Վիճաբանություն՝ զինվորական կացարանի հրդեհի գործով հանդես եկող դատախազի ու զոհերի ծնողների միջև. նիստն ընդհատվել է
ՊատահարԳեղարքունիքի մարզի Սևանի նստավայրում շարունակվել է Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինվորի մահվան դեպքի դատական գործի քննությունը:
Հերթական նիստն ընդմիջվել է, քանի որ գործով դատախազի ու զոհվածների ծնողների, նրանց փաստաբանի միջև վիճաբանություն է սկսվել:
Փաստաբան Նորայր Նորիկյանը դատարանում հայտարարել է, թե նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել, ըստ նրա՝ անգամ դեպքի վայրի պատշաճ զննությունը զոհվածների ծնողներն են անցկացրել, օրինակ, վկաներից մեկի հեռախոսն են դեպքի վայրում գտել և ուսումնասիրել։
Այս հայտարարությունը դատախազների վրդովմունքի պատճառ է դարձել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն, այնուհետ՝ կրքերը հանդարտեցնելու համար նիստն ընդմիջվել է:
Նշենք՝ դատարանն անցել է գործով վկաների հարցաքննությանը։
Հիշեցնենք՝ Ազատ գյուղի կացարանում հրդեհը տեղի էր ունեցել 2022-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը: Այնուհետև պարզ դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, կացարանում հրդեհը բռնկվել է կապիտանի կողմից բենզինը վառարանը լցնելու հետևանքով։
https://iravunk.com/sim/?p=289573&l=am/