Ֆիզիկական անձանց՝ դեպի ՀՀ փոխանցումները նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ զգալիորեն նվազել են
Տնտեսություն«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Այսպես՝
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնների շնորհիվ ՀՀ-ում 2024թ. առաջին կիսամյակում գրանցվել է տնտեսական ակտիվության 10.4% ցուցանիշ։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ տնտեսական աճի առումով վիճակը բավական բարենպաստ է, սակայն փոքր-ինչ խորքային ուսումնասիրության դեպքում բացահայտվում են տնտեսությունում ինչպես փաստացի առկա, այնպես էլ մոտ ապագայում հնարավոր մի շարք լրջագույն խնդիրներ։ Մասնավորապես, վիճակագրական տվյալները վկայում են, որ վերոհիշյալ բարենպաստ գործոնների ազդեցությունը գնալով թուլանում է։ Պատահական չէ, որ ապրիլից արձանագրվում է մշակող արդյունաբերության (առաջին կիսամյակի բարձր տնտեսական ակտիվության «լոկոմոտիվի»՝ ոսկերչական գործունեության ծավալների մասով) աճի կտրուկ դանդաղում։ Ավելին, այդ աճին զուգընթաց ՀՀ տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք ենթաճյուղերումամիսներ շարունակ անկում է արձանագրվում: Այսինքն՝ ոսկերչական արտադրատեսակների արտադրության աճը (թեև ամսեամիս զգալիորեն դանդաղող, սակայն դեռևս համեմատաբար բարձր) կարողացել է «չեզոքացնել» այդ անկման ազդեցությունը՝ «քողարկելով» արդյունաբերության կառուցվածքի վատթարացման միտումները:
2024թ. առաջին կիսամյակում բյուջեի եկամուտների աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի քան եռակի պակաս է՝ պայմանավորված հարկային եկամուտների և պետական տուրքերի աճի ավելի քան քառակի դանդաղմամբ։ ՀՀ պետական բյուջեի 2024թ. առաջին կիսամյակի ընդհանուր եկամուտները կազմել են 1,243.7 մլրդ դրամ և ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 8.0%-ով։ ՀՀ պետական բյուջեի ընդհանուր ծախսերը 2024թ. առաջին կիսամյակում կազմել են 1,232.7 մլրդ դրամ՝ կամ ճշտված պլանի ցուցանիշից 12.5%-ով պակաս: Թերակատարում է արձանագրվել հաշվետվությունում նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում։ Տոկոսային արտահայտությամբ առավել զգալի են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, վիճակագրական կոմիտեի, արտաքին հետախուզության ծառայության և էկոնոմիկայի նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները:
2024թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 11.0 մլրդ դրամի հավելուրդ, մինչդեռ ծրագրված էր ունենալ 56.4 մլրդ դրամի պակասուրդ: Այսինքն՝ բյուջեի կատարումը պլանից շեղվել է շուրջ 67.4 մլրդ դրամով:
Ուշագրավ է, որ բյուջեի՝ թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի և թե՛ պակասուրդի առումով շատ հաճախ փաստացի և պլանային մեծությունների միջև շեղումը ճշտված պլանի նկատմամբ ավելի մեծ է, քան հաստատված պլանի նկատմամբ։ Այսինքն՝ շատ դեպքերում, ճշգրտման արդյունքում փոխանակ ծրագրված ցուցանիշներն ավելի իրատեսական դառնային, դրանց զգալի մասն ավելի է «հեռացել» իրականությունից։ Իսկ դա վկայում է այն մասին, որ կառավարությանը դեռևս չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման հմտությունների անբավարար մակարդակի հիմնախնդիրը։ Դրա փոխարեն ծրագրերի իրականացման բոլոր թերակատարումների համար հաշվետվությունում բերվել են զանազան «օբյեկտիվ» հիմնավորումներ՝ հաստիքների թերհամալրում, եղանակային վատ պայմաններ, գնման գործընթացի հետ կապված խնդիրներ, դոնորների հետ ընթացակարգային խնդիրներ և այլն:
Բյուջեի ծրագրային դասակարգմամբ ծախսերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ գործող կառավարությունը ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր կա՛մ ընդհանրապես չի իրականացրել, կա՛մ դրանց կատարողականները շատ ցածր են։ Այդպիսի ծրագրերից են, օրինակ, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը», որն ընդհանրապես չի իրականացվել և «Թվային փոխակերպման գործընթացի իրականացումը», որը կատարվել է ընդամենը 0.6%-ով։
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ 2024թ. առաջին կիսամյակում թերակատարվել են պետական բյուջեի թե՛ եկամուտները և թե՛ ծախսերը։ Քանի որ բյուջեի ծախսերի թերակատարումը նաև պայմանավորված է եկամուտների թերակատարմամբ, առաջին կիսամյակի միտումների պահպանման պարագայում տարեկան կտրվածքով կվտանգվի 2024թ. պետական բյուջեի կատարումը, և չի բացառվում նաև, որ կհանգեցնի բյուջեի սեկվեստրի։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ:
https://iravunk.com/sim/?p=291289&l=am/