Հայաստանը Եվրամիության անդամ երբեք չի դառնալու. Արմեն Բադալյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:
— Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելուն, ասաց, թե մարդիկ հարց են տալու՝ պատրա՞ստ է արդյոք ԵՄ-ն, ինչի պատասխանն ինքը չունի: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
— Պարզապես, ավելորդ փող ծախսելու իմաստ չկա, որովհետեւ Հայաստանը Եվրամիության անդամ երբեք չի դառնալու: Դրա համար էլ հանրաքվեն նույնիսկ տեղի է ունենալու ոչ թե նրա համար, որ մտնում են Եվրամիություն, ցանկանում են կամ չեն ցանկանում, այլ դրա անվան տակ փորձելու են իշխանությունները, ժողովրդական լեզվով ասած, «սղացնել» մի քանի այլ հարցեր: Այս պահի դրությամբ դեռեւս իրենք չգիտեն` այդ հարցերը կարո՞ղ են «սղացնել», թե՝ ոչ: Դրա համար Եվրամիության անդամակցության այդ հանրաքվեին հասցնելն են «սղացնում»: Հենց հասցնեն՝ հանրաքվեն կդնեն: Եթե տեսնում են, որ չեն կարողանում «սղացնեն» դրա անվան տակ, ուրեմն` չեն դնի, քանի որ Եվրամիությանն անդամակցության հանրաքվեն ընդամենը, պայմանական ասած, թերթի կամ ինչ-որ մի լրատվականի էն լավ վերնագիրն է, որոնք կարդում են, բայց շատ դեպքերում անգամ ուշադրություն էլ չեն դարձնում, թե բովանդակությունն ի՞նչ է: Իսկ բովանդակությունը հենց այն մի քանի հարցերն են, որ, օրինակ, Ադրբեջանի պահանջով Սահմանադրության փոփոխությունները, որոնք կարող են նաեւ դրա հետ միասին փորձել անցկացնել հանրաքվեի միջոցով կլինեն: Այս պահի դրությամբ, ինչպես տեսնում ենք, նրանք, երեւի թե, ունեն տեղեկություններ իշխանություններից իրենց ծառայությունների միջոցով այն մասին, որ Հայաստանի բնակչությունը կտրուկ դեմ է Ադրբեջանի կողմից պարտադրված Սահմանադրական փոփոխություններին, եւ հանրաքվեով չի անցնելու այդ Սահմանադրական բարեփոխում կոչեցյալը, իսկ իրականում` Ադրբեջանի պահանջած այդ տարբերակը: Դրա համար էլ Եվրամիության հանրաքվեի հարցը կա՛մ հետաձգում են, կա՛մ օրակարգից հանում են եւ այլն: Սա է ամբողջ գործընթացը: Հասարակությունը կպահանջի, թե չի պահանջի Եվրամիությունից՝ ոչ ոք ոչ սպասում է, ոչ էլ սպասելու է:
— Եթե անգամ պատկերացնենք, որ կանցկացվի հանրաքվե, եւ գրված կլինի Եվրամիությո՞ւն, թե՞ Միութենական պետություն, ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ քաղաքացին:
— Ոչ մի հանրաքվե այդ սկզբունքով չի դրվելու՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Միութենական պետություն: Դրվելու է՝ դու կո՞ղմ ես, որ Ադրբեջանի կողմից պարտադրված սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, թե` ոչ, որովհետեւ Եվրամիության կամ Միութենական պետության միջեւ հարցերը չեն դրվելու շրջանառության մեջ: Ընդամենը դա վերնագիր է, որի տակ ով ուզում է, «սղացնում է» լրիվ այլ հարցեր: Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ «սղացնելու» հնարավորություն չկա՝ դրա համար անում են: Որեւէ Արեւմուտք, Արեւելք, Ռուսաստան կամ Եվրոպա ընտրության հարց ոչ մի կերպ չի դրվելու, եւ այդ հարցին ոչ ոք էլ չի պատասխանելու: Այստեղ հիմնական խնդիրն ընդամենը դրա անվան տակ ամեն հարց «սղացնելն» է: Սրանք առավել պրագմատիկ են, քան ինչ-որ հարցումներ անելը, եւ հասարակությունը չի պատասխանելու այդ հարցերին, քանի որ մարդկանց մոտ այսօրվա դրությամբ այլ տրամադրություններ են: Կարծում եմ` հասարակությանը այնքան էլ չի հուզում այդ հարցը, քանի որ դրա տակ դրվելու է Ադրբեջանի Սահմանադրությունը, եւ այս իշխանությունները չունեն այնքան վարկանիշ, որ կարողանան իրենց հնարավորությունների միջոցով այդ հանրաքվեն անցկացնել: Այս պահի դրությամբ այդ է վիճակը, իսկ թե հետո ինչ կլինի՝ արդեն չգիտեմ:
— Անդրադառնանք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը. կարելի՞ է համարել, որ այն չհաջողեց, թե՞ դեռեւս հույսեր հնարավոր է կապել: Ի վերջո, նոր քաղաքական զարգացումներ կլինե՞ն աշնանը, թե՞ մինչեւ 2026 թվականը Նիկոլ Փաշինյանը շարունակելու է պաշտոնավարել։
— Նախ Բագրատ սրբազանի շարժման համապատասխան լինել կամ չլինելու մասին մեկ չափորոշիչ կա՝ այդ ամենն իր նպատակին հասե՞լ է, թե` ոչ: Նպատակն իշխանափոխությունն է, հասե՞լ է իշխանափոխության: Ո՛չ: Ուրեմն` շարժումն անհաջողության է մատնվել: Սա առաջին, երկրորդը՝ աշնանն ի՞նչ տեղի կունենա, չեմ կարող ասել: Եթե փոխեցին իրենց ռազմավարությունը՝ միգուցե հաջողություն ունենան: Եթե նույն այս ճանապարհով են գնալու, նույն արդյունքն են գրանցելու: Երրորդ, ի՞նչ կլինի մինչեւ 2026 թվականը՝ ոչ ոք ոչինչ չի կարող ասել: Հնարավոր է, որ գնանք մինչեւ 2026 թվական, որտեղ տեղի կունենան հերթական խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների ժամանակ իշխանությունը կամ պրոիշխանական բլոկը՝ միշտ հաղթող է դուրս գալիս: Հաշվի առնելով, որ նաեւ արեւմտյան ազդեցությունը Հայաստանի քաղաքական դաշտի վրա բավականին մեծ է (նաեւ լրատվական դաշտում), ապա ենթադրում եմ, որ եթե այսպես տենդենցը գնա, ապա 2026 թվականին Հայաստանի խորհրդարանը կընկնի պրոարեւմտյան ուժերի ղեկավարման խորհրդի ազդեցության տակ: Ընդհանուր պրոարեւմտյան դաշինքն այնտեղ կլինի որպես գերիշխող:
— Ձեզ համար պա՞րզ է, օրինակ, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի հետ կապված՝ Բագրատ սրբազանի շարժումն ինչպիսի՞ դիրքորոշում ունի։
— Ասել են, որ իրենք չեն ընդունում սահմանագծում եւ սահմանազատում, քանի որ սա սահմանագծում եւ սահմանազատում չէ, այլ Ադրբեջանի պահանջների կատարում է: Ադրբեջանը պահանջեց գյուղեր, ստացավ գյուղեր: Այնպես որ, թող ոչ մի սահմանագծում, սահմանազատում եւ այլ գործընթաց էլ չասեն: Իսկ ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, այս շարժման ղեկավարները, կարծում եմ, որ կողմ են խաղաղությանը, բայց ոչ կապիտուլյացիային, իսկ այժմ նման գործընթաց է տեղի ունենում:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=289029&l=am/