Թող ունենան այնպիսի դպրոցական տարիներ, ինչպիսին ունեցել ենք մենք՝ հաղթանակած, խաղաղ ու անհոգ. Եղիազարյան
ՄշակութայինՍեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց նաեւ մշակութային գործիչների ընտանիքներին: Դերասան ՆԻԿՈԼԱՅ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ դուստրը նույնպես այս տարի կհամալրի առաջին դասարանցիների շարքերը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ: Այսպիսով՝ Նիկոկայ Եղիազարյանի դուստրը՝ ՌՈՒԲԻՆԱՆ, կհաճախի քաղաք Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոց: Նրան սեպտեմբերի մեկին դպրոց կուղեկցեն տատիկը, մայրիկն ու հայրիկը: Դերասան հայրիկն ասաց, որ դպրոցի ընտրության հարցում ինքն ու կինը երկար են մտածել.
— Զարմիկներս արդեն հաճախել են այդ դպրոցը, եւ արդեն իսկ ունենք մեր կարծիքը դպրոցի վերաբերյալ: Ասեմ, որ Ռուբինաս անհամբեր է սպասում դպրոցին, անգամ պարտեզ հաճախելու ժամանակից: Իր մեջ տպավորվել է, որ դպրոցն իրեն շուտ է մեծացնելու: Հատկապես երբ փոքր եղբոր՝ Ռուբենի հետ խոսում է, անընդհատ շեշտում է, որ ինքն արդեն մեծ է եւ դպրոց պիտի հաճախի, իսկ եղբայրը դեռ փոքրիկ է: Շատ կցանկանամ, որ այդ ոգեւորությունը մինչեւ վերջ պահպանի, որը շատ կարեւոր է իր ու մեզ համար:
— Որպես արդեն դպրոցական տարիքի երեխա ունեցող ծնող՝ ինչպիսի՞ մտահոգություններ ունեք կապված դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ:
— Մտահոգություններս, անշուշտ, շատ-շատ են: Առհասարակ, մտահոգություններն են շատ կապված երեխաների հետ, հատկապես, որ մեծանում են, պատասխանատվությունն առավել մեծանում է: Ես ցանկանում եմ, որ լինի հայեցի եւ գեղեցիկ միջավայր, որ երեխաս մեծանա, դաստիարակվի ու կրթություն ստանա մի այնպիսի մթնոլորտում, որտեղ առաջին հերթին կլինի լավ հայ՝ իր հայերեն մտածելակերպով, լեզվով ու շրջապատին պիտանի լինելով: Մենք այսօր այնքան բան ենք կորցրել ու տեսել, որ մեր մշակույթը եւ կրթությունը պահպանելը դարձել է առավել քան կարեւոր, ինչը պետք է լինի թե՛ տանը, թե՛ դպրոցում:
— Կհիշե՞ք մեկ հիշարժան դեպք Ձեր դպրոցական տարիներից:
— Իմ դպրոցական տարիները եղել են շատ հիշարժան՝ թե՛ արկածների առումով, թե՛ ուսման մեջ: Լավ եմ սովորել, բայց չարաճճի եմ եղել՝ մշտապես դասերից փախել եմ, միշտ աչքի եմ ընկել: Հիշարժան տարիներ եմ ունեցել: Բայց, անկեղծ ասեմ, չեմ ցանկանա, որ ո՛չ աղջիկս, ո՛չ տղաս ինձ նման վարքագիծ ունենան: Իմ պատճառով անընդհատ ծնող էին կանչում դպրոց՝ վարքիս հետ կապված: Շատ հետաքրքիր պահեր եմ ունեցել, իհարկե, հիմա մի քիչ այլ կերպ եմ դրանք հիշում:
— Ի՞նչ կմաղթեք առաջին դասարանի շեմին կանգնած երեխաներին եւ նրանց ծնողներին:
— Նրանք մեր ապագան են, նրանք մեր արմատներն ու հիմքն են: Ես նրանց կմաղթեմ լիարժեք հայ լինեն, հայերեն լեզուն սերտեն, գրականությունը իմանան, մեր հայ դասականներին ճանաչեն ու ոչ միայն նրանց ստեղծագործությունները, այլ նաեւ նրանց անցած ճանապարհն ուսումնասիրեն, որը եղել է դժվարին, բայց, այդուհանդերձ, պահել եւ փոխանցել են մեզ մեծ մշակույթ: Կցանկանամ, որ նրանք ոչ թե փոխեն, այլ լիարժեք կանգնեն իրենց դասականի կողքին, ապրեն լիարժեք կյանքով՝ խաղաղ, գեղեցիկ միջավայրում, օրինակելի լինեն, ու ամեն մեկն իր մասնագիտության մեջ լինի անհատ, որովհետեւ մենք եղել ենք այդպիսին: Նաեւ կցանկանամ, որ յուրաքանչյուր երեխա իր պետությունն ու պետականությունը, ինքնությունն ու քրիստոնեությունը երբեք չմոռանա ու պահի այն արժեքները, որոնք մենք փոխանցում ենք նրանց: Չէ որ երբ նրանք ծնվում են, ունենում են իրենց առաքելությունը, այստեղ տարիքն ու ժամանակաշրջանը կապ չունի: Առաքելություն՝ մեր բակի, մեր դպրոցի, մեր աշխատանքի ու շրջապատի հանդեպ: Ուզում եմ ապրեն խաղաղ, ունենան այնպիսի դպրոցական տարիներ, ինչպիսին ունեցել ենք մենք՝ հաղթանակած, խաղաղ ու անհոգ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=291702&l=am/