Հայաստանը, Եվրամիություն մտնելով, կկորցնի ինքնիշխանությունը. այդպես են խաղի կանոնները. Այվազյան
Ներքաղաքական«Իրավունք»-ի զրուցակիցն է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
«ԱԼԻԵՎԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԳԾԻ ՄԵՋ ՄՏՆԵԼ»
— Նախորդ շաբաթ տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը: Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիման արդյունքում, երբ Ալիեւը խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ նախ` պահանջում է ՀՀ Սահմանադրությունը փոխել:
— Միացյալ Նահանգները շարունակում է վարել քաղաքականություն՝ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանից դուրս մղելու եւ թուլացնելու առումով։ Հայաստանին, կարծես թե, իրենցով են արել, եւ մնացել է Ադրբեջանը, սակայն ինչպես տեսնում ենք, Ալիեւը դեռեւս չի շտապում նման հակառուսական գծի մեջ մտնել։ Ընդհակառակը՝ նա խորացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ադրբեջանը դիրքավորվում է նոր կառուցվող բազմաբեւեռ աշխարհի մեջ եւ տնտեսական առումով ինտեգրվում է տարբեր երկրների հետ համագործակցության ծրագրերում:
— ՄԱԿ-ում, այդուհանդերձ, մեծ հույսեր ունեն, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ հնարավոր է լինի խաղաղության գործընթաց, ինչը դրական հենք կունենա տարածաշրջանի վրա: Ինքներդ ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
— Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտը՝ շատերն էին ցանկանում լուծել։ Ռուսաստանն էլ էր ցանկանում, տարածաշրջանային այլ երկրներն էլ էին ցանկանում։ Պարզապես, Ադրբեջանը դա ցանկանում էր լուծել իր օգտին, Ռուսաստանը ցանկանում էր լուծել փոխզիջման ճանապարհով։ Ցավոք սրտի, Հայաստանի քաղաքական շրջանակները չցուցաբերեցին այնքան խորագիտություն, որպեսզի այդ ճանապարհով իրենք կարողանան գնալ, իսկ ճանապարհը մեկն էր՝ հետպատերազմյան շրջանում ընդունել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միակ իրավական հիմքը նոյեմբերի 9-ի հայտարարությունն է։ Այլ հիմք գոյություն չունի։ Դա միակ ձեւն էր` փորձելու, որ Արցախը մնա հայկական։ Ցավոք սրտի, Արեւմուտքը փայլուն օպերացիա իրականացրեց եւ Հայաստանում այդ փաստաթուղթը վարկաբեկեց՝ անվանելով այն կապիտուլյացիայի ակտ։
— Ալիեւը նշել է, որ Հայաստանի «միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»: Որքանո՞վ կարող ենք սա ամբողջական կապիտուլյացիայի առաջարկ համարել:
— Ադրբեջանն ասում է՝ Հայաստա՛ն, եթե դու Ռուսաստանի դաշնակիցն ես,ապա ես քո հետ խնդիր չեմ ունենալու, բայց եթե դու դառնաս Ռուսաստանի թշնամին, պարզ ասած՝ Երեւանն իմն է։ Ինքն այդ հաշվարկով է վարվում: Ինքը տեսնում է, որ Հայաստանը վերածվում է Ռուսաստանի թշնամու, ասում է՝ եթե այդպես է, ապա ինչի՞ պետք է, օրինակ, ավել բան չստանամ Հայաստանից, եթե մինչ այժմ ինչ ցանկացել, ստացել եմ։ Ամբողջ տրամաբանությունը սրանում է։ Եթե Հայաստանը թշնամանում է Ռուսաստանի հետ, ապա Ալիեւը գտնում է, որ շատ սահմաններ ինքը կարող է եւ պետք է անցնի։ Այսինքն` ցանկացած պետություն, որն ունի սեփական ռեսուրս եւ սպասարկում է իր սեփական շահերը, ապա առաջին հնարավորության դեպքում ձգտում է ձեռք բերել ավելին, քան կարող է նա ստանալ։ Այնպես որ, այսօրվա Հայաստանի նման արտաքին քաղաքական դիրքավորումն Ալիեւը շատ լավ հաշվում է եւ գտնում է, որ ինքը կարող է ավելին ստանալ։
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՈՉ ՄԻ ԿԵՐՊՈՎ ՄԵԶ ՉԻ ՕԳՆԻ»
— Այս ամենն հաշվի առնելով՝ արդյո՞ք Հայաստանը չի կարող, միջազգային իրավունքի տեսակետից, առաջ տանել իր ազգային շահերը:
— Միջազգային իրավունքի տեսանկյունից` Արցախը հայտնվեց Ադրբեջանի կազմում։ Ի դեպ, Ռուսաստանի նախագահն այդ մասին պատերազմից հետո ասել է։ Վ. Պուտինն ասաց, որ միջազգային իրավական տեսանկյունից՝ Արցախը Ադրբեջան է։ Այսինքն` ի՞նչ է նա ասում դրանով։ Եթե դուք գնաք միջազգային իրավունքով եւ փորձեք Արցախ պահել, ապա չեք կարողանալու, քանի որ միջազգային իրավունքի սուբյեկտները, միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմում, բայց ՌԴ նախագահն ընդգծեց՝ հայե՛ր, եթե դուք համարում եք, որ Արցախն ունի ինչ-որ առանձնահատկություն, ես պատրաստ եմ, որպես միջնորդ, քննարկել ձեզ հետ։ Միակ պետությունն էր, ով, չնայած միջազգային իրավունքի տեսանկյունից` բոլորն Արցախը Ադրբեջանի մաս էին համարում, Ռուսաստանն այդ վերապահումն արեց, բայց Հայաստանը դա չգնահատեց եւ ընդհակառակը՝ չօգտվեց այդ հնարավորությունից։ Հետեւաբար, միջազգային իրավունքը ոչ մի կերպով մեզ չի օգնի։ Հատկապես այսօրվա միաբեւեռ աշխարհի պայմաններում: Երբ դեռեւս մինչեւ վերջ միաբեւեռ աշխարհը չի վերացել, եւ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները, ըստ էության, միջազգային իրավունքը հարմարեցրել են իրենց, այս պարագայում հույս ունենալ, որ միջազգային իրավունքը կաշխատի մեր օգտին՝ դժվար թե։
— Այս ընթացքում քննարկվում է նաեւ Եվրամիություն մտնելու հարցով հանրաքվե անել կամ չանելու հարցը: Ինքներդ որքանո՞վ եք իրատեսական համարում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցը:
— Եվրամիություն մտնելը, բնականաբար, իրատեսական չեմ համարում, քանի որ այն չի ընդունի Հայաստանին հենց միայն այն պատճառով, որ եթե մտավ Եվրամիություն, նախ ինքը ֆինանսապես պետք է նստի Եվրամիության հարուստ պետությունների բալանսի վրա: Մինչդեռ ոչ ոք չի պատրաստվում Հայաստանի համար իր բյուջեից որեւէ չափի գումար հատկացնել։ Եվրամիություն մտնելով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, քանի որ այդպես են խաղի կանոններն այնտեղ։ Հայաստանն անկախ պետականություն կարող է ունենալ միայն այն դեպքում՝ եթե լինի բարեկամ Ռուսաստանի հետ։ Իսկ Եվրամիությունում Հայաստանը որոշումների վրա ազդեցություն ունենալ ընդհանրապես չի կարող՝ ի տարբերություն, օրինակ, ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի, որտեղ առանց Հայաստանի ձայնի, ոչ մի որոշում չի կայացվում: Այնտեղ բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Հետեւաբար, հանրաքվե անցկացնելն էլ ընդամենը խայծ է։ Միութենական պետության մասով առայժմ քննարկում չկա՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ռուսաստանում։ Այսինքն, մարդիկ որքան էլ բարձրացնում են այդ հարցը, սակայն լայն քննարկում` որպես այդպիսին, չկա։ Ժողովուրդն էլ անգամ չգիտի, թե ի՞նչ է այդ Միութենական պետությունը։ Չեմ էլ կարծում, որ Ռուսաստանն այժմ կցանկանա, որպեսզի Հայաստանը մտնի Միութենական պետություն, քանի որ առանց Վրաստանի՝ անիմաստ է Հայաստանի մտնելը։ Այսօրվա Միութենական պետությունը՝ ինքը նոր աշխարհակարգ ստեղծելու առաջնագծում է կանգնած։ Այժմ Հայաստանն այնքան թույլ վիճակում է, որ ինքը բեռ կդառնա այդ Միութենական պետության մեջ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=288484&l=am/