Սա միայն ՍԱՏՄ խնդիրը չէ. Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը Ռոսսելխոզնադզորի որոշման մասին
ՀանդիպումԱռիթ ունեցել ենք անդրադառնալու այն փաստին, Ռոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը Ռուսաստան։ Ռուսաստանի սննդի անվտանգության ծառայությունը նամակ է հղել ՀՀ սննդի անվտանգության տեսչության պետին՝ տեղեկացնելով, որ հուլիսի 15-ից Ռուսաստանը չի ընդունելու հայկական պտուղ-բանջարեղեն: Նշվում է՝ հայկական պտուղ-բանջարեղենի մեջ պեստիցիդների առկայությունը բարձր է եղել: Սա ինչի մասին է վկայում եւ ինչ հետեւանքներ է ենթադրում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ գյուղատնտեսության նախկին փոխանախարար Աշոտ Հարությունյանից, ով նկատեց.
-Նախապես զգուշացվել է, բայց ոչ միայն հետևողական չեն եղել, այլև համապատասխան գործընթաց կա, ինչը պետք է ապահովեին, ապա համապատասխան փաստաթղթով հավաստիացնեին, որ խնդիրն արդեն չկա, ու սահմանային կետերում այդ հսկողությունը կարգավորվեր: Սա միայն ՍԱՏՄ խնդիրը չէ; Եթե ՍԱՏՄ-ն այդ պրոցեսն անմիջապես իրականացնողն է, ապա ՍԱՏՄ-ին էլ վերահսկող կա՝ Կառավարությունը։ Այսինքն՝ եթե անգամ ՍԱՏՄ-ն բաց է թողել, բա մյուս գերատեսչականնե՞րը։
Միշտ ասում ենք՝ խնդիրներ են առաջանալու որակական, չկան տեսչական մարմիններ, չկա վերահսկողություն․ նույնիսկ, եթե ընդունենք, որ փաստաթղթերով արվել է վերահսկողություն, իսկ ագրոքիմիկատների չթույլատրվող քանակությունը ո՞վ պետք է վերահսկի։ Մասնագետներ են պետք, նմուշառում, լաբորատորիաներ. համակարգի խնդիր է:
- Պարոն Հարությունյան, Էկոնոմիկայի փոխնախարար օրերս հրապարակած տվյալների, ըստ որոնց՝ 2024-ին արդեն ՀՀ-ից արտահանվել է 62 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։
-Մեծ-մեծ խոսում են, թե արտահանել են շուրջ 60 հազարից ավելի տոննա պտուղ-բանջարեղեն, բայց երբ խոսում ենք Լարսի անցակետի թողունակության խնդիրների մասին, այս և այլ հարցերի մասին, պարզ է դառնում, որ չի կարող այդքան պտուղ-բանջարեղեն արտահանվել։ Թիվ է՝ կրակում են։ Ընդ որում, նկատենք, որ ըստ իրենց տվյալների՝ անցյալ ամբողջ տարին արտահանվել է շուրջ 133 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ այս տարի, երբ բերքը թույլ է, ու անգամ, եթե ծիրանի ուռճացրած թիվ են հնչեցրել, միևնույն է՝ հնարավոր չէր այդքան պտուղ-բանջարեղեն արտահանել:
Թվերի ուռճացումը պաշտոնական վիճակագրության մեջ գերազանցությամբ ներկայանալու համար է արվում, որպեսզի «ապահովվի» գյուղատնտեսության աճը, ինչը մի քանի տարի շարունակ ոչ միայն չկա, այլև ոլորտում հետընթաց է արձանագրվում։
https://iravunk.com/sim/?p=288569&l=am/