ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահը շնորհավորանք է հղել Վեհափառ Հայրապետին
ՆերքաղաքականՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահ ՎՈԼՈԴՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորանք է հղել, որում մասնավորապես ասված է.
«Վեհափա՛ռ Տեր․
ՀՀԿ հոգևոր-մշակութային և գիտակրթական հանձնաժողովի անդամների անունից թո՛ւյլ տվեք շնորհավորել Ձերդ Սրբությանը ծննդյան 73-ամյակի առթիվ։
Դուք ձեր ծննդյան տարեդարձը դիմավորում եք Հայոց Առաքելական եկեղեցու անդաստանում արգասաբեր գործունեության եւ ծառայության մեծ վաստակով։ Հայոց եկեղեցու առաջնորդի սրբազան պարտականությունը Դուք ստանձնեցիք մեր անկախ պետականության բախտորոշ ժամանակաշրջանին եւ լծվեցիք մեր պետության ու եկեղեցու առջեւ ծառացած խնդիրների լուծմանը՝ ի նպաստ համայն հայության միասնության եւ հոգեւոր կյանքի պայծառացման ու շենացման, կյանքի կոչեցինք հայրենական եւ եկեղեցական մի շարք կարեւոր ծրագրեր, նախաձեռնություններ եւ միջոցառումներ։
Մեծ է Ձեր վաստակը եւ ավանդը Հայաստանի Հանրապետության եւ Հայոց եկեղեցու միջեւ կապերի ամրապնդման եւ զարգացման, կրոնական դիվանագիտության եւ միջեկեղեցական փոխգործակցության, աշխարհասփյուռ հայությանը Հայաստանի պետության շուրջ համախմբման գործում։
Վերստին մեր ջերմ շնորհավորանքները բերելով եւ հայցելով Տիրոջ Սուրբ Աջի առաջնորդությունն ու հովանին՝ մաղթում ենք ձեզ քաջառողջություն, բեղմնավոր եւ արգասաբեր գործունեություն, գահակալության երկար տարիներ՝ ի վերաշինություն Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու, հանուն համայն հայության ազգային իղձերի ու նպատակների իրագործման եւ Հայաստանի Հանրապետության։
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբույր Ձերդ Սրբության Օծյալ Սուրբ Աջույն՝ Վոլոդյա Գասպարյան՝ ՀՀԿ հոգեւոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի նախագահ»: