Արցախը եղել է, կա ու միշտ կլինի հայկական. ՀԱՊ կուսակցություն
ՆերքաղաքականՀամահայկական ազգային պետականություն կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը եւ այդ տարիներին հայ ժողովուրդը ապացուցեց, որ պետք է եւ կարող է տեր դառնալ իր իսկ ճակատագրին: 33 տարի առաջ այդ դժվարին օրերին ամբողջ հայ ժողովուրդը զրկանքների եւ զոհաբերությունների գնով կարողացավ դիմադրել ու ազատագրական պայքարի արդյունքում վերահաստատել իր իրավունքը` ապրելու իր հայրենիքում:
Արցախի Հանրապետության ծնունդը եւ անկախությունն այն ապացույցն էին համայն աշխարհին, որ ցեղասպանություն ապրած հայ ազգը չի պատրաստվում նոր ցեղասպանության զոհ դառնալ եւ պատրաստ է իրավունքի ուժով պաշտպանել իր հայրենիքում ապրելու իր իրավունքը:
Արցախի Հանրապետության անկախությունը համապատասխանում էր միջազգային բոլոր նորմերին, եւ այն կասկածի տակ չի դրվել անգամ թշնամու կողմից, որը եւ հիմք էր հանդիսանում միջազգային հանրության կողմից ձեւավորված բանաձեւերի եւ բանակցությունների ձեւավորմանը։
Ցավոք, 2023 թվականին Արցախը բռնազավթվեց եւ զոհ դարձավ ներքին «քաղաքական» առ ու ծախի: 2023 թվականին ծրագրավորված եւայնուհետ իրականացված չարագործ եւ դավաճանական ծրագրերի արդյունքում Արցախը ապրեց իր հազարամյակների պատմության ամենադաժան օրերը, Արցախում տեղի ունեցավ ցեղասպանություն եւ հայաթափում:
Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը պետք օգտագործի իր ամբողջ ներուժը, որպեսզի վերականգնվի մեր արցախահայության արժանապատիվ վերադարձը իր հայրենիք եւ դրա համար կան բոլոր միջազգային մեխանիզմները: Դա կարելի է իրականացնել ազգային քաղաքական կամքի եւ աշխատանքի արդյունքում, որը միայն կարող է իրականացնել ազգային եւ պետական շահերով լծված իշխանությունը:
Արցախը եղել է, կա ու միշտ կլինի հայկական, եւ դա անքակտելի է ու ինչպես կասեին մեր պապերը, «ով ուրանա, զույգ աչքով թող կուրանա»:
Հիշեցնենք, որ քաղաքական հետապնդումների հետեւանքով՝ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը դատապարտվել է 9 տարի եւ 2 ամիս ազատազրկման։