Ե՞րբ է դատապարտելու Օլիմպիադայի բացման այլասերվածության քարոզը. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՄեզ չեն դադարում զարմացնել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Տ. ԲԱԳՐԱՏ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ արտահայտած մտքերը: Նա հոդվածով է հանդես եկել եւ ընդգծել. «Ես պայման եմ դրել. այն քաղաքական միավորները, որոնք դատապարտել են հունիսի 12-ը, նրանց հետ են մեր հարաբերությունները: Ովքեր չեն դատապարտել, այս ժողովրդի հետ կապ չունեն։ Նույնը վերաբերում է անհատներին։ Սա պարզապես այս դրվագին վերաբերող մի մոտեցում չէ։ Սա բխում է հասարակության եւ նրա շարժիչ ուժերի վերաբերյալ իմ խորքային պատկերացումներից»: Այո՛, սրբազանը ճիշտ է, քաղաքական միավորները պարտավոր էին դատապարտել տեղի ունեցածը, եւ շատերը դատապարտել են: Բայց մի՞թե դրանից առաջ նախ չպետք է պայման դնել, որ դատապարտեն 2018-ի իշխանազավթումն ու ներողություն խնդրեն նրանք, ովքեր սատարել են այդ իշխանազավթմանը, իսկ հիմա հայտնվել են հրեշտակի դեմքով ընդդիմադիր դաշտում: Իսկ դրանից հետո՝ 44- օրյա պատերազմի եւ Արցախի հետեւանքների համար արդյոք ավելի հնչեղ ու բարձր չպետք է լիներ դատապարտումը, իսկ դրանից հետո՝ տեղի ունեցած շարժումների ժամանակ, որտեղ եղել են էլի բերման ենթարկվածներ, ծեծված-տուժածներ, ինչո՞ւ այդ ամենը մոռացվեց, եւ շեշտը դրվեց միայն այս վերջին դրվագի վրա: Եվ, վերջիվերջո, իսկ Բագրատ սրբազանը ե՞րբ է դատապարտելու Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ այլասերվածության քարոզն ու քրիստոնեության հանդեպ ծաղրը, Երեւանում ԼԳԲՏ-ական ակցիաներ անելու փորձերն ու աղանդավորության ագեսիվ ակտիվությունը մեր երկրում:
Իսկական «Դժբախտ երջանկություն» է այն, ինչ ասել է Կենտրոնական բանկի նախագահ ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ: Նա աչքալուսանք է տվել, թե. «Պետության տեսանկյունից պարտք վերցնելը դառնում է ավելի էժան, ինչը մեր գործընկերների համար, երեւի թե, դրական նորություն է»: Ու այսպես էժանությամբ ոգեւորված՝ ՀՀ պետական պարտքը հասել է 12 միլիարդ դոլարի: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանն ու այստեղ մի հատ՝ ցը՛մփ… ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձանագրում է. «ՀՀ կառավարության անխոնջ ու ազգափրկիչ գործունեության արդյունքում ՀՀ պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը: Եթե բաժանենք բնակչության թվի վրա, պարտքի յուրաքանչյուրիս բաժինը 4 հազար դոլարից ավելի է։ Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել»: Հիմա հարց՝ ԿԲ նախագահն ի՞նչ է ծխում, որ այս ամենի մեջ դրական բան է տեսնում:
Իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ ԱԼԻ ԽԱՄԵՆԵԻՆ հերթական անգամ զարմացրել է՝ հանդես գալով հայաստանյան իշխանություններից շատ ավելի հայամետ դիրքերից: Նա, վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, ընդգծել է. «ԻԻՀ-ն Զանգեզուրի ճանապարհն ի վնաս Հայաստանի է համարում եւ հաստատակամ է իր այս դիրքորոշման մեջ…»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն արձանագրում է. «Մեր ամոթը՝ Իրանը մեր մասին ավելի շատ է մտածում, քան` մենք: Մահմեդական Իրանի ղեկավարը շատ լավ պատկերացնում է, թե ի՛նչ աղետալի հետևանքներ են ունենալու, նախ՝ Հայաստանի եւ հայության համար մահմեդական Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից առաջ մղվող «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը... Իսկ հայաստանյան, մեծ մասամբ քաղաքականապես տգետ հասարակությունը, չի էլ պատկերացնում, թե ֆեստիվառների եւ իշխանական փարթիների միջոցով հասարակության ուշադրությունը շեղելով` կապիտուլյանտ Նիկոլն ու իր թայֆան ի՛նչ աղետներ են բերելու Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին...»:
Զարմացած է «Իրավունք»-ը
https://iravunk.com/sim/?p=289514&l=am/