Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելու
ՎերլուծությունՉար լեզուներն ասում են, թե միայն անկարողությամբ չէ պայմանավորված այն, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալվել է բոլոր ոլորտներում՝ սկսած աղբահանությունից մինչեւ տրանսպորտ, կանաչապատումից մինչեւ խայտառակ շինթույլտվություններ: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների` Ավինյան Տիգրանին փոխքաղաքապետ Փամբուխչյան Արմենով փոխարինելու Նիկոլ Փաշինյանի ծրագիրը շարունակում է մնալ օրակարգում: Բայց ինչպես ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում, այս դեպքում՝ մանդատները: Մնում է միայն բավարարի անհրաժեշտ քանակի մանդատ՝ Ավինյանին հեռացնելու համար:
Խնդիրն այն է, որ Երեւանի ավագանիում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չունի կայուն մեծամասնություն՝ անգամ կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» խմբակցության հետ: Էլ չասենք, որ տարօրինակ սիրավեպ է ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության միջեւ. քաղաքապետարանում գրեթե ԶԱԳՍ-ով դաշինքավորված են, մինչդեռ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենիչը (Սարգսյան) լրագրողների հետ զրույցում ասում է. «Այս իշխանության տնտեսական քաղաքականությունը զրո է, ոչնչով չի տարբերվում Ռոբերտ Քոչարյանի վարած տնտեսական քաղաքականությունից»: Ըստ Արամ Զավենիչի` «այն սպասարկման ոլորտի տնտեսական քաղաքականություն է՝ հյուրանոցներ ու սրճարաններ են կառուցում: Սա է Հայաստանը՝ չկա արդյունաբերություն»: Միայն թե անհասկանալի է, թե ում վրա է մուննաթ գալիս Ռոբերտ Քոչարյանի օրոք վարչապետ աշխատած, Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքային իշխանության մաս կազմող Արամ Զավենիչը: Թեպետ ամեն ինչ գրեթե ակներեւ է. մի կողմից` նա Նիկոլ Փաշինյանին զգուշացնում է, որ շատ «արխային» չընկնի իրենց մասով ու իշխանության բարիքներից գուցեեւ մասնաբաժին պահանջում, մյուս կողմից էլ, ինչպես Երեւանի ավագանու ընտրություններին, մոլորեցնում է հանրությանը, թե իրենք իբր թունդ ընդդիմադիր են, դեռ մի բան էլ Փաշինյանի վարած քաղաքականությունն են քննադատում, որ վաղը ԱԺ ընտրություններում էլի ժողովուրդը գնա ու ընտրի «Հանրապետություն» կուսակցությանը: Իսկ հետո՝ ինչպես միշտ, մի հատ էլ խորհրդարանում կդաշինքավորվեն Փաշինյանի հետ, ժողովուրդն էլ կրկին կզարմանա ու կապշի վերստին` կարծես, զգուշացնող չի էլ եղել:
Ինչեւէ, վերադառնանք Ավինյանին Փամբուխչյանով փոխարինելու փաշինյանական օրակարգին. ըստ էության, եթե անգամ Ավինյանին քաղաքապետ ընտրելու համար էր պակասում ավագանու մի քանի մանդատ, էլ ավելի ծանր է լինելու իրավիճակը Փամբուխչյանի դեպքում: Հանկարծ, եթե ՔՊ-ական ավագանու շարքերում էլ գտնվեն Ավինյանին իրենց մանդատից ավելի շատ սիրողներ, ընդհանրապես գործը գլուխ չի գա: Դրա համար էլ արդեն հիմա իշխանությունը փորձում է ընդդիմադիր խմբակցությունից ավագանի իրենցով անել: Դե դրա փորձն ունեն, որոշ ընդդիմադիրներ էլ` թանկով ծախվելու սովորություն: Կհաջողվի այս օպերացիան իրականացնել, թե՝ ոչ, կերեւա աշնանը, բայց այն, որ խնդիր է դրված` Ավինյանից ազատվելու, տեղյակ է նաեւ հենց ինքը, դրա համար էլ առաջվա Ավինյանի «ասեք, կանենք»-ն էլ չի գործում, հիմա նոր, դեռ չգաղտնազերծված կարգախոս ունի՝ «ինչ ցանել եք, էն էլ հնձեք»: Ահա թե ինչու է 2806 տարեկան մայրաքաղաքն ընկել այս օրը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=288977&l=am/