Իսկ «ինչականացվա՞ծ» է Մարությանը
Ներքաղաքական«Պետական գաղտնիք»,- ահա այսպես է անվանել իր հերթական ներկայացումը «տեղական Զելենսկին»… Է՜հ, Հայկ Մարությանը, որը հիմա էլ խոստանում է պետական գաղտնիք բացահատել: Ենթադրում ենք, որ նախկին քաղաքապետ, այժմ՝ նորաթուխ կուսակցապետ Հայկ Մարությանի մոտ արթնացել է խիղճը, եւ նա որոշել է հանրությանը ներկայացնել ինչ-ինչ թալանված գումարների մասին իրական պատմություններ: Ով չի հիշում, հիշեցնենք՝ մամուլում լայնորեն շրջանառվեց, որ Երեւանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած անձը՝ 2018-2021 թթ. բազում խախտումներ է արել եւ իր ավելի քան 3 տարի պաշտոնավարման շրջանում Երեւանի քաղաքապետարանում արձանագրված ենթադրյալ չարաշահումներն ուսումնասիրման փուլում են դատախազության կողմից։
Ի վերջո, այս կառույցը պետք է որոշի՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) բացահայտած խախտումները արդյո՞ք հանցագործություն են, եւ դրանցում մեղքի ինչ բաժին կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից Մարությանը։
Ակնհայտ է, որ «Պետական գաղտնիք» վերնագրով ներկայացման մեջ, ինչպես ներկայացված է անոնսում, Մարությանը պատրաստվում է «կծմծել» «Սրբազանացված, Կեցցե Հեծանվացած, Եվրոինտեգրված, Դոգացված» իրադարձությունները՝ մոռանալով, թե 2018 թվականին դեռեւս իշխանափոխության ընթացքում ինչպես էր Ալեն Սիմոնյանին հրմշտում բեմահարթակում, որ կանգնի առաջին շարքում «Հեծանվացած»…էհ, Նիկոլ Փաշինյանի կողքին:
Ու այս անձը Երեւանի ավագանու ընտրություններին մտավ պայքարի մեջ, իր դեմքով խմբակցություն ձեւավորեց ու վերադարձավ բեմ: Փաստացի, նրա կռիվը հերթական նոր ներկայացման համար էր, ոչ թե` պայքար հանուն երեւանցու: Ավելին՝ հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ժամանակին նրան գործնական առաջարկ էր անում՝ հեռահար կերպով բանակցելու ու Երեւանում իշխանություն փոխելու, սակայն նրա մեծն էգոն կամ օրվա իշխանության հետ կուլիսային պայմանավորվածությունները թույլ չտվեց համագործակցել ընդդիմադիրների հետ եւ իրավիճակ փոխել:
Ինչ վերաբերում է «Սրբազանացված» իրադարձություններին, ով ով, բայց Մարությանը չէ, որ պետք է քննադատի «Սրբազան պայքարը»: Ինքն իբրեւ ընդդիմադիր՝ ոչինչ չունի արած ՀՀ քաղաքացու համար:
Ինչեւէ, սպասենք զարգացումներին, թե Մարությանն ի՞նչ գաղտնիքներ է բացելու, թեպետ նախորդ ներկայացումը հուշում է, որ էլի լղոզելու է իրականությունը՝ աղմկոտ վերնագրի տակ: Չէ որ, միամտություն կլինի կարծել, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Մարությանին հարթակ կտրամադրեն, որպեսզի ասի այն, ինչը դեմ է օրվա իշխանությանը: Իսկ եթե փորձի, դատախազի դարակից կհանվի մեղադրանքների մի մեծ փաթեթ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=291892&l=am/