Եթե բռնակցում է, հայերն ինչպե՞ս են մասնակցել կամավորական շարժմանը. Գեւորգ Մելքոնյան
Ներքաղաքական
«Կասկածի տակ դնել Ռուսական կայսրության, հետագայում էլ՝ ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձեւավորման գործում, նշանակում է դեմ գնալ ընդհանուր առմամբ հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական անամոթ փորձի մասին է», - այս մասին օրեր առաջ հայտարարել էին ՌԴ ԱԳՆ-ից՝ հուսալով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ այդ բովանդակությամբ դասագիրքը մտնի դպրոցներ։
ՌԴ արտգործնախարարությունը «պատմությունը վերաշարադրելու անամոթ ու ընդհանուր անցյալը խեղաթյուրող աննրբանկատ փորձ» էր որակել դասագրքի չշտկված տարբերակը։ Այս մասին «Իրավունքը» զրուցել է «Արեւելք» գիտավերլուծական կենտրոնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
— «Հայոց պատմություն» առարկայի դասագրքում տեղ գտած «բռնակցում» եզրույթի շուրջ քննադատությունները շարունակում են հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այս խնդրի արմատը գալիս է քաղաքական փոփոխությունից, որովհետեւ ինչպե՞ս է լինում, որ 1920 թ.-ից հետո մինչ այժմ Հայաստանի միացումը համարվում էր Կովկասի ժողովուրդների համար դրական երեւույթ: 90-ական թվականներից հետո արդեն սկսվեց պատմությունը վերանայվել եւ, բնականաբար, դա այնպիսի մի երեւույթ է, որն ուղղակիորեն կապված է քաղաքական իշխանությունների տրամադրությունների հետ: Պետք է ասեմ, որ պատմությունը միշտ էլ քաղաքականացված է եղել, եւ այս դեպքում էլ սա քաղաքականացված լինելու արդյունք է, որպեսզի դասագրքերը վերանայվեն, փոփոխության ենթարկվեն:
Կարծում եմ՝ այս գործընթացը դեռեւս ընթանալու է, շարունակական է լինելու: Սակայն կան նաեւ անժխտելի փաստեր, փաստաթղթեր, հայերը, Արցախի մելիքները, Սյունիքի մելիքները: Պարզունակ բան է, որ կարելի է պարզապես հարցնել մասնագետին կամ նույն այդ դասագիրքը գրողը ես հաստատ համոզված եմ, որ տեղյակ էլ չէ, որ Արցախի, Սյունիքի մելիքները, Հայոց կաթողիկոսները բազմիցս դիմել են ցարին՝ խնդրելով փրկել իրենց թուրքական, պարսկական լծից` խնդրելով միացնել Հայաստանի տարածքը Ռուսաստանին: Այսինքն, երբ ասում են բռնակցում՝ դա այն դեպքում է լինում, երբ ժողովուրդը դեմ է լինում: Սակայն երբ խոսում ենք Արեւելյան Հայաստանի մասին, ապա այս դեպքում հայ ժողովրդի ներկայացուցիչները՝ ի դեմս Կաթողիկոսի, Հայոց մելիքների, այդ թվում նաեւ Լոռվա մելիքների, Արցախի մելիքների, Սյունիքի մելիքների խնդրել են բազմիցս անգամներ, եւ դա փաստաթղթով, այլ ոչ թե զանգել են կամ բանավոր են ասել:
Եվ սրա առջեւ պարսավում են, հասկանու՞մ եք, սակայն հատկանշական է, որ այդ փաստաթղթերը կան: Հայ ազգի մեծամեծերը խնդրել են, որ ռուսները գան եւ հայտնվեն այդ տարածաշրջանում ու փրկեն իրենց պարսկական լծից: Եվ այսօր Հայաստանը եթե կա՝ դա միայն շնորհիվ ռուսական կողմի եւ շնորհիվ Գրիբոյեդովի է, որովհետեւ եթե Գրիբոյեդովը չկազմակերպեր տասնյակ եւ հազարավոր հայերի ներգաղթը, ապա հայերն իրենց պատմական հայրենիքում (այսօր առավել եւս) լինելու էին բացարձակապես փոքրամասնություն, եւ ամեն անգամ, երբ խոսում են, թող հիշեն, որ Երեւանի Նախիջեւանի մարզում՝ հայերը կազմել են բնակչության 21 տոկոսն ընդամենը: Ուրիշ բան, որ դա պատմական հանգամանքներով եւ վարած քաղաքականության արդյունքում Արարատյան դաշտից հայերը հանվեցին:
Արդյունքում հայերը ստացան իրենց սեփական հայրենիքում 21 տոկոս՝ շնորհիվ ցարական Ռուսաստանի: Իհարկե, դա Ռուսաստանը արեց ոչ թե հայերի համար, այլ` իր շահերի: Սա պարզ է եւ հասկանալի, բայց այս դեպքում հայ ժողովրդի եւ Ռուսաստանի շահերը ցարական Ռուսաստանի հետ համընկնում էին: Հիմա արդեն, երբ դարեր են անցել՝ դա չի նշանակում, որ դարեր անցնելուց հետո նամակները ջնջվել են: Նամակները չեն ջնջվել, եւ դա նույնպես պետք է հասկանալ: Հետեւաբար, դասագիրք գրողները եւս պետք է հասկանան, որ այդ նամակները պահպանվում են:
Հայոց կաթողիկոսի նամակն է պահպանվում, մի քանի կաթողիկոսների նամակներ եւս պահպանվում են: Թող հիշեն Իսրայել Օրուն տված Արցախի մելիքներին, Սյունիքի մելիքներին, նամակները եւ գրությունները, տարբեր մարդկանց տված լիազորություններն ու խնդրագրերը, հայերի խնդրագրերը, Թիֆլիսի հայերի մասնակցությունը կամավորական շարժմանը: Այս ամենը հերթով կարելի է թվարկել:
Այդ ինչպե՞ս է լինում, եթե բռնակցում է, հայերն ինչպե՞ս են մասնակցել կամավորական շարժմանը:
Կարծում եմ, որ «Վերք Հայաստանի» վեպը կարդացած կլինեն ինչ-որ տեղ: Սա խոսում է ընդամենն այն մասին, որ այսօր պատմությունը քաղաքական թելադրանքով ենթարկվում է փոփոխության, որը միշտ էլ եղել է եւ լինելու է, բայց կան բաներ, որոնք պարզապես չի կարելի մոռանալ, որովհետեւ պատմությունը մեզ չի ներելու: Այն ժողովուրդները, որոնք պատմությունը փորձել են քաղաքական ենթատեքստով շարադրել, ապա այդ ժողովուրդների նկատմամբ հենց պատմությունը շատ դաժան է գտնվել՝ ինչպես, որ հայ ժողովրդի նկատմամբ է գտնվել եւ հիմա էլ նույնպես գտնվում է:
— Ինչո՞ւ այս հարցում պատմագիտական հանրույթի ձայնը հնչեղ չէ…
— Պատմագիտական հանրույթն արդեն մի քանի տարի է, ինչ իր ձայնն է բարձրացնում շատ հստակ կերպով՝ ի տարբերություն մյուս մտավորական հանրույթների:
Մասնագիտական հանրույթը միակն է, որ իր դեմքը հստակ ցույց է տալիս եւ օրվա բոլոր պրոցեսներին (ե՛ւ պատմության դասագրքերի հետ կապված, ե՛ւ ընդհանրապես կրթության հետ կապված): Երեւի թե, ամենաակտիվ հանրույթն է, եւ արդեն քանի տարի է, ինչ դա շատ հստակ զգացվում է:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Շարունակելի…