Նիկոլյանը դատապարտվեց 1 տարի, 8 ամիս ազատազրկման, որից 6 ամիսը կանցկացնի փակ ռեժիմով
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի դատարանը հետաքննող եւ ռազմական լրագրող ԼԵՈ ՆԻԿՈԼՅԱՆԻՆ դատապարտել է 1 տարի, 8 ամիս ազատազրկման, որից 6 ամիսը կանցկացնի փակ ռեժիմով: Դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին: Ներկաներից մեզ հաջողվեց պարզել, որ Լ. Նիկոլյանը բավականին հյուծված է եղել: Այդուհանդերձ, նա փորձել է պաշտպանվել, հակադարձել, բայց դատավորն ընդհատել է նրան։
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Լ. Նիկոլյանը Փարիզից տեսանյութ էր հրապարակել, որով տեղեկացրել էր, որ կանչվել է ոստիկանություն հարցաքննության: Սակայն, հետո հայտնի դարձավ, որ նրան ձերբակալել են եւ առ այսօր գտնվում է անազատության մեջ: Նրան մեղադրում են ո՛չ ավել, ո՛չ պակաս հակասեմիտիզմի մեջ՝ երկու դրվագով մեղադրանք առաջադրելով:
Պարզվում է՝ դեռեւս սույն թվականի փետրվարի 6-ին Փարիզում հանրային տրանսպորտում նա միջադեպ է ունեցել մի հրեա տարեց տղամարդու հետ: Մասնավորապես՝ Լ. Նիկոլյանը հրեային հարցրել է, թե ինչ է մտածում Նեթանյահուի կողմից պաղեստինցի երեխաների ցեղասպանության մասին եւ այդ ամենը տեսանկարահանել է: Տեսնելով, որ հրեան անտարբեր է ու չի արձագանքում՝ Լ. Նիկոլյանը նրան անվանել է «պաղեստինյան ցեղասպանության ջատագով»: Դեպքից հետո՝ Եվրոպական հրեական կազմակերպության իրավաբան Գրեգորի Բենսադունը հայտարարել է, որ բողոք է ներկայացվել Փարիզի դատախազին՝ «ռասայական ատելություն հրահրելու համար»։ Նա հույս է հայտնել, որ Լ. Նիկոլյանը կկալանավորվի: Այսպիսով՝ առանց տարեց հրեայի համաձայնության վերջինիս տեսալուսանկարահանելու եւ հրապարակելու մեջ է մեղադրվում Լեո Նիկոլյանը: Ընդ որում՝ ուշագրավ է այն, որ Լ. Նիկոլյանն ընդունել է, որ սխալ է արել՝ հրեա տղամարդուն տեսանկարահանելով եւ հանրայնացնելով՝ առանց վերջինիս թույլտվության։ Մինչդեռ իրավապահ համակարգն ամեն կերպ գործը փորձել է ներկայացնել հակասեմիտիզմի համատեքստում:
Իսկ երկրորդ մեղադրանքը վերաբերում է նրան, որ իբրեւ Լեո Նիկոլյանը հանրային տրանսպորտում ստիպել է 13 տարեկան տղա երեխա հրեային հանելու գլխի կիպան (հրեական ավանդական գլխարկը): Միջադեպի մասին վկայություն են տվել երեխան ու ավտոբուսի վարորդը: Իսկ տեսանյութ այս մասին որեւէ տեղ չկա հրապարակված, ավտոբուսի տեսախցիկների ձայնագրություններն էլ 72 ժամ հետո ջնջվում են։
Ըստ էության, եթե դեպքերի ժամանակագրությունը փորձենք վերլուծել, ստացվում է, որ տեղի ունեցած միջադեպից հետո՝ Լ. Նիկոլյանը եկել է Հայաստան, մեկնել Կիրանց եւ տեւական ժամանակ մնացել է այստեղ: Հետո կրկին վերադարձել է կարճ ժամանակով Ֆրանսիա ու նորից որոշել գալ Հայաստան, սակայն այլեւս նրա մուտքն արգելել են: Լ. Նիկոլյանը նույնիսկ քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից՝ հայտարարելով, որ Ֆրանսիայում իրեն վտանգ է սպառնում, բայց՝ շատ արագ մերժվել է: 40 եւ ավել օր «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնելուց հետո՝ նա կրկին վերադառնում է Ֆրանսիա եւ սկսվում են նրա դեմ իրականացվող հալածանքները՝ ձերբակալություններ, խոշտանգում, քրեական գործեր եւ, ի վերջո, ազատազրկում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=291061&l=am/