Խառակիրի սակուրայո՞վ, թե՞ Ավինյանը մի բան գիտի…

Վերլուծություն

Մինչ ներքաղաքական դաշտում կիսարձակուրդային տրամադրություններ են` սկսած հիմա էլ Դիլիջանի ոլորաններում «հեծանիվի ցավը» հաղթահարող Նիկոլ Փաշինյանից մինչեւ եվրոպաներում դեգերող կարկառուն ընդդիմադիրներ, որոշել է դաշտը պարապ չթողնել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ասել, թե ուներ աշխատանքի փայլուն արդյունքներ, որ մի հատ էլ պետք էր ամփոփ ներկայացներ հանրությանը, իհարկե, զավեշտալի կլինի` երեւանյան փոսերի, չորացած ծառերի, տրանսպորտի խայտառակ վիճակի ֆոնին: Հետեւապես, հարց է ծագում` ինչի՞ն էր պետք ասուլիս հրավիրել հիմա. սա Ավինյանի «Հրաժեշտի գազե՞լն» էր հնարավոր պաշտոնանկությունից առաջ, թե՞ Նիկոլ Փաշինյանին հերթական զգուշացումը, որ ինքն էլ պակաս վարչապետի թեկնածու չէ, եթե ինչ-որ փուլում վերջինիս փոխելու անհրաժեշտություն լինի: Ակնհայտ է, որ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ավինյանը, ընդդիմությանն անդրադառնալով, փորձեց Նիկոլից ավելի Նիկոլ լինել ու թելեց նույն թելը` տպավորություն թողնելով, որ շարունակում է հավատարիմ մնալ Փաշինյանին: Բայց մյուս կողմից տվեց կոնկրետ հարվածներ անձամբ Փաշինյան Նիկոլին ու հարազատ ՔՊ-ականներին` փորձելով տարանջատվել նրանցից: Այդ թվում նա Երեւանի ավագանու իշխող խմբակցությանը մեսիջ հղեց, որ չփորձեն ինչպես Հայկ Մարությանի դեպքում եղավ, թիկունից հարվածել ու դավաճանել: Չէ՞ որ, ինչպես այսօր Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը` Տիգրան Ավինյանին, այնպես էլ Երեւանի նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Հայկ Մարությանին էր լայն ժպտում ու թեւութիկունք կանգնում: Իսկ վերջում պարզվեց, որ հենց Մարությանի քթի տակ իրեն փոխարինում էին յուր տեղակալով: Ընդ որում` այս մասին մենք չէ, որ արձանագրում ենք, այլ հենց ինքը` Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է ասել իր «Քաղաքապետը» մոնոներկայացման մեջ:

ԻՄՊԻՉՄԵՆԹ՝ ՉՈՐԱՑԱԾ ԾԱՌԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Հատկանշական է այն, որ Տիգրան Ավինյանն էլ ոչ վաղ անցյալի պատմության կրկնությունը չբացառեց: Ասուլիսի ժամանակ հարցին, թե` ասում են, որ թիմում կան մարդիկ, որոնք իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում անցանկալի են համարում եւ նույնիսկ նշվում է, որ արշավ է իր դեմ իրականացվում քաղաքապետարանում. Արմեն Փամբուխչյանը «ռեվիզորի» կարգավիճակում է եւ վերահսկում է իրեն, Ավինյանը չհերքեց: Նա փորձեց ակնարկել, որ ՔՊ-ում մեջներից «հրեշտակն» ինքն է` վստահեցնելով, թե իր քաղաքական գործունեության ընթացքում կուլիսային, ներթիմային ինտրիգների մեջ փորձել է հնարավորինս չմտնել եւ չարձագանքել. «Փորձել եմ հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե որդեգրել ենք։ Ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ չգիտեմ՝ նման գործընթաց կա՞, թե՝ ոչ։ Եթե կա, ես կարող եմ ասել, որ ցավակցում եմ այդ մարդկանց, քանի որ իրենք չեն հաջողելու ինտրիգների եւ մուտիտների՝ իրենց դաշտում։ Չեմ բացառում, որ առհասարակ չկա նմանատիպ գործընթացը։ Ինչ վերաբերում է Արմեն Փամբուխչյանին, ես նրան ինքս իմ չափ վստահում եմ»։ Թերեւս, այսքանով ամեն ինչ ասված է` Տիգրան Ավինյանը հասկացնել տվեց ՔՊ–ականներին, որ իրենից Հայկ Մարությանի պես հեշտ չեն ազատվելու: Էլ չասենք, որ տողատակերով նաեւ բշտեց ամբողջ ՔՊ վերնախավին` Փաշինյանի գլխավորությամբ, ի ցույց դնելով, որ միայն ինքն է փորձում հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք ի սկզբանե որդեգրել էին բոլորով: Սրանով կանխե՞ց, թե՞ ավելի սրեց իր պաշտոնանկության հարցը Ավինյանը` կերեւա աշնանը: Բայց պարզորոշ է, որ ասուլիսը ո՛չ երեւանցու համար էր, ո՛չ լրագրողների, ո՛չ էլ, առավել եւս, երեւանյան տապին ջուր աղերսող չորացող ծառերի, այլ սեփական թիմին ատամ ցույց տալու, թե` տղաներ եւ աղջիկներ, «պալիտ եք եղել», տեղյակ եմ, թե ինչ դավեր եք նյութում իմ թիկունքում: Այնպես որ, Տիգրան Ավինյանը հայտ է ներկայացնում դառնալ աշնանային սպասվող քաղաքական գործընթացներում Նիկոլ Փաշինյանի առնվազն թիվ մեկ գլխացավանքը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ «ԴԻՎԵՐՍԻԱ»` ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Այս շրջանում, երբ ՔՊ վերին ու ստորին օղակներում էլ չգիտեն` ինչպես փառաբանեն Եվրամիությանն ու փող «քերեն»` վստահեցնելով, որ հիմա–հիմա Ռուսաստանից ճամփելու ենք ու գանք, մտնենք Եվրամիություն, Տիգրան Ավինյանն իր ասուլիսում եվրոպական «դիվերսիա» իրականացրեց ֆրանսիական «Վիոլա ջրի» դեմ: Նա ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարեց, որ հեղեղատարների սպասարկման եւ շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում` պայմանավորված պայմանագրային իրողություններով։ «Այն պայմանագրային իրողություններով, որով գործում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, բավարար չափով ներդրումներ չեն իրականացվում։ Հետեւապես, առաջին բանը, որ առաջարկել ենք Կառավարությանը, պայմանագրային վերանայումն է, որը թույլ կտա Երեւանին եւ ընկերությանը էական ծավալներով ներդրումներ իրականացնել ջրային համակարգերում։ Իրականում, այս պրոցեսները քննարկվում են, եւ վստահ եմ, որ այս տարի լուծումներ կունենանք»,- ընդգծել է նա: Սրանով մի կողմից` «Рафик не в чем не виноват» դեմքով Ավինյանը, քաղաքային խայտառակ վիճակի հետ կապված, փաշինյանաբար ասում է, որ ինքը «թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ», մյուս կողմից` «բոչկա է գլորում» Փաշինյանի կառավարության վրա եւ ֆրանսիական ընկերության` ներկայացնելով մեկ օրինակ` ինչպիսին է լինում կառավարության եւ եվրոպացիների համագործակցությունը, իսկ այն հետեւյալն է` ամեն անձրեւից հետո սկսվում է ավտոմեքենաների, բառիս բուն իմաստով, նավարկությունը Երեւանով: Ընդ որում` սա այն ֆոնին, երբ նույն կառավարությունը, ասում են, թե Գյուղինստիտուտի մի մասնաշենք որոշել է տալ Ֆրանսիական համալսարանին, իսկ զուտ Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինիի «խաթր» ռազմական եւ հետաքննող լրագրող, մեր հայրենակից Լեո Նիկոլյանի մուտքն արգելեցին Հայաստան: Իհարկե, այս ամենը բոլորովին էլ չի նշանակում, թե Ավինյան Տիգրանը պակաս արեւմտամետ է, ճիշտ հակառակը` չի բացառվում, որ Արեւմուտքը հասկացել է, որ վաղ, թե ուշ Փաշինյան Նիկոլն իրենց «գցելու է» եւ հիմա քիչ, թե շատ մի քիչ երեւացող ՔՊ-ականները քաստինգ են անցնում, թե ով ավելի արդյունավետ ու անցնցում կարող է զբաղեցնել Փաշինյանի տեղը: Իսկ եթե «Վիոլա ջրից» Ավինյանի դժգոհությունը փորձելու են փաթեթավորել, թե` «մալադեց», ուզում է ազգայնացնել ջուրն ու ֆրանսիացիներից ազատվել, ապա մի՛ շտապեք ուրախանալ: Տեսնում ենք, թե ինչպես են աղբահանությունն իրականացնում «Սանիթեք» ընկերությունից հետո, քաղաքն ուղղակի աղբի մեջ կորած է:

ԱՎԻՆՅԱՆԻ ՊԱՀԱԾ ԵՐԵՎԱՆԻ «ՊԵՐՃԱՆՔՆ» ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն դեպքում, զարմացնում է Տիգրան Ավինյանի հաշվարկը, թե ինչից ելենելով է այդպես «դուխով» դարձել ու մտել քաղաքական խաղի մեջ: Չէ որ ինչպես փոխքաղաքապետ ու պարեկ եղած ժամանակ, այնպես էլ` որպես Երեւանի քաղաքապետ, նա տապալվել է բոլոր աշխատանքներում: Օրինակ, դժվար է պատկերացնել, որ նրան ավելի բարի աչքով պետք է նայի նույն երեւանցին: Այդ թվում` ՔՊամերձ շրջանակները, ինչպես փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով հարց է բարձրացնում. «Ընկեր Ավինյան ջան, ես ու դու քաղաքային տնտեսությունից նույն ձեւի լուրջ հասկանում ենք։ Ինձ մի բան ասա` թաղեմ Ալիեւին, ո՞նց եղավ, որ քո հարգարժան վախտ Երեւանում լույսը, գազը ու կանալիզացիան սկսեցին չաշխատել»: Իսկ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնում է մեկ այլ երեւանցու հարց. «Ինձ է դիմել մի քաղաքացի՝ Արմինե Հակոբյանը, ով, պարոն Ավինյան, մեկ օրվա մեջ 244 անգամ զանգահարել է քաղաքապետարանի ներքին համարով ու 244 անգամից որեւէ մեկի դեպքում «բինգո» չի բռնել, ու հեռախոսը վերցնող չի եղել։ Էդ քաղաքացուն տարիուկես է Շենգավիթի կադաստրից ուղարկում են Երեւանի քաղաքապետարան, էնտեղից էլ՝ հետ են ուղարկում քաղաքապետարան։ Ու սա էլ դեռ ողջ բարդակը չէ։ Տարբեր կադաստրներում, համայնքապետարաններում ու թուղթ պեչատող մնացած «օբյեկտներում» վեր ընկած, շիլակ արած եղունգներով, պերեկիս դրած մազերով, ֆեյք «Balenciaga»-ի տոպով ու ֆեյք «Dior»-ի բմբուլի չստիկով, «հաշմանդամին»՝ «հաշվանթամ» ասող տգետ տիկնայք խայտառակ կոպիտ, գռեհիկ, լկտի արհամարհանքով են խոսում քաղաքացիների հետ ու կապ չունի՝ իր դիմաց 80-ամյա տարեց է, թե՝ որդեկորույս մայր»: Մեկ ուրիշ քաղաքացի` Աշոտ Դալլաքյան անունով, սոցցանցում բողոքում է, թե Տիգրան Ավինյանին դիմել է` երթեւեկությունը կարգավորելու եւ ճանապարհներից մահերը վերացնելու համար. «Օրը մեկ զոհ ենք տալիս ճանապարհներին, որի պատասխանատվությունը նաեւ իր վրա էԴուք մի կարծեք ես պիտի լռեմ, պիտի աշտարակների վրայից գոռամ, որ այս կառավարությունը գժերի ու ստահակների միություն է, սպանում են մարդկանց, թալանում…»: Անդրադառնանք նաեւ տրանսպորտին. նկատեցինք Վիգեն Սաֆարյան անուն-ազգանունով քաղաքացու դիտարկումը. «Ավինյան Տիկոյի քաղաքային տրանսպորտի քաղաքակիրթ վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղեւորի վրա եւ ծեծում…»: Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, Ավինյանի պատասխանն ասուլիսի ժամանակ, կրկին վրդովվեցրել է քաղաքացիներին: «Նոր համակարգն ամբողջապես նոր տրամաբանություն ունի, այն մարդիկ, որոնք ավելի շատ են օգտվում տրանսպորտից, իրենց համար գուցե ավելի էժան լինի, իսկ ավելի քիչ օգտվողների համար կարող է ավելի թանկ լինել», - ասում է նա: Իսկ քաղաքացի Անահիտ Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում արձանագրում է. «Այսինքն՝ ըստ Ավինյանի տրամաբանության, թոշակառուները ավելի թանկ պիտի վճարեն տրանսպորտի համար, քան ամեն օր աշխատանքի գնացողնե՞րը»: Այսքանից հետո` փաստացի ստացվում է, որ աշնանը Ավինյանն արդեն բացահայտ Փաշինյանի դեմ դուրս գալով, կամ` Փաշինյանը նրա դեմ, տեղի կունենա կա՛մ «քաղաքական ինքնախառակիրի», որից հետո Ավինյանին էլ քաղաքական արենայում չենք տեսնի, կա՛մ` իսկապես, Ավինյանին դրսից երաշխիքներ ու «դուխ» են տվել, եւ Նիկոլը հիմա էլ ստիպված է լինելու հաղթահարել աթոռից զրկվելու ցավը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=289128&l=am/
ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ