Դեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. Բալասանյան
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների նախագահական ընտրությունների շեմին, երբ մնացել է ընդամենը 107 օր, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մասնակցել ընտրապայքարին՝ հորդորելով իր փոխարեն նախագահի թեկնածու առաջադրել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
- Որքանո՞վ էր սպասելի, որ Ջո Բայդենը դուրս կգա ընտրապայքարից, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սա ընտրության շեմին:
- Իհարկե, սպասելի էր: Շատ ավելի վաղ Ջո Բայդենի ընտրարշավից դուրս գալու մասին արդեն գրում էին համաշխարհային լրատվամիջոցները: Սա նշանակում է՝ Դեմոկրատական կուսակցությունը ռեստարտ է ցանկանում անել՝ Բայդենին փոխարինելով ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսով, որը դեմոկրատ կանանց դաշինքից է: Բայց մի բան ակնհայտ է, որ Դեմոկրատական կուսակցությունում սկսել են հասկանալ, որ, համենայնդեպս, այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են եւ, դժվար թե, այս կարճ ժամանակահատվածում նոր թեկնածուն կարողանա շահել ամերիկացիների բարեհաճությունը եւ նորից նրանք ընտրեն դեմոկրատներին:
- Հուլիսի 15-18-ը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացած ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային համաժողովին: Կարո՞ղ ենք ասել, որ այս անգամ հայաստանյան իշխանությունը շատ արագ կողմնորոշվեց, թե ինչ է լինելու նախագահական ընտրությունների վերջնարդյունքում եւ ում հետ է պետք է աշխատել:
- Կարծում եմ՝ այստեղ իր նշանակությունն ունեցավ Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից տրամադրված տեղեկատվությունը ՀՀ կառավարությանն՝ առ այն, որ իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս Հանրապետական կուսակցության շանսերի ավելի մեծ լինելու մասին եւ դրա համար պետք է հիմա կապեր փորձել հաստատել Հանրապետականի հետ: Ի դեպ, ցանկանում եմ հիշեցնել, որ երբեք ՀՀ իշխանությունները հանրապետականների հետ առանձին չեն աշխատել: Սա եղել է նաեւ մեր հայկական լոբբիի թույլտրված սխալներից մեկը: Հայկական լոբիստական կազմակերպության գրեթե բոլոր կոնգրեսականները՝ գրեթե մի քանի հոգու բացառությամբ, եղել են դեմոկրատներ: Այնպես որ, սա նշանակալի եւ կարեւոր քայլ է: Նշանակում է, որ նաեւ իշխանությունում են սկսում հասկանալ, որ հանրապետականներն են, ամենայն հավանականությամբ, լինելու Միացյալ Նահանգների կառավարման ղեկին առաջիկա տարիների ընթացքում եւ նրանց հետ է պետք հարաբերություններ հաստատել ու դուրս չմնալ այս մեծ խաղից, որովհետեւ վստահ եմ՝ Ադրբեջանն արդեն Թրամփի հետ իր քաղաքականությունն իրականացնում է, հարաբերությունները հաստատվում են եւ կապերը սերտացվում են:
- Հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ իրականացված մահափորձից հետո՝ հա՞րթ կանցնեն ընտրությունները, թե՞ նա դեռ փշոտ ճանապարհ ունի անցնելու՝ մինչեւ կրկին նախագահական աթոռին հասնելը:
- Ակնհայտ է, որ Բայդենը չէր կազմակերպել Թրամփի դեմ մահափորձն, այլ՝ այսպես կոչված, ամերիկյան խորքային պետությունը, որոնք շահագրգռված են, որպեսզի դեմոկրատները մնան իշխանության գլուխ: Եվ այդ նույն խորքային պետության ներկայացուցիչներն են ամեն ինչ անելու են՝ Թրամփին ճանապարհից հեռացնելու համար: Լինի Միացյալ Նահանգների տարածքում, թե՝ ԱՄՆ-ի տարածքից դուրս՝ Թրամփի վրա, ամենայն հավանականությամբ, փորձելու են եւս մեկ անգամ ներգործություն ունենալ՝ այս անգամ ճանապարհից հեռացնելու համար: Դրանով է նաեւ պայմանավորված Թրամփի կողմից շատ արմատական փոխնախագահի թեկնածուի առաջադրումը, որ եթե Թրամփը հեռացվի եւ ֆիզիկապես վերացվի՝ նաեւ որպես նախագահ, փոխանախագահը կարողանա այդ արմատական գիծը շարունակել: Այնպես որ, այս պահին չեմ կարծում, թե կարող ենք շնորհավորել հանրապետականներին եւ հավատալ, որ Թրամփի հաղթանակն այդքան մոտ է: Բայց, ամեն դեպքում, հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Հանրապետականները, կարծես թե, կարող են վերցնել սպիտակ տան իշխանությունը՝ առաջիկա տարիներին:
- ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին խոսել է ուկրաինական հակամարտությունը լուծելու պատրաստակամության մասին՝ մասնավորապես նշելով, որ ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո՝ կկարգավորի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այդ սարսափելի պատերազմը: Սա նախընտրական ուրճացված խոստո՞ւմ է, թե՞, այնուհանդերձ, նրան կհաջողվի , հատկապես, որ վստահաբար պնդում է, թե թույլ չի տա, որ լինի Երրորդ համաշխարհային պատերազմ:
- Ըստ էության, Թրամփը կփորձի սա անել, սակայն ինչքանով կհաջողվի, մենք կտեսնենք առաջիկայում: Նշեմ, որ այսպես ասած՝ խորքային պետության անբաժանելի մաս են կազմում այն ռազմաաարդյունաբերության ներկայացուցիչները, ովքեր այս օրերին հսկայական, միլիարդավոր դոլարներ են աշխատում երկու ուղղղութամբ: Առաջինը՝ ուղիղ Ուկրաինա զենք առաքելով եւ երկորդր՝ Եվրոպական միության պահեստներն ամայացնելով ու ստիպելով եվրոպացիներին՝ ռազմական պատվերներ իջեցնել կրկին Միացյալ Նահանգների ռազմական գործարաններում: Հետեւաբար, Դեմոկրատական կուսակցության իշխանության մնալը խորքային պետության համար գերակա շահ է եւ նաեւ ռազմարդյունաբերության ներկայացուցիչների համար: Այնպես որ, Թրամփին դժվար է լինելու լինելու կանգնեցնել այդ պատերազմը: Այս առումով նա ունի մի ճանապարհ՝ կտրել Ուկրաինային հատկացվող ֆինանսավորումը եւ նաեւ սանձել Եվրոպական միությունում, այսպես կոչված, պատերազմի կուսակցության ներկայացուցիչներին՝ Ժոզեպ Բորելի եւ Ուրսուլա Ֆոնդերլայնի գլխավորությամբ: Եթե Թրամփը սա կարողացավ անել, իրեն կհաջողվի կանգնեցնել պատերազմն Ուկրաինայում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=288857&l=am/