Ռուսաստանում կարող են արգելափակվել Google-ը, Android-ը և iOS-ը. Պետդումայի պատգամավոր
Ռուսաստանում կարող են արգելափակվել Android և iOS օպերացիոն համակարգերը, RuNews24-ին է հայտնել Պետդումայի տարածաշրջանային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Դիդենկոն՝ մեկնաբանելով YouTube-ի դանդաղեցումը։
«Դա տեղի կունենա ոչ մեր նախաձեռնությամբ։ Քաղծառայողներին և պաշտոնյաներին վաղուց արգելված է օգտագործել այդ հարթակները, հատկապես նրանց, ովքեր գաղտնի տեղեկատվության հասանելիություն ունեն: Դա առաջին ակնարկն էր, որ պետք է անցնել այլ հարթակների»,- ասել է նա։
Պատգամավորը նաև կոչ է արել ռուսաստանցիներին «ողբերգություն» չսարքել իրադարձությունների այս զարգացումից։ Նա հիշեցրել է ֆիլմերի և սերիալների ամերիկյան Netflix ծառայության հեռանալը երկրից՝ նշելով, որ, ի վերջո, բոլորը համակերպվեցին դրա հետ։
Ըստ Դիդենկոյի, Google-ը «խիստ կողմնակալ և քաղաքականացված հարթակ է», որը բացասաբար է տրամադրված Ռուսաստանի հանդեպ, ուստի դրան պետք է վերաբերվել որպես «թշնամու շահերը ներկայացնող հարթակի»։
Այն դիտարկմանը, որ ամերիկյան կորպորացիային պատկանող YouTube վիդեոհոսթինգը շատ օգտակար բովանդակություն ունի, որից կարելի է բոլորովին անվճար նոր գիտելիքներ ստանալ, պատգամավորը պատասխանել է, որ նման տեսանյութերը կարելի է տեղափոխել հայրենական հարթակներ։ Ըստ նրա, դրա համար կպահանջվի «առավելագույնը մեկ-երկու օր»։
Ավելի ուշ Դիդենկոն այլ լրատվամիջոցների հետ զրույցում պարզաբանել է, որ իր ասածն ընդամենը ենթադրություն է։ «Ինչ-որ որոշման մասին ես չգիտեմ, բայց նման հեռանկար կա։ Այսինքն՝ անգամ որեւէ օրենք ընդունելու կարիք չկա։ Եթե խախտեն, կստանան որոշակի պատժամիջոցներ»,- ասել է պատգամավորը՝ նշելով, որ «հեռանկարն ակնհայտ է»։
Բացի դրանից, Դիդենկոն նշել է, որ, ամենայն հավանականությամբ, ամերիկյան ընկերությունները «կանգ չեն առնի» YouTube հարթակի դանդաղեցման վրա և կսկսեն օգտագործել իրենց հասանելի բոլոր հարթակները։ «Հետևաբար, iOS-ի ժամանակը կգա, քանի որ նրանք կարող են շատ հեռուն գնալ իրենց կատաղության մեջ»,- նշել է Դիդենկոն։
https://iravunk.com/sim/?p=289738&l=am/