Царь ненастоящий? ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԻնչպես ասում է իմաստուն ժողովուրդը՝ «մարմանդ գետից վախեցի»: Ստացվում է, որ հայաստանյան տեղական «царь ненастоящий?»: Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ստիպված է հրաժարական ներկայացնել եւ պատասխանատվության ենթարկվել: Այս համոզմանն է եկել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը եւ նշել. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրություններին ընդառաջ գրավոր դիմում եմ ներկայացրել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի կամ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոններից որեւէ մեկից հրաժարական ներկայացնելու պահանջով»: Ղազարյանի դիտարկմամբ՝ նա, այդ պաշտոնը զբաղեցնելով, խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 124-ի 4-րդ մասի՝ Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք։ Հարկ է նկատել, որ Սահմանադրությունը բացառում է ցանկացած այլ պաշտոն զբաղեցնելու հանգամանքը, անկախ դրա վճարովի կամ հասարակական հիմունքներից։ Տվյալ դեպքում՝ Հանրապետության նախագահը, իր պաշտոնից բացի, զբաղեցնում է ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդամի ե դրանով պայմանավորված նաեւ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը՝ խախտվելով ՀՀ Սահմանադրությունը։ Բայց սարսափելին այս ամենը չէ, այլ այն, որ նույն Խաչատուրյանն է երկրում սահմանադրականության երաշխավորը…
Զարմանահրաշ լավատեսությամբ է աչքի ընկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է. «Այո՛, պատրաստվում ենք ընտրությունների. մենք լուրջ ձայներ ենք հավաքելու»: Թե ինչի՞ հիման վրա այդքան համոզված Հ. Աղազարյանը, կարող է երեք վարկած լինել՝ կա՛մ պայմանավորվել են որոշակի ընդդիմադիրների հետ, որ ֆեյք պայքարի արդյունքում էլի իշխանության վարկանիշը պետք է բարձրանա, կա՛մ հերթական անգամ նրա բերանով իշխանությունը հանրային տրամադրություններ է ստուգում ու արհեստական թեժ աշուն ապահովում, կա՛մ վերջինս, պարզապես, չի տիրապետում իրավիճակին: Մեզ մնում է հռետորական հարց բարձրացնել՝ լուրջ ձայներ հաստա՞տ հայերն են տալու:
Ի տարբերություն Հովիկ Աղազարյանի՝ բավական անկեղծ է եւ իրատես այս իշխանության աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար ԴԱՎԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Նա զգուշացրել է, որ Հայաստանում պոտենցիալ ծնողների թվաքանակն իջել է 50-60 հազար մարդով, ինչը կհանգեցնի ծնելիության կրճատման։ Ըստ նրա` Հայաստանի Հանրապետությունում շատերը հակված են երրորդ երեխան ունենալ՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որտեղ մարդիկ չեն ցանկանում երկուսից ավելի երեխա ունենալ, բայց սոցիալական խնդիրների պատճառով Հայաստանոմ այդ քայլին չեն դիմում։ Վերջում էլ Խաչատրյանը հավաստիացրել է, թե պետությունը կձգտի լուծել այդ խնդիրը, որպեսզի ընտանիքներն առավելագույն թվով երեխաներ ունենան։ Մնում է հարց բարձրացնել՝ բա վեց տարի է կառավարության գործի անունն ի՞նչ էր՝ բացի հնդիկներով բնակչության պակասը լրացնելուց:
https://iravunk.com/sim/?p=291601&l=am/