Հայաստանի շուրջ ամերիկյան խաղը լիովին բացահայտված է
ՎերլուծությունԱրդեն որերորդ անգամն է, որ Արեւմուտքը տառացիորեն բացատրում է, թե կոնկրետ ինչ շահ է հետաքրքրում մեր տարածաշրջանում, ինչ է ուզում Հայաստանից: Այսինքն, որ այդ շահերի մեջ ամենեւին էլ Հայաստանի լավ լինելը չի մտնում: Ու չնայած դրան, էլ չասած փարիզյան վերջին սատանիստության, մեր տեղի արեւմտյան հուդաները համառորեն շարունակում են Հայաստանը Արեւմուտք քարշ տալու փորձերը:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ն
Դեռ միայն վերջերս էր, որ Քարնենգիի հայտնի ուլտրալիբերաստական հիմնադրամը ներկայացնող, իր հերթին ոչ անհայտ Թոմաս դը Վաալը շատ պարզ բացատրեց, որ Արեւմուտքի համար Հայաստանի հիմնական ֆունկցիան Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բաժանարար գիծ դառնալն է, այդ թվում՝ կոմունիկացիոն միջանցք դառնալու տեսքով՝ դրանից բխող բոլոր կործանարար հետեւանքներով հանդերձ: Եվ ահա նախօրեին բառացիորեն նույն միտքն առաջ տարավ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով, չմոռանանք, հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» հարցով ամերիկյան առանցքային ֆիգուրանտներից է:
Այսպես, Օ՛Բրայենը, այն էլ՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բաց տեքստով հայտարարեց, որ ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանը եւ Չինաստանը: «Կենտրոնական Ասիայի երկրները աներեւակայելի հարուստ են, եւ այժմ համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով է: Եթե մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք ելք կունենան դեպի համաշխարհային շուկաներ եւ շատ ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից եւ Չինաստանից»:
Նախ նկատենք, որ, իհարկե, ԱՄՆ-ի դարդ ու ցավն ամենեւին էլ «Կենտրոնական Ասիայի աներեւակայելի հարուստ երկրներին» իրենց այդ պոտենցիալը հանուն իրենց իսկ ժողովրդի շահերի ծառայեցնելու համար միջոցներ ստեղծելը չէ: Ինչպես ամենուր, այդ դեպքում եւս ԱՄՆ-ին պետք է այդ հարստությունները կոպեկներով իրենով անել: Սա ամերիկյան հին ծրագիր է, դեռ տխրահռչակ Բժեժինսկուց եկող, ու Օ՛Բրայենը պարզապես ի ցույց դրեց, որ ծրագիրն այսօր էլ ԱՄՆ-ում կամ նրա էլիտայի որոշակի շերտերի մոտ օրակարգային է:
Երկրորդ նյուանսը, որ ի ցույց դրեց Օ՛Բրայենը, հետեւյալն է: Նախ ֆիքսենք, նրա խոսքը վերաբերում է, այսպես ասած, «Միջին միջանցքին», որը մեկը մեկին համընկնում է «Թյուրքական միջանցքի» հետ՝ դրա «Զանգեզուրի միջանցք» ենթամասնիկով հանդերձ: Մեկ տարբերությամբ. «Թյուրքական միջանցքի» անվան տակ պետք է տեսնել էլի ԱՄՆ-ի հովանու տակ հիմնականում Թուրքիայի վերահսկողությունը ողջ ծրագրի նկատմամբ, «Միջին միջանցքի» դեպքում հիմնական վերահսկողությունն ԱՄՆ-ինն է, միգուցե ինչ-որ այլ վերակացուի, ասենք՝ Ֆրանսիայի միջոցով, իսկ Թուրքիան մնում է երկրորդ պլանում: Ընդ որում, առաջին տարբերակին Ալիեւը կարող է համաձայնել, երկրորդին՝ ոչ:
Եվ ահա, «Միջին միջանցքի» հետ կապված, ինչպես ներհայաստանյան հարթակում, այնպես էլ դրսից փորձում են այն տպավորությունը ստեղծել, թե դա Չինաստանից Եվրոպա տանող կոմունիկացիա է, այն է՝ չինական «Մետաքսի ուղու» մասնիկ: Այսինքն, որ սա արվում է Պեկինի հետ համատեղ, լինելու է չինական համապատասխան վերահսկողություն: Բայց ահա Օ՛Բրայենը շատ հստակ բացատրեց՝ ԱՄՆ-ին պետք է, որ այս միջանցքը «շատ ավելի քիչ կախված» լինի ոչ միայն Ռուսաստանից, այլ նաեւ` Չինաստանից: Այն, ինչի մասին քանիցս գրելու առիթ ունեցել ենք: Ավելին, այս տարբերակով «Միջին միջանցք» կոչվածը դառնում է ինչպես Ռուսաստան-Իրանի, այլ նաեւ Չինաստանի համար թշնամական համակարգ. այն, Ռուսաստանի եւ Իրանի միջեւ պատնեշ դառնալուց զատ, միաժամանակ գործնականում հասնում է մինչեւ Չինաստանի արեւմտյան՝ թյուրքական ույղուրների շրջանները: Այսինքն, պետք եղած դեպքում այն կդառնա ույղուրների համար մատակարարումների ուղի, եթե նրանք հերթական անգամ հակաչինական «բունտեր» սկսեն: Եվ կոնկրետ այս հարցում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերը միանգամայն համընկնում են:
Այսպիսով, պետքարտուղարության ներկայացուցիչը միանգամայն հստակ բացատրեց, թե այդ մեծ ծրագրի համար չբավարարող օղակը՝ Հայաստանը, իրենց ինչին է պետք: Եվ որպեսզի ավելորդ պատրանքներ չմնան, եւս մեկ անգամ ընդգծեց. «ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի համար հնարավոր դարձնել խիզախ քայլերի դիմելը, դեպի որոնց առաջնորդում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. խոսքը ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման մասին է: Մենք պայմաններ ենք ստեղծում, որ Հայաստանը հեռանա Ռուսաստանից»,– հայտարարել է Օ'Բրայենը։
Երեւի այս դեպքում մեկնաբանելն անգամ ավելորդ է. Հայաստանը մեկ բանի համար է պետք՝ մատաղացու ոչխարի դերի, հաշվի առնելով այս ծրագրի մեջ ներառվելու ոչ թե նույնիսկ հնարավոր, այլ՝ միանգամայն ռեալ հետեւանքները: Նման ծրագրի մեջ մտնելով` Հայաստանը միանգամից վերածվում է թշնամու ինչպես Ռուսաստան-Իրանի, այնպես էլ՝ Չինաստանի համար: Թերեւս, պետք է գումարել նաեւ Հնդկաստանին, որը ակտիվորեն զարգացնում է Հյուսիս-Հարավ միջանցքը, եւ որի համար իսկական պատնեշ է դառնալու ԱՄՆ-ի կողմից առաջ տարվող այդ «Միջին միջանցքը»:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱԿԱԴԻՐ ԹԵՎԸ
Այսպիսով, նիկոլյան ռեժիմի, այսպես ասած, արեւմտյան վեկտորը Հայաստանում տանում է մի դաշտ, որտեղ սուր, թշնամական հակասությունը Ռուսաստան-Չինաստան-Իրան առանցքի հետ միանշանակ է: Ավելին, մի հարցով, որն այդ զորեղ ուժերի համար անվտանգային, անգամ լինել-չլինելու հարցեր են լուծվում: Իսկ դա նշանակում է, որ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք կա նրանց մոտ Հայաստանի կամ հայ ժողովրդի հանդեպ, այսպես ասած, «նայնիմ-նայնիմ» չեն անելու. կլուծեն իրենց հարցը ցանկացած մեթոդով: Ի վերջո, աչքի առաջ է ամենապարզ օրինակը. Ուկրաինայի բացարձակ մեծամասնությունն ինչքան էլ որ մաքուր ռուսական ծագման է, բայց այնտեղ եւս Ռուսաստանը լինել-չլինելու խնդիր է լուծում, եւ հետեւանքը տեսնում ենք:
Այս իրողությունը շատ պարզ հասկանում է Ալիեւը՝ հրաժարվելով արեւմտյան հարթակում Հայաստանի հարցով ամեն մի բանակցությունից: Այս իրավիճակը սկսեց պարզ տեսնել Թբիլիսին, որ ԱՄՆ-ն նույնպիսի մի մատաղացու ոչխարի դեր էլ իրենց համար է պատրաստել, ու փորձում է ամեն կերպ դիմադրել:
Ասել, թե այս իրավիճակը չի հասկանում Նիկոլը, իհարկե, սխալ կլիներ: Թեկուզ հաշվի առնելով, որ նրան հաստատ քանիցս, այն էլ՝ շատ ավելի մանրամասնորեն ընդհանուր պատկերը բացատրվել է: Այդ թվում, կարծում ենք, Իրան կատարծ վերջին այցի ժամանակ: Ամեն դեպքում, եթե նիկոլյան լրատվությունը այդ այցի ժամանակ քննարկված հարցերին բավականին մակերեսային է մոտենում, ապա իրանական աղբյուրներից դատելով՝ հենց կոմունիկացիոն թեմաներն են եղել հիմնական առանցքը: Դա տեսանելի դարձավ նախ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հայտարարությունից, թե. «Իրանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնասաբեր է համարում Հայաստանի համար։ Օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարեւանների հետ երկրների հարաբերություններում»: Նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ իր հերթին, IRNA գործակալության փոխանցմամբ, խոսել է «Հյուսիս- հարավ» միջազգային միջանցքի կարեւորագույն նշանակության մասին: Նաեւ, որ այն կլինի իր կառավարության առաջնահերթությունների շարքում:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Իրանական կողմի այս բոլոր հայտարարությունները գործնականում նույնքան պարզ եւ թափանցիկ են, ինչպես Օ'Բրայենի ասածները: Կարճ ասած, կողմերը միանգամայն պարզ ի ցույց են դնում, թե իրականում ինչի շուրջ է ընթանում պայքարը, այդ թվում՝ հայաստանյան հարթակում, այսպես ասենք՝ «Միջին միջանցքի» (դրա բոլոր տարատեսակներով հանդերձ» եւ «Հյուսիս-Հարավի»: Եվ հենց այս ուղղությունների մեջ է, որ Նիկոլը պետք է վերջնական կողմնորոշման հասնի, այն էլ՝ արդեն ամենամոտ ժամանակներում, թերեւս արդեն մինչեւ աշնան կեսերը: Ընդ որում, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման, ընդհանուր տարածաշրջանային իրողությունները, Մերձավոր Արեւելքի ներկա զարգացումները, ուկրաինական պատերազմը եւ, վերջապես, ամերիկյան ներքին իրավիճակը: Նաեւ մեկ էական դետալ. ներքին բարդ իրավիճակից զատ, ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի՞ այն ռեալ հարվածային ուժը, որով կարող է ճանապարհ հարթել Օ'Բրայենի քարոզած միջանցքի համար: Հաշվի առնելով, որ այս տեսլականին թվարկված հակառակորդ կողմերն այդ ռեալ ուժն ունեն եւ անմիջապես տեղում:
https://iravunk.com/sim/?p=289700&l=am/