արցախի հարցին, ապա նա ինչպե՞ս կարող է միջազգային ատյաններում բարձրացնի այդ հարցը: Մինչեւ այս իշխանությունը չփոխվի՝ Արցախի վերաբերյալ քաղաքական դիրքորոշումը չի փոխվելու: Մոռացեք այդ մասին:
— Քաղաքական թեժ աշնան մասին էին շատերը խոսում: Ըստ Ձեզ` արդյո՞ք կհաջողվի իշխանափոխություն կատարել:
— Կարող եմ ասել, որ 30 տարի չի հաջողվել, քանի որ 30 տարի անընդհատ լսում եմ 1991 թվականից սկսած թեժ աշուն, թեժ աշուն… Հետո թեժ ձմեռ, հետո թեժ գարուն եւ այդպես շարունակ: Կլինի, թե չի լինի, ես ինքս չեմ կարող ասել: Ուղղակի մեկ բան կարող եմ ասել, որ չի ստացվի փողոցով իշխանությունը վերցնել: Այսքան տարիների փորձը հենց դա է ցույց տալիս: Միգուցե 31-րդ տարում լիովին այլ բան լինի, դա չեմ կարող ասել, սակայն 30 տարիները ցույց են տվել, որ փողոցով իշխանութուն չես փոխի: Մոռացեք այդ մասին:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ