Եվրամիության արժեքային համակարգը՝ դա լավագույն բժշկությունն է. Արա Պապյան
ՆերքաղաքականՓարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել բոլորից, ովքեր վիրավորվել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ներկայացված մի տեսարանից, որը հիշեցնում է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարը։ Դա Վինչիի հայտնի ստեղծագործությունը բացման արարողության ժամանակ վերածվել էր մի տեսարանի, որտեղ ԼԳԲՏ համայքից դիջեյ եւ պրոդյուսեր Բարբարա Բուտչն էր իր կողքը հավաքել կիսամերկ արտիստների։ Այս տեսարանին հաջորդել է աշխարհի տարբեր կետերից հնչող պահպանողականների քննադատությունը։ Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համաժողովը ափսոսանք է հայտնել, որ ծաղրի է ենթարկվել քրիստոնեությունը։ Թե ինչպես է տեղի ունեցածին վերաբերում ԱԺԲ-ի՝ Ազգային ժողովրդական բեւեռի համահիմնադիր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ, «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից:
— Այն, ինչ տեսանք Օլիմպիադայի բացման արարողությանը, ըստ Ձեզ, սա՞ է Եվրամիության արժեքային համակարգը:
— Եվրամիության արժեքային համակարգը՝ դա լավագույն բժշկությունն է, դրանք լավ դեղերն են, բարձր կենցաղն է, լավ կրթությունն է, դրանք մաքուր փողոցներն են: Նայած թե ի՞նչ նկատի ունենք Եվրամիության արժեքային համակարգ ասելով, որպեսզի իմանանք, թե ինչի մասին է: Ես ինքս գիտեմ, որ աշխարհը ձգտում է Արեւմուտքից գնալ Եվրամիություն ապրել, այդ թվում՝ հայերը եւ հայաստանցիները: Բոլոր արդար եւ ոչ արդար միջոցներով ձգտում են Եվրամիություն գնալ: Ասում են, որ Եվրամիությունը լավ տեղ է եւ արժեքային համակարգը լավն է, բայց դատելով հարցից՝ ենթադրվում է նաեւ, որ ԵՄ-ում ինչ-որ բաներ կան, որոնք վատ են եւ պետք է ասել, որպեսզի իմանանք, թե ինչի՞ մասին է խոսքը:
— Օլիմպիական խաղերի բացման արարողության շոուն քրիստոնեության հանդեպ բացահայտ ծաղր էր եւ այլասերության քարոզ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:
— Ինքս որքանով տեղյակ եմ եւ դատելով տարբեր հրապարակումներից՝ գիտեմ, որ այդտեղ ինչ-որ աստվածների խնջույք է եղել պատկերված, որը կապ չունի քրիստոնեության հետ: Խոսքն այստեղ վերջին ընթրիքին չի վերաբերում, այլ՝ վերաբերում է հեթանոսական աստվածների վարքին, որը առասպելական բեմականացում է: Այստեղ ինչ-որ վատ կամ լավ բան չեմ տեսնում: Դա բացում էր, պարզապես մի ներկայացում, որը մարդկանցից ոմանց դուրը կգա, իսկ ոմանց դուրը չի գա: Եթե քրիստոնեական արժեքների մասին են խոսում, ապա ինձ թվում է, որ ժողովուրդը պետք է առավել անհանգստանա այն մասով, որ Հայաստանի ներկա իշխանությունները սկսել են բուռն պայքար քրիստոնեական Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Ոչ թե հոգեւորականների դեմ, այլ հաստատության եւ արժեքային համակարգի դեմ: Ինձ թվում է՝ մեր աչքի գերանը թողած՝ պետք չէ ընկնել ուրիշի աչքի չոփի հետեւից:
— Աչքի չո՞փ է ընդամենն այն, որ քրիստոնեությունն է ծաղրվում Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մեր մարզիկները:
— Իհարկե՝ ո՛չ: Դա քրիստոնեության հետ կապ չունի: Կրկնում եմ՝ դա հեթանոսական աստվածների գինարբուքի պատկեր էր: Օրինակ` Վերածննդի շրջանի բազմաթիվ նման կտավներ կան, կան նաեւ տարբեր պատկերներ: Ի՞նչ կապ ունի դա քրիստոնեության հետ: Ոչ մի կապ չունեցող բան է: Դա պարզապես սովորական քայլ է պրոպագանդիստական, որն օգտագործում են: Նորից եմ շեշտում՝ քրիստոնեությունը կապ կարող էր ունենալ՝ եթե պարզ լիներ հստակորեն, որ ինչ ներկայացվում էր, կապ ուներ քրիստոնեական իրադարձությունների կամ արժեքների հետ: Դրա մասին չէ խոսքը: Մասնագետները գրում են, որ դա հեթանոսական աստվածներին վերաբերող մաս է եղել:
— Պարոն Պապյան, որոշ քաղաքական ուժերի ԵՄ անդամակցման նախագիծ ներկայացնելու վերաբերյալ ստորագրահավաք նախաձեռնելու մտադրության մասին ի՞նչ կասեք:
— Նայած թե ի՞նչ ձեւակերպում է լինելու: Եթե ձեւակերպումը լինելու է՝ արդյո՞ք համաձայն ենք, որպեսզի ՀՀ Սահմանադրությունը սկսվի հետեւյալ տողերով եւ գրվի. «Հայ ժողովուրդը ցանկանալով միանալ այդ եվրոպական անդամակցությանը…» եւ որի մեջ հղում չի կատարվելու Անկախության հռչակագրին, ապա դեմ եմ, քանի որ, դա պարզապես մեթոդ է, որպեսզի ի կատար ածվի Ալիեւի հրահանգը: Այն է՝ հղումը Սահմանադրությունից փոխվի Անկախության հռչակագրի վրա, քանի որ դա ուղղակիորեն հղում է, ապա չես կարող հանել եւ պետք է արվի հանրաքվեով: Կարող է դա արվել նաեւ խորամանկ կերպով, որտեղ Եվրամիության անդամակցության հարցը դրվի, եւ դուրս բերվի հղումը: Մինչդեռ եթե հարցը հետեւյալ կերպ դրվի՝ թե արդյո՞ք համաձայն եք, որ առկա նախաբանին ավելացվի ի լրումն դրա մեկ տող, օրինակ՝ «Հայ ժողովուրդն ուզում է իր ապագան տեսնել Եվրամիության մեջ», ապա այդ դեպքում համաձայն կլինեմ: Կախված է մանրամասներից: Այդ մանրամասները չեն հստակեցվում, բայց դատելով ադրբեջանական կողմի հայտարարություններից՝ մեծ մտահոգությունների եւ կասկածների տեղիք կա:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=289624&l=am/